2016 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահին ներման խնդրագրով դիմել է 362 դատապարտյալ, որոնցից 30-ին նախագահը ներում է շնորհել։ Այս մասին, Yerkir.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Մեզ տեղեկացրեցին, որ հիշյալ 30 անձինք դատապարտված են եղել հիմնականում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։ Իսկ 2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով ներում է շնորհվել 11 դատապարտյալի։ Նրանք դատապարտված են եղել հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կատարման համար։
Ենթադրվում է, որ հիշյալ 11 դատապարտյալների թվում է նաև «Վերնիսաժ»-ում կրակոցների գործով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը: Նրա վերաբերյալ տեղեկատվություն պաշտոնական աղբյուրից հնարավոր չեղավ ստանալ: «Հայաստանի Հանրապետության նախագահի ներման խնդրագրերի վերաբերյալ հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ, որոնք 2015 թվականի փոփոխություններով` ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1 կետի համաձայն, չի կարելի օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության: Հրամանագրերի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկվում են ներման խնդրագրերով դիմած դատապարտյալները, ինչպես նաև միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասված է մեզ ուղարկված պատասխանում:
Նշենք, որ հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ էր դարձել Գոռ Առաքելյանի ազատ արձակումը: Նա 5 անձի հրազենային վիրավորում հասցնելու համար դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման և ազատ էր արձակվել պատժի կեսը կրելուց հետո, մինչդեռ` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար դատապարտված շատ անձինք տարիներ շարունակ դիմում են պայմանական վաղաժամկետ ազատման կամ ներման խնդրագրերով, սակայն դրանք մնում են անարձագանք:
Հիշեցնենք, որ Առաքելյանն արգելանքի տակ էր 2014թ. մայիսի 18-ից: Նա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի՝ 2015թ. հոկտեմբերի 21-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով ու դատապարտվել ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով: