past.am-իբլից հարցերին պատասխանում է հայրենիքից հազարավոր կլիոմետրեր հեռու գտնվող Անի Քոչարը:
– Ձեր օրն սկսվում է…
– Օրս մշտապես սկսվում է տղայովս. արդեն ավելի քան 5 տարի նա իմ զարթուցիչն է ու լույսը:
– Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
– Կյանքն ինքը՝ իր բոլոր դրական ու բացասական կողմերով հանդերձ:
– Գեղեցիկը Ձեզ համար…
– Բնությունը, ամեն բան, որ լուսավոր է և բարին:
– Ո՞ւմ եք դիմում, երբ հուսահատ եք:
– Ինքս ինձ ու իմ կյանքի փորձին, թե ինչպես եմ միայնակ հաղթահարել նախկինում հանդիպած դժվարություններն ու փորձություննրը, ինչպես նաև դիտում և կամ կարդում եմ ինձ համար մեծությունների, ովքեր երբեք չեն հանձնվել՝ անգամ ամենաանելանելի դրության ժամանակ:
– Կյանքում երբեք չեք ների…
– Փորձում եմ ներել ամենքին և ամեն բան: Ով եմ ես, որ չներեմ, թող Տերը լինի բոլորին դատավոր: Սակայն ներել, դեռևս չի նշանակում մոռանալ: Ես ներում եմ, բայց կան բաներ, որ մոռանալ չի ստացվում:
– Ձեր ամենամեծ հիասթափությունը…
– Կյանքում, ցավոք, հիասթափություններ շատ են եղել և վստահաբար լինելու են, կյանքն է այդպիսին: Հիասթափությունները ինձ սովորեցրել են շատ կարևոր բաներ հավատալ, վստահել և ապավինել միայն ինքդ քեզ: Քո սպասումներն ու ակնկալիքները բացառապես քոնն են, և պարտադիր չէ, որ մարդիկ արդարացնեն դրանք: Ինչպես նաև՝ կյանքն էլ միշտ չէ, որ ամեն բան անում է մեր ուզածով: Այնպես որ, հիասթափություններից ոչ թե պետք է կոտրվել, այլ ամրացած առաջ շարժվել:
– Մի բան, որի համար շատ եք ափսոսել…
– Կյանքում լինում են պահեր, երբ մտածում ես, որ իզուր այդպես վարվեցիր, ասեցիր կամ արեցիր, սակայն ով գիտի, գուցե ճիշտը դա էր: Այնպես որ, որքան էլ դժվար լինի, փորձում եմ չկենտրոնանալ ափսոսանքների վրա:
– Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը…
– Ինքս շատ ռոմատիկ անձնավորություն եմ, և միշտ շաաա՜տ մեծ ակնկալիքներ եմ ունենում: Պետք է ասեմ, որ չնայած իմ կյանքում ունեցած բոլոր ռոմանտիկ պահերին, վստահ եմ, որ ամենառոմանտիկ հանդիպումը դեռևս առջևում է:
– Երբ բարկացած եք…
– Օօօօ՜, պայթյունավտանգ եմ: Ավելի լավ է ինձ չբարկացնել, ես չափից դուրս զգացմունքային մարդ եմ և երբեմն էմոցիաներս զսպել չեմ կարողանում: Ավելի լավ է ինձ բարկացած պահին չտեսնել: ))
– Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…
– Խելք և զգացմունքներ ունենա: Տանել չեմ կարողանում անհասկացող մարդկանց, ովքեր միևնույն բանը կարող են քանիցս հարցնել և միևնույն է հարցական դեմքով նայել:
– Ընտանի կենդանի ունե՞ք:
– Ունեցել եմ Պուդել շունիկ, սակայն արդեն 3-4 տարի է, ինչ մեզ հետ չէ, ու ամեն անգամ նրան հիշելիս աչքերս լցվում են. Բոնիս 17 տարի մեր ընտանիքի անդամն է եղել:
– Եթե լինեիք ամենազոր…
– Անիրական բաների մասին խոսել չեմ սիրում, քանզի ինձ հիմար եմ զգում:
– Հայրենիքը Ձեզ համար…
– Հայրենիքն ինձ համար կրակե շապիկ է, կրակե՜, ցավոտ թեմա ինձ համար:
– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը…
– Կյանքիս ամենամեծ ձեռքբերումներն առջևում են:
– Ամենաշատը երազում եք…
– Երազանքներիս մասին բարձրաձայնել չեմ սիրում, դրանք այնքան անձնական են:
