Դրամատիկական թատրոնի կազմը՝ դատարանում. 1in.am
Advertisement 1000 x 90

Դրամատիկական թատրոնի կազմը՝ դատարանում. 1in.am

Երևանի Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, նրա կինը՝ դերասանուհի Գոհար Իգիթյանը և դերասան Արթուր Ութմազյանը ապրիլի 18-ին հայտնվել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նրանք որպես վկա հարցաքննվում էին իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործի շրջանակներում:

Ժողովրդական արտիստներն ու արվեստի վաստակավոր գործիչները եկել էին դատարան, որպեսզի պատմեին իրենց մտերիմ կանադահայ տիկնոջ՝ 81-ամյա Արփի Մերասի անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները:

Եթե ընդհանրացնելու լինենք երեքի ցուցմունքներն էլ, ապա արտիստներն ասացին, որ իրենք վստահ են, որ Արփի Մերասը իր անշարժ գույքը վաճառելու մտադրություն չի ունեցել: Նաև նշեցին, որ Մերասը անվերապահորեն վստահել է Մարինա Պողոսյանին: Միևնույն ժամանակ, թե՛ Խանդիկյանը, թե՛ Իգիթյանը և թե՛ Ութմազյանը տեղյակ չեն եղել, որ իրենց մտերիմ Արփի Մերասը անշարժ գույքը վաճառելու լիազորագիր է տվել Մարինա Պողոսյանին, այն էլ՝ երեք անգամ, 2008, 2010 և 2012 թվականներին:

Թե Մերասն ինչու է դերասանական կազմից գաղտնի պահել լիազորագիր տալու մասին փաստը՝ դատարանում չպարզաբանցվեց: Հիշեցնենք, որ Արփի Մերասն իր ցուցմունքում նշել է, թե իր կարծիքով ինքը լիազորագիրը տվել է տունը վերանորոգելու նպատակով: Լիազորագրերի բովանդակությունը, սակայն, փաստում է, որ Արփի Մերասը սկսած 2008 թվականից Մարինա Պողոսյանին լիազորել է վաճառել բնակարանը: Ավելին, 2012 թվականին իր տված լիազորագրի ներքո Մերասը ձեռագիր ավելացրել է, որ լիազորում է Մարինա Պողոսյանին վաճառել և գրավադրել անշարժ գույքը:

Իսկ երբ 2014 թվականին Մարինա Պողոսյանը վաճառել է բնակարանը, Մերասը Կանադայից հաղորդում է ներկայացրել նրա դեմ՝ պնդելով, թե վերջինս լիազորված չի եղել վաճառելու բնակարանը: Իսկ վերոնշյալ վաստակավորների կազմը կանչվել է նախաքննական մարմին՝ ցուցմունք տալու:

Մարինա Պողոսյանը «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու նախագահն է: Կազմակերպությունը պայքարում է կոռուպցիայի դեմ՝ դատարաններում պաշտպանելով տնից զրկված քաղաքացիների իրավունքները: Հետաքրքրական է, որ այժմ դատախազությունն է Պողոսյանին մեղադրում ուրիշի անշարժ գույքը հափշտակելու մեջ:

Սույն գործով հաջորդ դատական նիստը կայանելու է ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ին:

1in.am