Տիկնիկային թատրոնում օրերս երգիչ-դերասան, հումորիստ Հայկ Պետրոսյանը (դերասան Վարդան Պետրոսյանի որդին) իր համերգ-ներկայացման ընթացքում ներկայացրել է իր նոր` «Պոմիդորով ձվածեղ» տեսահոլովակը: «Որոշեցինք կատակ-տեսահոլովակ նկարել, որը կտարբերվի հայկական տեսահոլովակներից… նկատի ունեմ, որ Բենթլի են վերցնում, որից դանդաղ կադրով իջնում է գլամուր աղջկա կաբլուկը, իսկ պատի մոտ երգիչը տառապում է… այդպիսի բաներից հեռու ենք մնացել։ Ճիշտն ասած, մոնտաժողի փող էլ չունեինք, մի դուբլով է նկարված»,-խոստովանել է նա:
Հումորային տեսահոլովակում միավորված են Անջելինա Ջոլին, Քիմ Քարդաշյանը, ոստիկան աղջիկները, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլք: «Շնորհակալ ենք Մշակույթի նախարարությանը՝ տեսահոլովակի հետ ոչ մի առնչություն չունենալու համար, տեսահոլովակը չնկարահանվեց վարչապետի բարձր հովանու ներքո:): Փոխարենը շնորհակալ եմ իմ ընկերներին»,-ասել է Հայկը:
«Պոմիդորով ձվածեղը» ներկայացնելուց հետո Հայկ Պետրոսյանը բեմից ընթերցել է իրեն ուղղված «երևակայական» նամակները, որոնց մեջ էր ոստիկանապետի նամակը, ում կարծիքով ամեն ինչ լավ էր` բացի բերետավոր աղջիկներից, ինչպես նաև Գոռ Վարդանյանի նամակը, ով սպառնում էր Հայկին իր` արդեն թևավոր դարձած «Յաիսնիցա, տոլկո ս պամիդորամի» արտահայտությանն անդրադառնալու համար:
Երեկոյի ընթացքում Հայկը նաև պատմել է Գլենդելում, Փարիզում ու երևանյան փաբերում աղջիկների հետ իր անհաջող ծանոթությունների մասին, նմանակել է «ռոմանծիկ» հայ երգիչներին, փաբերում պարող տղաներին ու աղջիկներին…
Տեսահոլովակի անվանը՝ «Պոմիդորով ձվածեղին» անդրադառնալով, նշել է, որ պարզապես շատ է սիրում այդ ուտեստը, դրա համար էլ հաճախ է անդրադառնում: «Պոմիդորով ձվածեղ» հումորային տեսահոլովակի հեղինակը հենց Հայկ Պետրոսյանն է, ռեժիսորը Մարիամ Գևորգյանն է, իսկ պրոդյուսերը՝ Ալեքսանդր Մհերյանն է:
Համերգ-ներկայացումը Հայկ Պետրոսյանը եզրափակել է «Մեր բակը» ֆիլմից հայտնի դարձած «Մանթո՞ ես, ապե-ապե» երգով:
ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