Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2016թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը հրավիրում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին։ Այս մասին այսօր հայտնեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը, Փառատոնի կազմկոմիտեի անդամ Դավիթ Ղազարյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:
Մհեր Նավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ այս տարի փառատոնը հյուրընկալելու է կատարողների Ճապոնիայից և Ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստան է ժամանելու Վիլժյուիֆի հանրային հոգեբուժարանի (Վիլժյուիֆի հոգեբուժարանում Կոմիտաս վարդապետն անցկացրել է իր կյանքի վերջին տարիները) հոգեբույժ, ով ելույթ է ունենալու Կոմիտասի՝ հոգեբուժարանում անցկացրած տարիների կենսագրական իրողությունների մասին՝ հենվելով այն փաստաթղթերի հիմքի վրա, որոնք կան, առկա են Վիլժյուիֆի հոգեբուժարանում. «Այս փաստաթղթերի կրկնօրինակները պահպանվում են նաև այստեղ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Դրանցում առկա է հոգեբույժի որոշակի ախտորոշում: Համաձա՞յն ենք մենք դրա բովանդակության հետ, թե՞ ոչ, այլ հարց է: Ես երաժշտագետ եմ, և ինքս չեմ կարող վիճարկել դրանց հավաստիությունը, բայց կան մասնագետներ՝ հոգեբան-հոգեբույժներ, ովքեր դրանց հետ համաձայն չեն»:
Կոմիտասագետ Մհեր Նավոյանը մանրամասնում է, որ գիտաժողովի ընթացքում իրենք նախաձեռնել են նաև Կոմիտասի կյանքի այս կամ այն ստվերոտ կողմերը ներկայացնելու առաքելությունը, որը շարունակական բնույթ է կրելու:
«Սա համարենք Կոմիտասի կյանքի ստվերոտ կողմերը լուսաբանելու քայլ, և այս անգամ հերթը Վիլժյուիֆի հոգեբուժարանին է: Գուցե ապագայում մենք հնարավորություն ունենանք հայ հոգեբույժ-հոգեբաններին նույնպես հրավիրելու, ովքեր ճիշտ հակադիր տեսակետի կողմնակիցներ են և ապացույցներ ունեն, որոնք պատրաստ են ներկայացնելու: Մենք, անկասկած, առիթ կունենանք մեր հարցերով համաձայնելու կամ հակադրվելու՝ Վիլժյուիֆի հոգեբուժարանի կողմից Կոմիտաս Վարդապետին ժամանակին արված ախտորոշմամբ՝ հիմնավորելով մեր տեսակետը: Չեմ բացառում, հնարավոր է, որ լինեն հակադիր կարծիքների բախումներ: Ինչ վերաբերում է Կոմիտասի մահվան վարկածին, այդտեղ վարկած չկա: Փաստացի մարդը մահացել է ձախ ոտքի ոսկրախտից, որի առաջացման պատճառը փայտե ոտնամանն է եղել, որ հարել էր Վարդապետի ոտքը:
Այն, ինչ կներկայացնի Վիլժյուիֆի հոգեբուժարանի ներկայացուցիչն իրենց փաստաթղթերով՝ հոգեկան հիվանդություն չէ, գուցե հոգեկան հավասարակշռության խախտման ախտորոշում է, բայց ոչ՝ որպես հոգեկան հիվանդություն ախտորոշում»,- Կոմիտաս Վարդապետի հիվանդության կենսագրության, մահվան պատճառների և հանգամանքների, ինչպես նաև մահվան վարկածների մասին մեկնաբանեց Մհեր Նավոյանը:
ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