New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամը Technology and Science Dynamics (TSD) ընկերության հետ համատեղ կազմակերպել է Color Pop մոբայլ խաղերի առաջնություն:
Color Pop խաղը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են կենտրոնացածություն և մտքի ճկունություն պահանջող խաղեր, սիրում են մարզել միտքը, զարգացնել արագ կողմնորոշվելու ունակությունը և միաժամանակ՝ հաճելի ժամանակ անցկացնել: Մոբայլ խաղերի սիրահարներն իրենց մտքի ճկունությամբ և արագ կողմնորոշվելու ունակությամբ պետք է մրցեն եզրափակիչ անցնելու համար։
Խաղի իմաստն է՝ հավաքել բոլոր օղակները, որոնք համապատասխանում են ներքևի գծանշման գույնին, և պայթեցնել մնացած բոլորը՝ թեթևակի հպելով էկրանին: Պետք է ուշադիր լինել, քանի որ գծանշման գույնը պարբերաբար փոխվում է, զուգահեռ՝ մեծանում է խաղի արագությունը և արագ կողմնորոշվելն ավելի է բարդանում:
Technology and Science Dynamics ընկերության նախագծերի ղեկավար Արփինե Ամիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս առաջնությունը տեղի է ունենում ինչպես՝ offline հարթակում, այնպես էլ՝ online՝ Facebook սոցիալական ցանցի միջոցով։ «Որոշեցինք միայն online հարթակով չսահմանափակվել, ինչպես սովորաբար խաղերի առաջնություններն են լինում, այլ նաև ցանկացանք տեղափոխել offline հարթակ: Ամռան ընթացքում մի քանի անգամ տեղի կունենան նմանատիպ միջոցառումներ, եզրափակիչ անցածները բոլորը մեկտեղ կմրցեն հաղթանակի համար»,- ասաց Արփինե Ամիրյանը:
Առաջնության ընթացքում մասնակիցների քանակի սահմանափակում չկա: Online հարթակում 200-ից ավելի միավորներ հավաքած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել եզրափակչին:
Color Pop խաղի լավագույն արդյունքներ գրանցած 10 մասնակիցներ կանցնեն եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսին: Այնտեղ նրանց կմիանան նաև օնլայն հարթակում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները: Հաղթողը կշահի ArmPhone հեռախոս:
Առաջնության մեկնարկը տրվեց «Ամի» ակումբում, որը 2-12 տարեկան երեխաների օգտակար ժամանցի, խնամքի և ուսուցման կենտրոն է, ներառում է բոլորը՝ մեկ վայրում. մանկապարտեզ, ցերեկային խնամք, զարգացման կենտրոն, դասապատրաստում, լեզուների ուսուցում, դպրոցական արձակուրդային ծրագիր, արվեստի խմբակ, մանկական հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ:
Ակումբի հիմնադիր-տնօրեն Նելլի Խաչատրյանի խոսքով՝ TSD ընկերության հետ համագործակցությունը ծնվել է «Կրտսեր Մերգելյան» նախագծի շրջանակներում: Պարբերական այցերից հետո ցանկություն առաջացավ համագործակցությունը շարունակական դարձնել:
«Կարելի է ասել, որ Հայաստանում առաջին մոբայլ խաղի մրցույթն է: Բավականին հետաքրքիր խաղ է և ուշադրություն է պահանջում, արագ կողմնորոշվելու կարողությունն է զարգացնում: Մենք փորձեցինք մեկ օր օգտակարը համատեղել հաճելիի հետ: Մեզ մոտ առհասարակ հեռախոսներ, պլանշետներ չեն օգտագործվում, բայց ամռան ընթացքում գոնե մի օր պետք է զվարճանք, և ոչ թե՝ միայն կրթություն, զարգացում: Ամեն ինչն էլ պետք է համեմվի երեխաների ցանկություններով»,- ասաց Նելլի Խաչատրյանը:
Color Pop առաջնությունն անցկացվում է «Էն-Թի-Ի-Էֆ» հիմնադրամի կրթական ծրագրերի շրջանակներում: Միջոցառման ընթացքում երեխաները նաև հնարավորություն ունեցան VR վիրտուալ իրականության ակնոցներով կրթական ֆիլմեր դիտել:
Նշենք, որ Color Pop խաղը հասանելի է Google Play և iTunes հավելվածներում:
Անի Թորոսյան