Մեղրիում պարսկերենի դասընթացներ են սկսվել. Առաջին սովորողները գործարարներ են, տաքսիստներ, հյուրանոցի աշխատողներ. aysor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեղրիում պարսկերենի դասընթացներ են սկսվել. Առաջին սովորողները գործարարներ են, տաքսիստներ, հյուրանոցի աշխատողներ. aysor.am

Մեղրիում բնակիչներն արդեն կարող են պարսկերեն սովորել՝ հարևան Իրանի քաղաքացիների հետ ազատ շփվելու համար: Նախաձեռնության հեղինակը 30-ամյա Լևոն Միրզոյանն է, իսկ ծրագիրը իրագործելու հարցում նրան օգնել է Մեղրիի քաղաքապետարանը:

Լևոնն ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, վերադարձել է հարազատ Մեղրի ու այժմ փորձում է օգտակար լինել հարազատ համայնքին:

«Մի քանի ամիս ուսանելու ընթացքում սովորել եմ պարսկերեն, հիմա էլ կատարելագործում եմ գիտելիքներս՝ սովորողներին փոխանցելու համար», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Լևոնը:

Երիտասարդ պատմաբանը նկատել է, որ համայնքում պահանջարկ կա լեզուն իմանալու, քանի որ հարևան Իրանի հետ հարաբերություններն ակտիվացել են, իրանցիների հետ շփումը՝ մեծացել:

«Տեսնելով հայ-իրանական հարաբերությունների բարելավումը, ազատ առևտրի գոտու բացման հնարավորությունները, մանավանդ, երբ մեր տարածաշրջանում պահանջարկը մեծ է, պարսկերեն տիրապետողներ չկան, ովքեր էլ որ կան միայն բանավոր, գրել-կարդալ չգիտեն, նաև կիսաթուրքերեն, կիսապարսկերեն են խոսում, առաջարկել եմ մեր համայնքապետ Մխիթար Զաքարյանին, ինքն էլ համաձայնեց: Ու հիմա ամեն հարցում ինձ աջակցում են՝ ծրագիրը կյանքի կոչելու համար», – պատմում է Լևոն Միրզոյանը:

Խմբակը գործում է Մեղրի ու Ագարակ քաղաքներում, որտեղ դպրոցի դասասենյակներում  տարբեր տարիքային սովորողներ են ընդգրկված: Լևոնն ասում է՝ պարսկերեն սովորելու համար առաջինն արձագանքել են գործարարները, հյուրանոցի, ռեստորանի աշխատողները, տաքսիստները:

«Մեր նպատակը տարածաշրջանի բնակչության լեզուն սովորեցնելն է, որ կարողանան հաղորդակցվել՝ հետագայում ազատ առևտրի գոտին կբացվի ու մենք կկարողանանք մարտահրավերին պատասխանել, որի նախապայմանը հենց լեզվի իմացությունն է: Բացի այդ, այժմ վիզային ռեժիմը հանված է, ցանկացած մարդ կարող գնալ, գալ առևտուր անել, ու սա նաև արվում է այդ ամենը դյուրացնելու նպատակով», – ասում է պարսկերենի ուսուցիչը:

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ այս ծրագրի պահանջարկը եղել է, բայց մասնագետի բացակայության պատճառով հնարավոր չի եղել իրագործել այն:

Միրզոյանը հույս ունի, որ լեզուն կօգնի բնակիչներին՝ կողմնորոշվել իրենց ծրագրերում: «Լեզվի իմացությունը թելադրում է, որ հետագա նախագծերը ավելի ստույգ կառուցեն մարդիկ», – նկատում է նա:

Լուսանկարները՝ Aysor.am-ին տրամադրել է Լևոն Միրզոյանը:

aysor.am