Տիգրան Հակոբյան. «Փորձենք տարանջատել հուզմունքն ու Հայաստանի շահերից բխող տեղեկատվական հոսքերը» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Հակոբյան. «Փորձենք տարանջատել հուզմունքն ու Հայաստանի շահերից բխող տեղեկատվական հոսքերը»

Ներկայացնում ենք հրապարակախոս Տիգրան Հակոբյանի Facebook-յան գրառումը.

«Դրոշ այրելը թուլության կամ ուժի նշան չի, ոչ թուրքերին ու նրանց երկրին է վնաս հասցնում, ոչ էլ մեզ է քաղաքական կամ բարոյական դիվիդենտներ բերում: Ոչ էլ հերոսություն կա դրա մեջ, մեր հերոսներն այսօր սանմանին են կանգնած…

Ջահել հայրենասեր տղաներ և աղջիկներ են դրոշ վառողները, թող տարին մեկ անգամ էլ այդ յուրահատուկ ֆլեշմոբով իրենց ցասումն ու ազնիվ հուզմունքներն արտահայտեն:

Այստեղ այլ խնդիր է ինձ անհանգստացնում: Պետական դրոշը տվյալ երկրի յուրաքանչյուր քաղաքացու խորհրդանիշն է, պարծանքը, հպարտությունը, սրբությունը: Կամ այդպիսին պետք է լինի: Անկախ նրանից այդ պետությունը լավն է թե վատը, մեզ թշնամի է, թե բարեկամ, այդ երկրի իշխանությունները հանցավոր են թե իդեալական: Անկախ նրանից, թե այդ պետության գլխին շողուլից ընկած բռնապետ է կանգնած, թե ժողովրդավար ղեկավար: Անկախ այդ պետության անցյալում կատարած հանցագործություններից:

Կարծում եմ, Թուրքիայի դրոշն այրելով մենք վիրավորանք ենք հասցնում առաջին հերթին Թուրքիայի տասնյակ հազարավոր այն քաղաքացիներին, որոնք խորը գիտակցում են իրենց ազգի և պետության պատմական մեղքը: Որոնք դուրս էին գալիս Ստամբուլի ու Անկարայի փողոցներ «Ես Հրանտ Դինք եմ» կարգախոսներով: Որոնք երկու օր առաջ նստած էին Գալաթասարայ հրապարակում 1915 թ. սպանված հայ մտավորականների լուսանկարներով: Այն լրագրողների և մտավորականների, որոնք քրեական հետապնդման էին ենթարկվում նույնիսկ Ցեղասպանություն բառը օգտագործելու համար, որոնք Ապրիլի 24-ին եկել էին Երևան և բարձրացել էին Ծիծեռնակաբերդ…

Իմ երկրի դրոշն այրողը իմ թշնամին է դառնում, անկախ նրանից, թե ինչու և որտեղ է այրում: Անկախ նրանից, թե ինչպես եմ վերաբերվում իմ երկրի իշխանություններին, կամ պատմությանը: Նույն զգացմունքները կարող են ունենալ նաև այդ տասնյակ հազարավոր Թուրքիայի քաղաքացիները, որոնց նշեցի: Դրոշ այրելով նաև այրում ենք այդ քաղաքացիերի հետ շփման, իրենց գործունեությունը քաջալերող կամուրջները: Ուզում եմ հավատալ, որ նրանք են ապագա Թուրքիայի կերտողներն են, այն Թուրքիայի, որը կգիտակցի իր պատմական մեղքը և ծնկաչոք ներողություն կխնդրի հայությունից:

Ասածս ինչ է: Տարին մի անգամ էլի թող դրոշ այրեն: Բայց մի գուցե պետք չի դարձնել այդ արարողությունը այս օրերի ամենակարևոր տեսասյուժեն, անվերջ «պտտել» եթերներում, դրանով պետական քաղաքականության բաղադրիչ դարձնել: Փորձենք տարանջատել հուզմունքն ու Հայաստանի շահերից բխող տեղեկատվական հոսքերը:

Կամ մի գուցե կարելի է փոխել այրելու օբյեկտը: Այրել ոչ թե պետական դրոշը, բայց ոճրագործության այլ խորհրդանիշ:

Այս ամենի շուրջ է հարկավոր մտածել, ոչ թե նոր բաժանարար գծեր ստեղծել դրոշ այրողների կողմնակիցների և քննադատողների միջև»: