Ադրբեջանում «լրտեսական սկանդալ» է պայթել: Մայիսի 7-ին Ադրբեջանի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները, գլխավոր դատախազությունը և պետանվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել են մի խումբ զինծառայողներ և քաղաքացիական անձինք՝ Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ համագործակցության մեղադրանքով:
Հայտարարության մեջ նշվում է, որ «միջոցառումների արդյունքում, որոնք ձեռնարկվել են Ադրբեջանի ՊՆ և Թերթերի բնակավայրերի դեմ Հայաստանի հատուկ ծառայությունների մարմինների կողմից պատրաստվող լայնածավալ սադրանքների մասին տվյալների վրա, պարզվել է, որ զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբը ներգրավված է եղել հակառակորդի հետախուզության հետ համագործակցության մեջ և տարբեր ժամանակներում նրան է տրամադրել տեղեկություններ, որոնք ռազմական գաղտնիք են»։
Թեման «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
– Պարոն Պապյան, Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ կա այս ձերբակալությունների հիմքում: Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած մեղադրանքները կարո՞ղ են իրականության հետ որևէ առնչություն ունենալ, թե՞ նրանք այլ խնդիրներ են լուծում այս քայլով:
– Դժվար է ամենայն ճշտությամբ ասել՝ ինչ է ընկած այդ ձերբակալությունների, հետապնդումների հիմքում, կա՞ արդյոք ճշմարտություն, թե՞ ոչ: Բնականաբար, կարելի է ենթադրել, որ ինչ-որ բան կարող է լինել: Ուզում եմ հավատալ, որ մեր հետախուզական մարմինները որոշ գործունեություն ծավալում են՝ ինչպես եղան տարբեր տվյալներ Ադրբեջանի հետախուզության աշխատանքի մասին: Դա շատ բնական երևույթ է:
Այդուհանդերձ, կարծում եմ, որ այս ամբողջն ունի նման ընդգրկուն ծավալներ ավելի շատ քաղաքական պատճառներով: Մենք տեսել ենք նման դեպքեր Խորհրդային Միությունում՝ սկսած 1920-ական և հատկապես 1930-ական թթ., երբ տարբեր քաղաքական հարցեր լուծելու նպատակով մարդկանց մեղադրում էին օտար երկրների հետախուզության հետ կապի մեջ: Հիշենք Հրաչյա Աճառյանի հայտնի խոսքը, որին մեղադրում էին բազմաթիվ երկրների հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Նա ասում էր՝ «պատրաստ եմ ընդունել ցանկացած մեղադրանք, բայց գոնե Թուրքիայի հետախուզության հետ ինձ մի կապեք»: Դրանք անհեթեթության հասնող բաներ էին: Հիմա, երբ շատ արխիվներ արդեն բացվել են, պարզ է, որ մեղադրանքների մեծ մասը սուտ էր:
– Կարծում եք, որ զինվորական թևն այսօր իրական վտանգ ներկայացնո՞ւմ է ալիևյան ռեժիմի համար:
– Իշխանությունը աշխարհում փոխվում է երկու ձևով՝ քվեների և ուժի միջոցով: Բնականաբար, ուժի միջոցով իշխանափոխություն ձգտում են անել ուժային նախարարությունները: Երբ նայում ենք հատկապես Միջին Արևելքի պատմական փորձին, տեսնում ենք՝ դա անում է կա՛մ բանակը, կա՛մ անվտանգության մարմինները: Չմոռանանք, որ 2015-ի վերջերին պաշտոնանկ արվեց Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարը: Սրանք ավելի շատ կանխարգելիչ գործողություններ են: Ալիևները պարզապես այն տրամաբանությամբ են շարժվում, որ «եթե մենք դա արել ենք, ինչո՞ւ պիտի ուրիշները չուզենան դա անել»: Ինչպես Ադրբեջանում, այնպես էլ շատ երկրներում, լինել իշխանավոր՝ նշանակում է լինել շատ հարուստ: Իսկ եթե երկիրն ունի մեծ քանակությամբ հումքային ռեսուրսներ, լինել իշխանավոր՝ նշանակում է լինել շատ հարուստ:
– Սա կարո՞ղ է լինել քարոզչական բնույթի գործողություն Հայաստանի դեմ:
– Չեմ կարծում, թե դա վարկաբեկում է Հայաստանին: Ընդհակառակը, կարծում եմ՝ դա ինչ-որ տեղ բարձրացնում է Հայաստանի համապատասխան ծառայությունների վարկը, եթե դա համապատասխանում է իրականությանը: Դա ցույց է տալիս, որ տեսեք՝ ինչքան արդյունավետ են գործում հայկական հետախուզական ծառայությունները, որ կարողացել են այդքան մեծ թվով մարդկանց հավաքագրել Ադրբեջանում, նման խորությամբ գործողություններ անել և այլն, և այլն: Եվ հակառակը՝ եթե սա իրականություն լինի, ապա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի հակահետախուզական մարմինները թույլ են և չեն կարողացել կանխել այս ամբողջը մինչև նման ծավալների ընդգրկումը:
Ալիևը հասկանում է, որ ինքն այս քայլերով ինչ-որ տեղ վնաս է պատճառում Ադրբեջանի վարկին, բանակին, հակահետախուզությանը, բայց իր համար շատ ավելի կարևոր է սեփական իշխանությունը պահելը: Դա ընդամենը պատրվակ է: Նույն Ստալինի օրոք, մասնավորապես՝ 1930-ական թթ., բռնադատվեցին հսկայական թվով մարդիկ՝ հին կուսակցականներ, զինվորականներ՝ ներառյալ Խորհրդային Միության հինգ մարշալներից երեքը և մեծ թվով գեներալներ: Նրանք բոլորը ներկայացվում են որպես հակակուսակցական, հակապետական գործիչներ, պետական դավաճաններ: Դա վարկաբեկիչ էր պետության համար, մարդիկ ասում էին՝ «եթե սրանք էլ դավաճան են, ուրեմն երկրում նորմալ մարդ չկա»: Ստալինը հասկանում էր, որ դրանով թուլացնում է բանակը…
– Բայց նաև չեզոքացնում էր իր մրցակիցներին:
– Այո: Քանի որ ցանկացած բռնապետի համար ավելի կարևոր է սեփական իշխանությունը, ուրեմն «ավելի լավ է՝ մի քանի գեներալ էլ ավելի գնդակահարեմ, բայց ապահով լինեմ, քան հակառակը»: Դա բռնատիրության ընդհանուր հոգեբանությունն է:
Ամբողջությամբ՝ 1in.am