Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Թուրքիայում մեծ էկրաններ կբարձրանա հայուհու և թուրք երիտասարդի սիրո մասին պատմող «Կիսատ մնացած»/Yarim Kalan ֆիլմը: Ռեժիսոր Էմրե Յեմազի այս ֆիլմում նկարահանվել են հիմնականում թուրք դերասաններ, իսկ հայուհուն մարմնավորել է ռուսաստանաբնակ հայ դերասանուհի Իսկուհի Բալջյանը:
Վերջին օրերին համացանցի բուռն քննարկումների կիզակետում հայտնված այս նախագծի շուրջ NEWS.am STYLE-ը բացառիկ զրույց է ունեցել ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած Իսկուհի Բալջյանի հետ, որը մեզ պատմել է, թե ինչպես է համաձայնվել նկարահանվել այս նախագծում, ինչ ակնկալիքներ ունի և ինչով է զբաղվում առհասարակ:
21-ամյա Իսկուհին ծնվել է Հայաստանում. փոքր տարիքում տեղափոխվել է Ռուսաստան: Այժմ Իսկուհին ուսանողուհի է, ավարտել է Սանկտ Պետերբուրգի հեռուստատեսության դպրոցի դերասանական վարպետություն բաժինը:
Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է քասթինգի ղեկավարից, որից հետո նրա մասնակցությունը հաստատել են ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը.
«Նախևառաջ՝ այս ֆիլմը սիրո մասին է: Այն ցույց է տալիս, թե ինչպես են անցյալի իրադարձությունները ցավ պատճառում երկու երկրների ներկայացուցիչներին: Ինձ առաջնահերթ շատ է տպավորել ֆիլմի սցենարը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց դերասանուհին՝ հավելելով.
«Ես ֆիլմում միակ հայուհին եմ, մնացած դերերում թուրք դերասաններ են նկարահանվել»:
Իսկուհուց հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արձագանքներ է այս նախագիծը ստանում Թուրքիայում.
«Սկզբում ինչպես թուրքերն, այնպես էլ հայերը, խուսափում էին մեկնաբանություններ անելուց: Կարծում եմ՝ դա նորմալ է, քանի որ սա շատ նուրբ թեմա է: Բայց ֆիլմի փակ դիտումից հետո դրա հանդեպ հետաքրքրությունն ավելացավ: Մամուլը սկսեց գրել դրա մասին: Հուսով եմ՝ պրեմիերայից հետո այդ հետաքրքրությունն ավելի կմեծանա. մեզ համար ամենից կարևորը հանդիսատեսի քննադատությունն է: Որպես դերասանուհի, իհարկե, ցանկանում եմ, որ այս ֆիլմը ցուցադրվի Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում: Դա արդեն ֆիլմի արտադրողներից և հեռուստստեսային ալիքներից է կախված»:
Ինչ վերաբերում է ֆիլմի պրեմիերային, Իսկուհին նշում է՝ դրական արդյունք է ակնկալում.
«Կարծում եմ՝ ֆիլմը կստիպի հուզվել թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Իսկ եթե այս երկու երկրների ներկայացուցիների մոտ միևնույն տեսարանը կարող է հուզմունք առաջացնել, ուրեմն դեռևս երջանիկ ապագայի հույս ունենք»,-ասում է դերասանուհին, որը վերջին անգամ Հայաստանում եղել է 4 տարի առաջ, սակայն հուսով է՝ մյուս տարի ամռանը կհաջողվի լինել հայրենիքում:
Սյունե Առաքելյան