Լիզա Ճաղարյան. Երևանյան «թռիչք կկվի բնի վրայով»
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. Երևանյան «թռիչք կկվի բնի վրայով»

Հարցրեց՝ բանբանեռկա՞, թե կիլոյով։

Գեղեցկադեմ սևուկ աղջնակ էր։

Ասացի՝ որևէ մեկը։

Դեմքին Գագիկ Սուրենյանի կանխատեսած սևծովյան ցիկլոնն ուրվագծվեց։ Նորից հարցրեց՝ բանբանեռռռկա՞, թե՛ կիլոյով։

Ես է՛լ լավ գիտեմ «Ռ» տառի զորությունը, բայց կրկնեցի ինձ ոչ բնորոշ հանդարտությամբ՝ որևէ մեկը։

Դարչնագույնը խառնվեց սևին, գեղեցկությունից բան չմնաց։

Լավ, սկզբից սկսեմ։

Քանի որ եռամսյակը մեկ անգամ եմ ոտքս տնից հանում, այդ եռամսյակը մեկ անգամը երթևեկում եմ տաքսիով։

Այդ օրը որոշեցի երթուղայինով, ինստիտուցիոնալ լեզվով ասած՝ «մահվան գազելով» հասնել նպատակակետիս, եթե, իհարկե, մահը նպատակակետից շուտ վրա չհասներ։ Լավ եղանակ էր, Սուրենյան Գագիկի կանխատեսած ցիկլոնը դեռ ճանապարհներին էր, և սահուն քայլերով հասա մեր թաղի ինքնաբուխ կանգառը ու կանգնեցի՝ ի՛մ ժողովրդի հետ շփվելու տենչը սրտումս փայփայելով։

Ասում եմ «ի՛մ ժողովուրդ», որ միանգամից հասկանաք՝ հայրենասեր եմ։

Շփումն ուշանում էր ու ուշանում։ Չկա՛ր ու չկար ցանկալի «մահս»։ Կասկածն սկսեց կրծել սիրտս՝ է՜, վերջին անգամ այս երթուղայինը նստել եմ այն ժամանակ, երբ միակ ընդդիմադիրը խոստանում էր քսան տարում ազգի գիտակցությունն այնքան ինստիտուցիոնալ դարձնել, որ ինքը մատը շարժի ու ասի՝ ա՛յ հիմա իշխանափոխություն ենք անում։ Ու՝ անի։

Եվ ահա՛ այսպես կանգառում հայրենազոհաբերվում եմ, իսկ շատ հնարավոր է՝ իմ երթուղայինը վաղուց արդեն այլ ճանապարհով է գնում-գալիս, գնում-գալիս դեպի ապահով Հայաստան տանող-բերող մայրաքաղաքային փողոցներով։

Աջուձախ նայեցի՝ գտա։ Ինձանից հիսուն-վաթսուն մետր վերև մի տղամարդ էր կանգնած։ Դա էլ երևի ի՛ր ինքնաբուխ կանգառն էր։ Մոտեցա, հարցրի՝ ներեցեք, վաղուց էսինչ համարի երթուղայինը չեմ նստել (մեկը լիներ կողքս, ասեր՝ բայց էդ մարդու շատ պե՞տքն է, թե դու էդինչ երթուղայինը վաղուց ես նստել, թե երեկ իրիկունը), տեղյակ չե՞ք, գուցե երթուղի՞ն է փոխվել։

Հենց այդպես էլ ասացի՝ տեղյակ չե՞ք, գուցե երթուղի՞ն է փոխվել։

Կարող էի նաև ասել այսպես. «Կարող ա՞ պատահի էդ տարոնացավն ըստեարենքով էլ չի անցնում, ես՝ բեխաբար»։ Մանավանդ որ՝ մենք հիմա ապրում ենք այնպիսի անկեղծ ու անմիջական ժամանակներում, երբ «կարող ա պատահի»-ով եթե չես խոսում, ուրեմն անցյալ դարի մթին խորքերից եկել ու պնդերեսաբար լռվել-մնացել ես նորագույն պատմության ապահով ապագայի խոստումնաշատ շեմին։

Բախտս բերեց. երիտասարդին գուցե զվարճացրեց կամ զարմացրեց իմ «անաղարտ մայրենին», բայց ամեն դեպքում շատ սիրալիր ու պատրաստակամ պատասխանեց, որ տեղյակ չէ։ Մի անգամ էլ ասացի՝ ներեցեք, ու շրջվեցի, որ գնամ իմ ինքնաբուխ կանգառում սպասեմ, բայց երիտասարդը շատ հոգատար էր՝ պարզվեց։ Շարունակեց՝ կարծեմ չի փոխվել։ Հետո ասաց՝ մի քիչ սպասեք, հիմա ուր որ է էնինչ երթուղայինը կգա, վարորդին հարցրեք՝ կասի։ Շրջվեցի, ժպտացի, ասացի՝ շատ լավ, շնորհակալ եմ։ Չէ, երիտասարդն անչափ հոգատար էր, շարունակեց՝ էսպես ոտ-ոտ իջեք ներքև, էդ կողմերում կանգառ կա (նկատի ուներ իսկական կանգառ, ոչ թե ինքնաբուխ), էնտեղ հաստատ կիմանան։

Այս անգամ հուզմունքից ձայնս դողաց «շատ լավ, շնորհակալ եմ» ասելիս։

Եվ իրոք, այնքա՛ն շնորհակալ էի, որ չուզեցա սիրտը կոտրել սիրալիր երիտասարդի, հասա իմ ինքնաբուխ կանգառն ու տվեցի-անցա։ Ոտ-ոտ իջնում եմ։ Այսինքն՝ մի քանի քայլ եմ անում, կանգնում եմ՝ վերևից եկող մեքենաներին եմ նայում, հետո ներքևից եկող մեքենաներին, որ տեսնեմ՝ դրանցից որևէ մեկը իմ երթուղայինը չի՞, ու քանի որ դրանցից ոչ մեկն իմ երթուղայինը չէր, շարունակում եմ ոտ-ոտ իջնել։

Այդպես ոտ-ոտ իջնելով հասա մի սուպերմարկետի։ Լֆիկինը չէր։ ՍԱՍ-ի Արտակինն էլ չէր։ Չգիտեմ՝ ումն էր։ Քանի որ ոչ Լֆիկինն էր, ոչ էլ ՍԱՍ-ի Արտակինն էր՝ մտա։ Մի քիչ ոտ-ոտ արեցի ու ոտքս կախ գցեցի շոկոլադեղենի բաժնում։

«Թռչնի կաթ» էի փնտրում, չէի գտնում։ Ես կաթ շատ եմ սիրում, հատկապես թռչունի։ Ու քանի որ սիրածս կաթը չէի գտնում տարատեսակ շոկոլադների օվկիանոսում, որոշեցի նորից շփվել ժողովրդիս հետ։ Մոտեցա երիտասարդ վաճառողուհիներից մեկին և ասացի, որ էսպեսուէսպես, «Թռչնի կաթ» եմ փնտրում, չեմ գտնում, գուցե օգնի՞։

Էս մի ժողովուրդս ինքնաբուխ կանգառի ժողովրդիս նման չէր, և «գուցե»-ս նրա քնքույշ հոգին չթրթռացրեց։

Ոտքից գլուխ չափեց ինձ, հասկացրեց, որ բոյ-բուսաթս հեչ իր սրտով չէ ու հարցրեց՝ Պծիչի մալակո՞, բանբանեռկա՞, թե՞ կիլոյով։

Ասացի՝ որևէ մեկը։

Պատասխանս ակնհայտորեն դուր չեկավ ժողովրդիս։ Մի անգամ էլ չափչփեց ոտքից գլուխ ու կրկնեց՝ բանբանեռռռկա՞, թե կիլոյով։

Կրկնեցի՝ որևէ մեկը։

Կարող էի ասել՝ հա, Պծիչի մալակո։

Կարող էի ասել՝ մեկ ա։

Կարող էի ասել՝ բանբանեռկա։

Կարող էի նաև ասել՝ կիլոյով։

Բայց կրկնեցի՝ որևէ մեկը։

Մի պահ լռություն տիրեց։ Զննում էինք իրար։ Ես ու ժողովուրդս։ Այդ ընթացքում հասցրի մտածել, որ երևի այս աղջնակը տասը հազար դրամ ընտրակաշառքը Տարոնից վերցրել ու գնացել է Զարուհուն ընտրել՝ հույս փայփայելով, որ Նիկոլը կընտրվի, հետո էլ ինքը կգնա Նիկոլին կասի՝ քեզ եմ ընտրել, խոստացածդ տասնհինգ հազարը տուր, բայց փաստորեն Նիկոլը չընտրվեց, ու ինքը տասնհինգ հազարից զրկվեց։ Կամ էլ…

Չհասցրի մտածել, թե կամ էլ ինչ, որովհետև աղջնակը մի անգամ էլ չափչփեց բոյ-բուսաթս ու մի անգամ էլ կրկնեց՝ բանբանեռռռռկա՞, թե կիլոյո՛վ։

Իմ համբերությունն էլ անսահման չէ, և այս անգամ ես էլ չափչփեցի իր բոյ-բուսաթը (ինքն էլ, ի դեպ, բարդի չէր), ու արդեն իմ «որևէ մե՛կը» սպառնալի հնչեց։ Աղջնակը երևի զգաց, որ ես, անշուշտ, սիրում եմ իմ ժողովրդին ու երբեմն-երբեմն ցանկանում եմ շփվել նրա հետ, բայց, օրինակ, միակ ընդդիմադիրի թեթև ձեռքով վերջերս լեգիտիմացած մեր իշխանությունն էլ է խելքը թռցնում ժողովրդիս համար, բայց հենց նեռռռռվայնանում է՝ սպանում էլ է, ձերբակալում էլ է, քաշքշում էլ է, թալանում էլ է իր պաշտելի ժողովրդին։

Անկանխատեսելի հետևանքները կանխելու խելամիտ մղումով ժողովուրդս ձեռքերը գրպանները խցկած մոտեցավ շոկոլադեղենի բաժնին ու հայացքով ցույց տալով ասաց՝ հե՛սա։

-Ու՞ր է,- ասացի, – չեմ տեսնում։

Իրոք չէի տեսնում։

Ժողովուրդս արդեն անկառավարելի էր դառնում։ Ես էլ՝ ի դեպ։

Ձեռքերը գրպաններից չհանեց, նորից հայացքով ինչ-որ անորոշ ուղղությամբ ցույց տվեց ու կրկնեց՝ հե՛- սա՛։

-Չե՛մ տե՛ս-նու՛մ, – ասացի, – մատո՛վ ցույց տվեք։

Իրոք չէի տեսնում։ Թե սուտ եմ ասում, Սուրենյանի կանխատեսած ցիկլոնը թող առաջինն ինձ պտտահողմի։

Ժողովուրդս աջ ձեռքը հանեց աջ գրպանից, մի անգամ էլ չափչփեց ինձ ոտքից գլուխ ու կռացավ, մատը դրեց շոկոլադեղենի դարակներից ամենաներքևներում համեստորեն ծվարած «Թռչնի կաթ»-ի վրա։

Տեսա։ Կիլոյով էր։

Ասացի՝ կես կիլոգրամ կշռեք։

Ժողովրդիս սևուկությունը գլխովին նահանջեց՝ տեղը զիջելով արյան հոտով դարչնագույնին։ Չասաց, բայց հո հասկացա՞, որ մտածեց. «Էս մի ժամ է նեռռռվերս ուտում ես կես կիլոյի համա՞ր, թաղեմ չունեցածդ բոյը»։

Այստեղ արդեն իմ դասակարգային արժանապատվությունը լափին տվեց։

Բառերը հատ-հատ շեշտելով՝ ասացի.

-Ուրեմն այսպես. կշռեք կես կիլոգրամ «Թռչնի կաթ»-ը՝ ընթացքում մի՛-մի՛-ա՛յն ժպտալով ինձ, և հետագայում եթե կրկին որևէ հարց տամ, պատասխանեք մի՛-մի՛-ա՛յն ժպտալով։

Իմ ոչ պակաս դարչնագույն ընդվզման ընթացքում ժողովուրդս արդեն կես կիլոգրամ շոկոլադը կշռեց ու սեփական դարչնագույնով հասկացրեց, որ իմ «մի՛-մի՛-ա՛յն»-ի վրա թքած ունի «դախլի» հետևից։ Կես կիլոգրամ շոկոլադով լիքը տոպրակը մեկնեց ինձ։ Արժանապատվությունս դեռ թպրտում էր։ Տոպրակը վերցրի ու շարունակեցի.

-Երբ ձեզ աշխատանքի են ընդունել, նախապես չե՞ն ասել, որ պարտավոր եք հաճախորդներին սպասարկել ժպտալով և սիրալիր։

Իհարկե, կարող էի նաև ասել՝ հընգերուհի, ձեր տանն է՞լ ես հորդ-մորդ հետ սենց խոսում, շեֆդ ու՞ր ա, տեղը ցույց տուր՝ ես դրան ասեմ, թե ոնց ես խոսում քեզանից մեծերի հետ, հանի դուրս շպրտի, որ իմանաս՝ որը որից հետո յա։

Բայց չասացի։ Արժանապատվությունս կուչ էր եկել, էլ չէր թպրտում։ Շրջվեցի գնացի՝ այդպես էլ չարժանանալով ժողովրդիս կենարար ժպիտին։

Ոտ-ոտ գնում եմ կեսկիլոյանոց շոկոլադի տոպրակը թափահարելով։ «Մահվան գազելիս» ուրվականն անգամ չի նշմարվում։ Երևի Տարոնի ընտրվելու կապակցությամբ նախորդ օրվա «սաՅլուտի» գմփոցներից գիշերը չեն քնել վարորդները ու իրենց քնահարամության համար ոխը ժողովրդից են հանում, որովհետև եթե որոշեն տարոններից վրեժ լուծել, աշխատանքից կզրկվեն։ Ժողովրդից վրեժ լուծելն անշառ գործ է, հետն էլ՝ սրտահովանք է։

