Մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին ուշադրություն էր հրավիրում հայաստանյան խանութներում վաճառվող տեղական արտադրության աղի փաթեթավորման վրա: Նա նշում էր, որ թեպետ դրանց վրա գրված է «յոդացված», թափանցիկ տոպրակներում պահելու դեպքում աղը կորցնում է իր այդ հատկությունը, ինչն էլ նաև պատճառ է դառնում, որ մեր երկրում մեծ թիվ կազմեն օրգանիզմում յոդի պակասի հետևանքով առաջացող հիվանդությունները:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիայի և երկրի մասին գիտությունների բաժանմունքում չեն բացառում, որ լույսի ազդեցությունից իսկապես կարող է յոդացված աղը կորցնել իր հատկությունը:
«Ցանկացած սննդանյութի պահպանման համար կա իր համապատասխան ստանդարտը: Կասկած ունեմ, որ եթե յոդացված է այդ աղը, այսինքն` պարունակում է կալիումի յոդիտ, ապա հնարավոր է, որ պահանջվի ավելի մուգ գույնի փաթեթավորում: Բայց դա պետք է ստուգվի ըստ համապատասխան ստանդարտների»,- մեր զրույցում ասաց ԳԱԱ նշված բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը:
Ըստ գիտնականի` տեսականորեն, այո, հնարավոր է, որ կալիումի յոդիտը` յոդացում կոչվածը, լույսի ազդեցության տակ փոփոխությունների ենթարկվի և կորցնի օգտակար հատկությունները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մեր հարցին ի պատասխան փոխանցեցին Հայաստանի ստանդարտներով կերակրի աղին ներկայացվող տեխնիկական պահանջները:
Համապատասխան փաստաթղթի կետերից մեկով սահմանվում է. «Յոդացված կերակրի աղի պահման ժամանակ անհրաժեշտ է բացառել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը»:
Այդուհանդերձ, նույն ստանդարտների մեկ այլ կետից պարզ է դառնում, որ ցելոֆանե փաթեթավորումը չի արգելվում: Փաստաթղթում, մասնավորապես, կարդում ենք. «Պոլիմերային նյութերից պատրաստված տարաները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե ապրանքների տեխնիկական կանոնակարգ»-ով սահմանված պահանջներին»: