Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը

Կաննում՝ Ֆրանսիայի Լազուր ափին, 70-րդ անգամ մեկնարկում է միջազգային կինոփառատոնը, որը կշարունակվի մինչև մայիսի 27-ը: Այս անգամ փառատոնի հանձնախումբը հիմնական մրցույթի համար 19 աշխատանք է ընտրել գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմերից: Դրանցից պաշտոնական ծրագրում ներառվել է 49 կինոնկար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այս տարի Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի իսպանացի հայտնի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: Հիմնական մրցութային ծրագրում դափնեկիրների ցուցակը կհրապարակվի մայիսի 28-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որից հետո տեղի կունենա այն ֆիլմի ցուցադրությունը, որը կստանա «Ոսկե արմավենու» ճյուղը:

Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Հիմնված է իրական դեպքների վրա» նոր ֆիլմը ցուցադրվելու է Կաննի 70-րդ կինոփառատոնի մրցույթից դուրս: Կինոֆորումի կազմակերպիչների այդ որոշման մասին հայտնել է փառատոնի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Կրիստին Էմեն:

«Հիմնված է իրական դեպքերի վրա» կինոնկարը 34-րդ լիամետրաժ ֆիլմն է ռեժիսորի կարիերայում: Կինոնկարի հիմքում Դելֆինա դե Վիգանի գիրքն է, որը դարձել է 2015 թվականի գրական աշնան գլխավոր իրադարձություններից մեկը: Այն արժանացել է «Ռենոդո» հեղինակավոր գրական մրցանակին: Ֆիլմում նկարահանվել են ռեժիսորի կինը՝ ֆրանսիական կինոյի աստղ Էմանուել Սենիեն, Եվա Գրինը և Վենսան Պերեսը:

Կաննի ներկայիս կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը, գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեն, չինացի դերասանուհի Ֆան Բինբինը, ֆրանսիացի դերասանուհի, ռեժիսոր և սցենարիստ Անիես Ժաուին, հարավկորեացի կինոռեժիսոր Պակ Չհան Ուկը, ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Յարեդը, ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը և իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն:

Նախօրյակին Կաննի քաղաքագլուխ Դավիթ Լիսնարը հայտնել է, որ Կաննի  հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում:

«Այս տարի մենք լուրջ քայլի ենք դիմում այն առումով, ինչ վերաբերում է անվտանգության միջոցառումների ուժեղացմանը, քանի որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքը բարձր է մնում»,- ասել է Լիսնարը, հիշեցնելով անցյալ տարի Նիսում տեղի ունեցած ահաբեկչության մասին, երբ 31-ամյա թունիսցին բեռնատարով մխրճվեց Անգլիական առափնյակում Բաստիլի գրավման օրվա առթիվ հրավառությանը հետևող մ արդկանց բազմության մեջ:

Լիսնարը հավաստիացրել է, որ «ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները, ուստի փառատոնի հյուրերն ու քաղաքի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն»: Նա հայտնել է, որ փողոցների պարեկմանը ներգրավվելու են մեծ թվով ոստիկաններ:

Բացի այդ, ինչպես հայտնել են տեղեկան պրեֆեկտուրայում, փողոցներում հերթապահելու են տասնյակ կամավորներ, որոնք այդ օրերին «կդառնան իրավակարգի պահապանների աչքերն ու ականջները»: Նաև հատուկ Կաննի կինոփառատոնի կապակցությամբ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում կտեղակայվեն տեսադիտարկման 550-ից ավելի խցիկներ, որոնք թույլ կտան լիովին վերահսկել քաղաքի իրադրությունը: