Հայ կինոռեժիսոր, ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Գևորգյանցի թաղման արարողության համար Մշակույթի նախարարության տրամադրած 1 միլիոն 700 հազար դրամը արվեստագետի ընտանիքը փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարությանը․ այս մասին Ռուբեն Գևորգյանցի վերջին հրաժեշտի արարողությանը խոսքի մեջ հայտնեց Թատերական ինտիտուտի նրա կուրսի ենթավարպետ, ռեժիսոր Աշոտ Գևորգյանը՝ նշելով, որ «վարպետի» վերջին կամքը դա էր՝ պսակ ու ծաղիկ իր շիրիմին չդնել, այլ դրանց վրա ծախսվելիք գումարն ուղղել հայոց բանակին:
«Որպես վաստակավոր գործիչ՝ պետությունը ցանկանում էր այդ գումարը փոխանցել, սակայն ընտանիքը հրաժարվել է այդ գումարից և փոխանցել Պաշտպանության նախարարությանը․․․ Այդպիսի ցավով, այդպիսի մտածողությամբ էլ գնաց՝ երազելով, որ մի օր այս երկիրը թե՛ գեոպոլիտիկ, թե՛ սահմանային, թե՛ քաղաքականապես, և թե սոցիալապես կարգին վիճակում կգտնվի »,- նշեց նա:
Աշոտ Գևորգյանի խոսքով՝ Ռուբեն Գևորգյանցի մեջ մեծ մարդու, հանճարեղ տաղանդի բոլոր գծերը կային: Նա հիշատակեց՝ Ռուբեն Գևորգյանցը մասնակցել է Արցախյան պատերազմին և ինչպես մնացած ազատամարտիկները, կռվել պատերազմում:
Ամբողջությամբ՝ tert.am