Հայտնի է, թե ովքեր են վրաերթի ենթարկված տղաները. նրանցից մեկն արդեն տանն է, ոչինչ չի հիշում. armtimes.com
Advertisement 1000 x 90

Հայտնի է, թե ովքեր են վրաերթի ենթարկված տղաները. նրանցից մեկն արդեն տանն է, ոչինչ չի հիշում. armtimes.com

Երեկ վրաերթի ենթարկված չորս տղաներից մեկն արդեն տանն է, ասում է չի հիշում, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել։

«Չհասկացա, թե ինչ պատահեց, ես լրիվ միամիտ դասի էի գնում, այդ կողմերին էլ շատ ծանոթ չեմ, այնպես չէր, որ ճանապարհի մեջտեղում էի, դրա համար շատ չեմ վնասվել կողքիս է կպել մեքենան, նույնիսկ չեմ էլ տեսել, թե ինչ մեքենա է, հետո շտապօգնությունը տարավ հիվանդանոց, էնտեղ գլխիս հատվածում կարեր դրեցին, այսօր պետք է գնամ, որ վիրակապս փոխեն»,- armtimes.com-ին ասաց երեկ վրաերթի ենթարկված 21-ամյա Ռաֆիկ Պապիկյանը, ով Սպիտակ քաղաքից է, սովորում է Երեւանի պետական համալսարանում։

Պապիկյանն ասաց, որ վրաերթի ենթարկված մյուս երիտասարդներից տեղեկություններ չունի։

Armtimes.com-ին հաջողվեց ճշտել մյուս երիտասարդների ինքնությունը, նրանք են, 21-ամյա Տիգրան Սիմոնյանը, 19-ամյա Դավիթ Հինանյանն ու 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը։ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել են վրաերթի ենթարկված չորս երիտասարդները, տեղեկացրեցին, որ երկու տղաները դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մի տղան էլ դուրս է եկել հիվանդանոցից, հավանաբար այլ հիվանդանոց է տեղափոխվել։

Հիշեցնենք, որ երեկ Երեւանում ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի: Վարորդը մեքենան թողել է հարակից շենքերից մեկի բակում եւ հեռացել:

Ոստիկանությունից այսօր armtimes.com-ին տեղեկացրեցին, որ վրաերթ իրականացրած մեքենայի վարորդը դեռ չի հայտնաբերվել, կատարվում է հետաքննություն։

Նշվում է, որ դեպքի վայրի մոտակայքում՝ Նար Դոսի անվան դպրոցի մոտ, երեկ նախատեսված էր Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզչական հանդիպումը, սակայն այն  հետաձգվել է:

Քիչ առաջ shamshyan.com կայքը տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխված 21-ամյա Տիգրան Սիմոնյանը Լոռու մարզի Թումանյան գյուղի բնակիչ է, սովորում է Երեւանի Պետական համալսարանի հանրային կառավարման բաժնի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի 1-ին կուրսում, 18-ամյա Սիմավոն Ստեփանյանը Շիրակի մարզի Գետափ գյուղի բնակիչ է, սովորում է «Հայբուսակ» հենակետային քոլեջում՝ ատամնատեխնիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսում, իսկ 19-ամյա Դավիթ Հինանյանը Երեւան քաղաքի Տոլստոյի փողոցի բնակիչ է, սովորում է ՖԿՍ ինստիտուտում՝ հունահռոմեական ըմբշամարտի ֆակուլտետի 2-րդ կուրսում։

Կայքի տեղեկություններով՝ վրաերթն իրականացրած ավտոմեքենան հաշվառված է Երեւան քաղաքի Մուրացանի 113/1 շենքի բնակիչ՝ 20-ամյա Լեւոն Դավթյանի անվամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են ավտոմեքենայի տիրոջը, ով արդեն բացատրություն է տվել այն մասին, որ երեկ՝ ժամը 13։00-ի սահմաններում, ինքը ավտոմեքենան տրամադրել է մորաքրոջ տղային, ով, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երեւանի Ճարտարագիտական համալսարանում։