Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվեց ազգային հերոսի կիսանդրին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բացվեց ազգային հերոսի կիսանդրին

Երեկ Երևանում բացվեց Ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, պատմաբան, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին: Բացման արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ իսկապես կարևոր օր է բոլորի համար:

«Ասում են՝ այդքան կարևոր չէ, թե որքան օր կա մարդու կյանքում, որքան կարևոր է, թե ինչքան կյանք կա մարդու ապրած յուրքանչյուր օրվա մեջ: Թաթուլ Կրպեյանի անցած ուղին, իր համոզմունքը, իր կյանքով լի յուրաքանչյուր օրը՝ դրա վառ ապացույցն է: Լինում են պահեր, երբ կենաց-մահու կռիվը միակ պայքարն է, և եթե շատերի համար դրանք ինքնաբուխ ընդունված որոշումներ էին, ապա խորհրդային բանակում ծառայելուց հետո պատմաբանի մասնագիտություն ընտրած և իր հայրենի գյուղում պատմության ուսուցիչ աշխատող Թաթուլ Կրպեյանի համար այնխորը գիտակցված, նաև՝ խոսքով ձևակերպված իմաստություն էր: Մենք չենք, որ հերոսների առաջ հարգանքի տուրք ենք մատուցում, հերոսներն են, որ թույլ են տալիս նույնիսկ մահվանից հետո, իրենց ապրած կյանքով, իրենց անցած ճանապարհով իմաստավորել մեր գոյությունը՝ ազգային ինքնության առանցքը դարձնել կենտրոն մեր կյանքի ողջ ճանապարհին: Այնպես որ, մենք չենք, որ արդարություն ենք մատուցում Թաթուլ Կրպեյանին, այլ ինքն է, որ հերթական անգամ իր օրինակով մեր սերունդներին ասել է, որ Հայաստանի հողն անառիկ է, պետությունն ամուր, իսկ մեր ապագան միշտ պայծառ»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն իր հերթին նշեց, որ քաղաքամայր Երևանում վեր է խոյանում Թաթուլն արձանացած, սակայն հավերժ կենդանության մեջ:

«Այս առումով կցանականայի իմ խորին երախտագիտությունը և շնորհակալությունը հայտնել Երևանի ավագանուն: Նայեք այգում տեղակայված բոլոր արձանների վերծանությունները՝ Արցախյան պատերազմի զոհեր, քառօրյա պատերազմի զոհեր և Թաթուլ Կրպեյան՝ իր անունը կրող այգում: Այս այգին ևս դարձրել ենք դասարան բաց երկնքի տակ: Այս այգին պատասխանատվության այգի է: Այս այգի մտնողը պետք է մեկ վայրկյան իր մեջ ընդունի հերթապահ պատասխանատվությունն իր կողքի հայի համար : Քաղաքամայր Երևանի զարգը դարձած այս այգին բոլորիս ներշնչում է ամենից առաջ պատասխանտություն այստեղ այս կտոր հողից մինչև մայրաքաղաք Երևան: Ես քանդակագործին հարց տվեցի. Ինչու կիսանդրին չի նայում դեպի Արևմտյան Հայաստան, ինձ բացատրեց, որ Արա լեռան վրայով հայացքը հառել է դեպի Արտին լեռ, դեպի Կարս: Ուրեմն ևս մեկ անգամ վստահ լինենք, որ Թաթուլի գլուխը Երևանում է, ոտքերը՝ Կարսում: Խորին հարգանք և պատասխանատվություն ազգային հերոսի կերպարի առջև»,- ասաց Արեյանը:

Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացումը տրված էր նրա դստերը՝ Ասպրամ Կրպեյանին և քանդակագործ Լևոն Թոքմանջյանին:

Թաթուլ Կրպեհանը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արեգ գյուղում: 1984-1985թթ. ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում: 1987-1990թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1987թ. աշնանից անդամագրվել է «Միացում» կազմակերպությանը:

1987- 1990 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, միաժամանակ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր: 1990թ. սեպտեմբերից պատմության ուսուցիչ է աշխատել Գետաշենի դպրոցում: Եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը տվել է 1991թ. ապրիլի 30-ին: ՀՀ ազգային հերոսի կոչումը նրան տրվել է հետմահու՝  20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: