Գևորգ Արևի Գասպարյանը մեկ տարի առաջ նախաձեռնեց դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր, պատմամշակութային հուշարձաններ տանող ճանապարհների ուղեցույցների պատրաստման և տեղադրման աշխատանքները: Ցավոք, այս տարվա պատկերը մտահոգիչ է. մեկ քայլ առաջ աբելու փոխարեն, Գևորգը ստիպված է արդեն տեղադրած ցուցանակները վերականգնել… Այդ առիթով նա կրկին անդրադարձել է Facebook-ի իր էջում.
«Տաթևը Հայաստանի միակ գյուղն է, որտեղ ուղղակի ոչնչացվել են հենց իրենց գյուղի զարգացմանը նպաստող ցուցանակները:
Եվ այսպես,
Լծենից Տաթև ուղղության վրա 6 ցուցանակ, Տաթևից Մեծ Անապատ ուղղության վրա 2 ցուցանակ:
Տեղահան արված ցուցանակները գլորվել են ձոր, իսկ փոսերը լցվել քարերով, հետքերը վերացնելու համար:
Դիտարկումները ցույց են տալիս, որ ցուցանակները վնասվել են կազմակերպված ձևով, այն տեղամասում, որտեղ հեռվից կարելի էր տեսնել քարը և հետևել ուղղությանը, այդ քարը տեղահան են արել, մյուս շփոթացնող տեղերում պիտակներն են պոկել միայն:
Մեզ չհաջողվեց հանդիպում կազմակերպել տեղական ուղեկցորդների հետ, նրանք ուղղակի հրաժարվեցին հանդիպման գալուց:
Մոտ օրերս բոլոր ցուցանակները կվերանորոգվեն, իսկ հանցագործների մասով կզբաղվեն արդեն ոստիկանները»: