Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների դեմ բողոքող դպրոցականների և լիցեիստների՝ իշխանությունների հետ չհամաձայնեցված երթն ուղեկցող ոստիկանությունը արտասվաբեր գազ է կիրառել բազմությանը հանդարտեցնելու համար: Այդ մասին հայտնել են ականատեսները:
Ի պատասխան ոստիկանության վրա նետվող շշերի ու աղբի, կարգի պահապանները, ինչպես սովորաբար արվում է, արցունքաբեր գազ են ցրել բազմության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն մի քանի հարյուր դպրոցականներ ապրիլի 27-ին Փարիզում երթի են դուրս եկել Ֆրանսիայի նախագահի երկու թեկնածուների՝ նախկին նախարար Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի դեմ:
Սովորողների բողոքի ակցիաները Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել են ապրիլի 27-ի առավոտյան, երբ ամբողջովին կամ մասամբ շրջափակվել են մի քանի ուսումնական հաստատություններ: Երիտասարդները հանդես են գալիս «Ո՛չ լե Պենը, ո՛չ Մակրոնը» կարգախոսով:
Այնուհետև երիտասարդությունն սկսել է հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղից բազմությունը շարժվել է Բաստիլի հրապարակի կողմը: Երթի ընթացքում երիտասարդներից ոմանք կոտրում են խանութների ցուցափեղկերը և այրում ծխագլանիկներ:
Երթը չի համաձայնեցվել քաղաքի իշխանությունների հետ:
Ապրիլի 26-ին OpinionWay-ի հրապարակած հարցման տվյալների համաձայն, ընտրությունների երկրորդ փուլում լե Պենի օգտին կքվեարկի ընտրողների 40 տոկոսն այն դեպքում, երբ Մակրոնի օգտին հանդես է գալիս 60 տոկոսը:
ELabe ընկերության կողմից BFMTV հեռուստաալիքի համար անցկացված հարցման տվյալների համաձայն, այն հարցին, թե իրենք գոհ են արդյոք ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներից, հաստատական պատասխան է տվել հարցման մասնակիցների 31 տոկոսը: Իսկ ֆրանսիացի ընտրողների մեծամասնությունը՝ 69 տոկոսը, դժգոհ է լե Պեն-Մակրոն զույգից որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: