Եգիպտոսի կառավարությունը ձեռնամուխ է լինում ծնելիության նկատմամբ հսկողության ծրագրի ուսումնասիրմանը: Այդ մասին հայտարարել է արաբական հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին մայիսի 17-ին երկրի առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներին տված հարցազրույցում:
«Կառավարությունը բնակչության աճի հսկման ծրագրերի, հետազոտությունների և օրենքների ուսումնասիրմանը ձեռնամուխ է լինում այն բանից հետո, երբ տարեկան ծնվածների թիվը հասնում է երկուսուկես միլիոնի»,- Եգիպտոսի ղեկավարի խոսքը մեջբերում է «Ալ-Ահբար» թերթի պորտալը:
Եգիպտոսի նախագահի խոսքով՝ «բնակչության աճի այս տեմպը եռակի բարձր է, քան Չինաստանում»:
Ավելի վաղ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլն ընտանեկան զույգերին կոչ է արել սահմանափակվել երկու երեխա ունենալով՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Եգիպտոսի Ազգային խորհրդի՝ բնակչության հարցերով փորձագետ Թարիք Թաուֆիքը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը երկրի բնակիչների թվաքանակը կարող է կազմել 140 միլիոն:
Ներկայում, Եգիպտոսի մոբիլիզացման կենտրոնական գործակալության տվյալներով՝ երկրի բնակչության թվաքանակը կազմում է 93 միլիոն: Արաբական հանրապետության բնակչությունը 1984 թվականից ավելացել է կրկնակի, իսկ 1966 թվականից՝ եռակի:
Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարար Հադա Վալիի խոսքով, որը մեջբերել է «ալ-Մասրի ալ Յաում» հրատարակությունը, «եգիպտացիների մինչև 26 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: