Հայերի ծագումնաբանությունը
Advertisement 1000 x 90

Հայերի ծագումնաբանությունը

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում գրել է.

«Որևէ ժողովրդի ծագումնաբանության մասին դատելիս բնավ սոսկ պատմական էքսկուրս չենք անում: Սրանից բազում խնդիրներ են բխում. քաղաքական, էթնիկական, մշակութային, անգամ` սոցիալական: Ազագային ծագումնաբանությունը ցավոտ ու նուրբ թեմա է հատկապես մեր արևելյան և արևմտյան հարևանների մոտ:

Սակայն եթե մեր անմիջական հարևանների մոտ ազգային ծագումնաբանական խնդիրները տեղաբնակ լինել-չլինելու հարցեր են հարուցում և իրենց մեջ բազում, հիմնականում քաղաքական խնդիրներ են ամփոփում, այլ է մեր պարագայում: Հայ ժողովրդի ծագումը և տեղաբնակ լինելու հանգամանքը բացառությամբ առանձին դեպքերի` չի վիճարկվել: Խնդիրն այստեղ ներկայացման ձևի մեջ է: Գաղտնիք չէ, որ պատմությունը ի թիվս այլ հումանիտար գիտությունների, հաճախ քաղաքական, գաղափարական շահարկումների առարկա է դառնում և աղավաղվում:

Դրա փայլուն օրինակը խորհրդահայ պատմագիտությունն էր, երբ ամեն ինչ արհեստականորեն նսեմացվում և հավասարեցվում էր` պահպանելու Խորհրդային Միության գաղափարական «արժեքները»: Օրինակ` Ուրարտուն համարվում էր Անդրկովկասյան ժողովուրդների` հայերի, վրացիների և ադրբեջանցիների նախահայրենիքը… բազում օրինակներ կարելի է բերել: Խորհրդային երկրում կարծես ամոթ էր հզոր մշակույթ ու քաղաքականություն ունենալ… պատմաբանները պետք է անպայման նսեմացնեին նախնիներիդ վաստակն ու նրանից «փայ հանեին» հարևաններին:

Ուրարտուից զատ օտարման քաղաքականության զոհ գնացին հին հայկական շատ քաղաքակրթություններ, ամբողջական պետություններ… խոսքը մասնավորապես, Արատտա (մ.թ.ա. 30-27-րդ դարեր), Սուբարիների (մ.թ.ա. 27-24-րդ դարեր) Նաիրի, Միտտանի և Արմե-Շուպրիա պետությունների մասին էր: Սրանց մասին խոսելիս, խորհրդահայ պատմաբանությունը համառորեն լռում էր հայկական ծագման և արմատների մասին: Այս իմաստով շատ առաջ գնացին վրացի պատմագետները, ովքեր իրենց աշխատություններում ջանադրաբար «ապացուցում էին» Ուրարտուի ժողովուրդների` Կովկասյան ծագումը, դրանով իսկ հող նախապատրաստելով իրենց «Ժառանգականության տեսության» համար:

Այդ իսկ պատճառներով, անգամ մեր ժամանակներում, երբ խոսք է գնում հայկական հնագույն քաղաքակրթությունների մասին, երբ խոսվում է Արատտա սրբազան լեռնաշխարհի մասին, մարդիկ թերահավատությամբ են լցվում և լավագույն դեպքում քմծիծաղ տալիս: Եվ բնականաբար, ավելորդ էր խոսել խուռիների, ուրարտների, մյուսների հայկական ծագման մասին:

Ստացվում է այնպես, որ հայոց պատմագրությունը երկու անգամ վերափոխվեց ու խաթարվեց: Առաջինի մեղավորը քրիստոնեությունն էր, երկրորդինը` խորհրդային հասարակարգը: Առաջին դեպքում հայ պատմագրությունը բացառապես գտնվում էր եկեղեցականների ձեռքին, բնականաբար, խիստ գրաքննության էր ենթարկվում: Բանը հասավ նրան, որ անգամ հայկական ծագումնաբանությունն ու մեր վեհ անցյալը այն աստիճան մի կողմ մղվեցին, որ վաղ քրիստոնեական շրջանում շատ նախարարական, իշխանական տներ իրենց հայ-արիական փառահեղ անցայլը ներկայացնելու փոխարեն սկսեցին իրենց արմատներում հրեական կամ այլ արյուն որոնել: Խոսքը Բագրատունիների, Մամիկոնյանների, այլոց մասին է:

Մինչդեռ հայերի պատմական հայրենիքը Հայաստանն է և հայ քաղաքական, պատմական, մշակութային կյանքում մեծ դերակատարում ունեցած այդ տոհմերը չէին կարող օտար ծագում ունենալ:

Առհասարակ, հայերի ծագման մասին լեգենդներ ու առասպելներ պահպանվել են ոչ միայն մեր պատմագրության մեջ: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև հայերի ծագման վրացական, հունական, եբրեյական ավանդույթները:

Անտարակույս, այս ավանդույթներին չի կարելի վերաբերվել որպես պատմական փաստեր, որովհետև դրանցում որոշակի շահախնդրություն և միտում կա: Յուրաքանչյուր ավանդույթ ձևավորվում է տվյալ ժողովրդի պատկերացումների հիման վրա և ունի արդեն իսկ նախապաշարումային կարգավիճակ: Բացի այդ, չի կարելի միանշանակ հավատալ այդ ավանդությունների մեջբերողների անկեղծությանը, որովհետև կամա թե ակամա նրանք նույնպես որոշ շահագրգռվածություն ունեն մեզ հուզող այս խնդրում:

Հայկական ավանդույթը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ: Այս ավանդապատումի համաձայն` հայերը ծագում են Հայկ նահապետից, ով Բաբելոնի տիրական Բելից ապստամբեց, ջարդեց նրա զորքին, սպանեց նրան ու հիմք դրեց հայոց պետության: Սակայն Խորենացին Հայկի ծագումնաբանությունը կապում է Նոյի սերունդների, հետևաբար` հրեաների հետ:

Առավել արժանահիշատակ տեղեկություն է պահպանել Մար Աբաս Կատինան. «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ. աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը…» Հսկաներից էլ, ըստ Մար Աբաս Կատինայի, սերում է Հայկը: Առհասարակ, Խորենացու մեջբերումը համահունչ է Մար Աբաս Կատինայի մեջբերմանը, ուղղակի քրիստոնեության մուտքից հետո հայերի ծագումնաբանության մասին ավանդույթը հարմարեցվել և համահունչ է դարձել իշխող գաղափարախոսությանն ու պատկերացումներին: Այսպես. Հայկի հայր Թորգոմը քրիստոնյա պատմիչը համարում է Նոյի ավագ որդի Հաբեթի սերունդը, մինչդեռ իրականում Թորգոմը Եփրատի միջին հոսանքներում եղած Թեգարամա երկրի հիմնադիր նախնին է: Առհասարակ, հայերի ծագման մասին հայկական ավանդույթը շատ հարցերի պատասխաններ է տալիս: Ըստ ավանդույթի, մեր երկրի Հայաստան և Արմենիա անվանումները հենց առաջացել են Հայկից և նրա որդի Արամից, իսկ մեր սրբազան լեռնաշխարհի շատ տեղանվանումներ անվանակոչված են հենց Հայկի սերունդների անուններով:
Հայկի մասին պատումը պետք է ամենաճշմարտացին համարել. Ճիշտ է, այն շատ է հետագայում ազդվել քրիստոնեությունից և հարմարեցվել նոր գաղափարախոսությանը, համենայնդեպս, հայ ժողովուրդն է նրա ծնողն ու կրողը:

Այլ են հայերի ծագման մասին օտար ավանդույթները. դառնանք հունական ավանդությանը, որ շատ տարակարծությունների և վեճերի տեղիք է տվել` հիմնականում ջուր լցնելով հայերի գենետիկ հակառակորդների ջրաղացին:

Համաձայն հունական ավանդության` հայերի նախնին Արմենոսն է` Թեսալիայից, ով Ոսկե Գեղմի հետևից Յասոնի խմբի հետ ճամփորդել է և հաստատվել Հայաստանում` կոչելով երկիրն իր անունով: Առհասարակ, հունական գրականության մեջ շրջանառվում է մի քանի տեսակետ-վարկած, ուր հայերին անպայման օտար ծագում է վերագրվում. այսինքն` հունական վարկածի համաձայն, հայերը եկվոր են Հայկական լեռնաշխարհում:

Այստեղ կարևոր է հիշատակել մեջբերման աղբյուրը. դա Ստրաբոնի պատմությունից է: Հեղինակը նաև մեջբերել է, թե իր տեղեկությունները քաղել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններից: Ստրաբոնի մեջբերումը չի դիմանում ոչ մի քննադատության: Նախ հայերի եկվոր լինելու մասին որևէ հիշատակություն չկա բացառապես, բացի այդ հակառակը պնդող հազարավոր ակնառու փաստեր գոյություն ունեն: Այստեղ մենք ականատեսն ենք պետական քարոզչության վաղ դրսևորման: Գաղտնիք չէ, որ ազգերն ու պետությունները միմյանց դեմ պայքարել և պայքարում են ոչ միայն զենքով: Եվ հին աշխարհում հայ-արիական և հելլենական մշակույթների պայքարի դրսևորումներից է սա: Բացի այդ` միգուցե շրջանառելով այս թեզը` հելլեն /տվյալ դեպքում մակեդոնացի/ տիրակալը ցանկացել է իրավական հիմք ստեղծել Հայաստանի նվաճման համար: Պարզ է սակայն, որ Ալեքսանդր Մակեդոնացին Առաջավոր Ասիայի երկրներից չկարողացավ նվաճել միայն Հայաստանը:

Հաշվի առնելով որ մեր լեռնաշխարհը կոչվել է Սրբազան օրենքների երկիր` Արատտա, սա ավելի ճշմարտանման է երևում, քանզի պատմիչը Հայկի, իմա` հայերի ծագումնաբանությունը կապելով աստվածներին` ի ցույց է դնում նրանց արարչագործ առաքելությունները:

Հայկական ավանդույթին շատ ավելի հարիր է վրացական ավանդույթը հայերի ծագման մասին: Այս պատումը մեզ է հասել 11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու շնորհիվ: Համաձայն նրա` Հայկը Թորգոմի որդին է: Թորգոմից են սերում նաև կովկասյան բոլոր ժողովուրդները, սակայն նրանց մեջ առաջնեկն ու առաջնայինը Հայոսն է, ապա երկրորդ որդին (և ըստ ազդեցության երկրորդը) վրացիների նախահայր Քարթլոսը, ապա` աղվանների նախահայր Ռանոսը և այդպես շարունակ:
Այստեղ պարզ է, վրացական ավանդույթում արտացոլված է ժամանակի քաղաքական հարաբերություններն ու կարգերը, երբ տարածաշրջանում հայկական հեգեմոնիա էր:

Հայերի ծագման մասին արաբական, հրեական սկզբանղբյուրները քիչ են տարբերվում միմյանցից, սակայն նրանցում ակնարկ անգամ չկա հայերի` եկվոր լինելու մասին:

Այս տեսակետը բնականաբար պաշտպանություն և զարգացում է գտնում միայն թուրք գիտնականների կողմից, համաձայն որոնց, հայերը Բալկաններից միայն մ.թ.ա. 6-րդ դարում են Հայկական բարձրավանդակ գաղթել, կործանել Ուրարտուն և հաստատել սեփական թագավորությունը»:



Նման նյութեր