Վերջապես գտա կանգառը։ Ականջակալներով երիտասարդ էր նստած տարոնական նստարանին, մոտեցա նրան։

-Ներեցեք, էսինչ համարի երթուղայինն այստեղով անցնու՞մ է, – հարցրի։

Դեմքիս չնայեց։ Ասաց՝ չգիտեմ։ Նստարանի ծայրին մի տարեց մարդ էր նստած։ Հարցս լսեց, ասաց՝ հա, անցնում է։ Ասացի՝ շնորհակալ եմ։

Էդինչ համարի երթուղայինը տեղ հասա՜վ։ Ա՛յ բարով եկար, մահվան գազել ջան։ Այնքան ուրախացա, կարծես ժողովրդիս հետ ուս-ուսի իշխանափոխություն արած լինեի։ Բարձրացա, նստեցի։ Ականջակալներով երիտասարդն էլ բարձրացավ։ Նստեց։ Ուղիղ դիմացս։ Հայացքով շանթահարեցի՝ մտածելով, որ հիմա ամոթից գետինը կմտնի, որ էդինչ համարին էր սպասում, բայց ինձ ասաց՝ չգիտեմ։ Չշանթահարվեց։ Որովհետև շանթահարվելու համար պետք է տեսներ իմ շանթահարող հայացքը։ Մարդը գլուխը կախ երաժշտություն էր լսում, հնարավոր է՝ ջազ, հնարավոր է՝ ռոք, հնարավոր է՝ դասական։ Բայց քանի որ շատ զայրացած էի, որ հարցիս մատների արանքով նայեց, որոշեցի, որ Սպիտակցի Հայկո է լսում, ու այդ որոշմամբ վրեժս լուծեցի նրանից և խաղաղված հայացքս հառեցի դեպի ապահով Հայաստան։

Ո՞ր կողմում է էդ ապահով Հայաստանը։

Ապահով Հայաստանը յոթ սարուձորերից էէէէէէն կողմ է, և եթե ինչ-որ մեկն արդեն հետույքով հենվել է քթիդ, որովհետև մայրաքաղաքապետ Տարոնը տոնում է իր հաղթանակը և դեռ չի հասցրել կատարել իր երջանկահիշատակ խոստումները, ուրեմն ապահով Հայաստանդ կարող ես տեսնել նաև այն կլորիկ զանգվածի մեջ, որը գգվում է անապահով քիթդ։

Ու մտածում եմ՝ ապահով Հայաստանը պա՜րզ տեսնում եմ, ահագին փափուկ է ու տաքուկ, իսկ ու՞ր է ժողովուրդս։

Չեմ տեսնում։ Ոչ ականջակալներով երիտասարդին եմ տեսնում, որը հաստատ Սպիտակցի Հայկո է լսում, ոչ էն տատիկին, որ ինձանից առաջ բարձրացավ ու հասցրեց նստել ապահով Հայաստանի շատ ավելի ապահով տեղում, այնքան ապահով, որ ամենամեծ ջանքերի գնով անգամ ոչ մի նպատակասլաց հետույք չի կարող գգվել նրա պատկառազդու քիթը։

Եվ եթե ապահով Հայաստանդ յոթ սարուձորի հետևն է, վերոնշյալ հետույքն էլ փափուկ է ու տաքուկ, բայց քեզ զրկում է օդ կուլ տալու հնարավորությունից, ուրեմն որքան էլ լավատես լինես, որքան էլ՝ անգթորեն հայրենասեր լինես, ուզես-չուզես՝ սկսում ես մահվան մասին մտածել։

Ու չգիտեմ՝ լավ է, թե վատ, երբ այդ ոչուփուչ մահվան հետ այնքան հաշտ ես, որ սկսում ես ժպտալ նրան այն նույն ժպիտով, որն ակնկալում էիր «Թռչնի կաթ» վաճառող աղջկանից ու այդպես էլ չստացար։

Ու ժպտում ես, որովհետև էսինչ երթուղայինում մինչ շնչահեղձ լինելդ էիր հասկացել, որ մահվան հետ չափուսահմանն անցած հաշտ ես։

Որովհետև հավասարակշռությունը խախտվել է քո սեփական էս ու էն աշխարհների միջև, ու էն աշխարհում քո սիրելիներն ավելի շատ են։

Ու քիթս այնքան ամուր սեղմեցի ժողովրդիս փափուկ ու տաքուկ հետույքին, որ ժողովուրդս կիզիչ հայացքով տեղնուտեղը մոխրացրեց ինձ ու այլ՝ ավելի հայեցի քիթ գտավ իր կլորիկ զանգվածի համար։

Ոչինչ։ Սովոր եմ։ Առաջին անգամը չէ։

Փյունիկի պես նորից կհառնեմ մոխիրներից։

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

ilur.am



Նման նյութեր