Երևանում առաջին անգամ կազմակերպվեց մանկական բարեգործական մրցավազք
Advertisement 1000 x 90

Երևանում առաջին անգամ կազմակերպվեց մանկական բարեգործական մրցավազք

Երևանի Բուսաբանական այգում հուլիսի 1-ին երեխաների համար կազմակերպվեց Երևանյան առաջին մանկական բարեգործական մրցավազքը։ Միջոցառումը կազմակերպեցին Երևանի քաղաքապետարանը և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը։

Վազքին մասնակցեցին 3-14 տարեկան  երեխաներ։

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության  հիմնադիր  Նարինե Մանուկյանը նշեց, որ  միջոցառման նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, մարդասիրության և հավասարության գաղափարները։

«Մրցավազքին մասնակցում են բոլոր երեխաները՝ անկախ նրանց ֆիզիկական, մտավոր և այլ խնդիրներից: Երեխաները փոքր տարիքից պետք է սովորեն հավասարությանը և կարողանան իրենց ներդրումը ունենալ խնդիրն ունեցող երեխաներին օգնելու համար»,- ասաց Մանուկյանը:

Միջոցառման արդյունքում հանգանակված ամբողջ գումարը կհատկացվի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց ծնողների կյանքի որակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանում  նման մրցավազքեր հաճախ են կազմակերպվել, սակայն ոչ երեխաների մասնակցությամբ:

«Երևանի քաղաքապետարանը «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ միասին առաջին անգամ կազմակերպում  է նման մրցավազք, որը շարունակական բնույթ է կրելու: Յուրաքանչյուր երեխա, անկախ իր առողջական և սոցիալական  վիճակից, պետք է իրեն զգա մեր հասարակության լիարժեք անդամ»,- ընդգծեց Ռուբեն Հովհաննիսյանը:

armenpress.am