– Վերջին գիրքը, որը կարդացել եք:
– Այժմ էլ կարդում եմ գերմանական մի գիրք դարի հիվանդության` Բուրնաութի մասին: Վերջին տարիներին ավելի շատ ուսումնական և լեզվիս գրքերն եմ կարդում և սերտում:
– Երբեք չեք փորձի…
– Երբեք չեմ փորձի Լուսին թռչել և երբեք չեմ ասի երբեք: ))
– Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար…
– Իմ հայրենի տունն է, իմ Երևանն է, իմ Հայաստանն է:
– Միշտ վախեցել եք…
– Ես վախկոտներից չեմ, թող որ լինի, ինչ լինելու է, և թող Տիրոջ կամքը լինի:
– Մարդ, ով փոխել է Ձեզ…
– Ինձ փոխելը դժվար է, դժվար էլ թե մեկը գտնվի, ով փոխի ինձ: Ես դեռ վաղ տարիքից շատ ինքնուրույն եմ եղել և բռնել իմ կայացման ուղին: Սակայն կան մարդիկ, ովքեր լավ օրինակ են եղել ինձ համար և կամ ոգեշնչել են ինձ: Եղել են նաև մարդիկ, ովքեր հավատացել են ինձ և թևեր տվել, ինչի համար մինչ մահ շնորհակալ եմ;
– Տանել չեք կարողանում…
– Ժլատ տղամարդկանց, թեթևամիտ կանանց, անկիրթ և անդաստիարակ անձանց, կենդանատյացներին….
– Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
– Պրպտող և անհանգիստ մարդ:
– Իր, որ միշտ Ձեզ հետ է…
– Բջջային հեռախոսս:
– Երջանկության՝ Ձեր բանաձևը…
– Երջանիկ լինել ինքդ քեզնով, պահով, այն հանգամանքով, որ կաս ու կարող ես դեևս օգտակար լինել և այլոց էլ երջանկացնել: Լինել երջանիկ այժմ և այստեղ: Երջանիկ լինելու համար պետք չէ սպասել, վաղը գուցե չգա: Այս պահն է քեզ տրված ապրելու և վայելելու կյանքը, թեկուզ և, որ այնքան դյուրին ու քաղցր կյանքը:
– Ամենակարևորը՝ կյանքում…
– Կյանքում շատ կարևոր բաներ կան, սակայն ամենակարևորը սերն ու նվիրումն է: Ես որ՝ առանց դրանց ոչինչ անել չեմ կարող: Եվ եթե զգում եմ, որ դրանք պակասել են իմ մեջ, վերանայում եմ տվյալ բանը` լինի աշխատանք, մարդկային փոխհարաբերություն, թե…
– Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
– Այսօր` քիչ առաջ: Մինչ ձեր հարցերին պատասխանելը որդուս պետք է քնեցնեի: Նա այժմ իմ կողքին է քնում և ամեն գիշեր, քնելուց առաջ մի փոքր զրուցում ենք, նա խոսում է, հարցեր տալիս կամ որևէ բան պատմում, իսկ ես ամեն անգամ ավելի ու ավելի եմ հրճվում և հուզվում նրա տեսակով, խելքով:
Այսօր շատ հուզեց, անգամ արցունքներ կաթեցին աչքերիցս, երբ նա ասաց, որ անգամ երբ շաաա՜տ մեծ լինի, իսկական մեծ տղա, միևնույն է, ես պետք է նրա համար երգեմ և նոր միայն նա քնի: Այնքան հուզիչ էր, նա անգամ չնկատեց, թե ես որքան հուզվեցի: Ամուր գրկեցի և շարունակեցի երգել. նա քնած էր արդեն, իսկ ես դեռևս մտածում էի ու արտասվում:
– Այս պահին կուզենայիք…
– Որդուս հետ Երևանում լինել. նա տատիկ-պապիկին շատ է կարոտել և ամեն օր Հայաստան վերադառնալուց է խոսում, անգամ վիճում հետս: Ամեն անգամ Հայաստանից վիդեոներ ու երգեր եմ միացնում նրա համար, և նրան ներարկում, որ հայ է, որ աշխարհի ամենահիանալի երկիրը Հայաստանն է, միայն թե տխմար իշխանությունների պահը շրջանցում եմ: ))
– Ձեր գերագույն նպատակն այս կյանքում…
– Մարդ մնալ և լավ որդի դաստիարակել:
– Եվ վերջում…
– Եվ վերջում, ինչպես հեքիաթներում, ուզում եմ բարին հաղթի չարին և մարդկանց համար փողը չդառնա սրբություն. մի բան, որ շատ եմ հանդիպում կյանքում:
Ամբողջությամբ՝ past.am