Իրենց աշխատանքով շնչող մարդիկ վարակիչ են ու հրապուրող
Advertisement 1000 x 90

Իրենց աշխատանքով շնչող մարդիկ վարակիչ են ու հրապուրող

Սյունե Սևադայի գրառումը.

«Բժիշկներն իմ անթաքույց թուլությունն են։ Ցանկացած ոլորտի ու տարիքի։ Դա մասնագիտություն ա, որը ինքն ա ընտրում մարդուն, որովհետև չի հանդուրժում կիսատություն․ դու չես կարող մի քիչ բժիշկ լինել։ Կարող ես մի քիչ ամուսին լինել, անգամ՝ մի քիչ մամա երբեմն՝ երեխաներիցդ ժամանակ կտրելով, սիրելիներիդ ամիսներով չտեսնելով, ցանկացած ընտրության դեպքում ընտրելով հիվանդներիդ ու աշխատասենյակդ՝ ինչքան էլ հարազատներդ սիրելի լինեն, բայց տեղ-տեղ բժիշկ լինել ուղղակի հնարավոր չի։ Ոչ միայն բժշկության մեջ, ամեն տեղ, շատ ցանկալի ա, որ բոլորս լինենք «ամբողջական» մասնագետներ, ոչ թե՝ մեկումեջ։ Ուղղակի կան մասնագիտություններ, որոնք շատ ավելի ժամանակ ու նվիրում են պահանջում, տեխնիկապես էդպես ա ստացվել։ Բժիշկությունը դրանցից մեկն ա։

Դե, խոսքը նորմալ բժիշկների մասին ա։ Ոչ թե ղասաբների, անգրագետ տխմարների, որոնցով, ցավոք, լցված են մեր հիվանդանոցները ու ոտատակ են տալիս գործի մարդկանց։

Ու սովորաբար պրոֆիները շատ հասարակ են, հասկանում են, որ բժշկությունն իրենց մասնագիտությունն ա, դա իրենց ավել կամ պակաս չի դարձնում որևէ մեկից։ Իրենք ընտրել են, իրենք հաճույք ստանալով տանջվում են։ Չես լսի գլուխ գովեն, բժիշկ լինելու համար արտոնություններ ուզեն։ Դե, մենակ մեքենա վաճառելուց են ասում՝ բժշկի ավտո ա, էդ էլ թևավոր խոսք ա, կրկնելը պարտադիր ա:)) Ու շատ հաճելի ա, որ իրենք, դե ի՞նչ են անում, ընդամենը իրենց աշխատանքը, բայց փոքր ու մեծ հրաշքներ են ստանում ՝ օգնելով մարդկանց առողջ լինել։

Ու ընդհանրապես, բժիշկ լինելն ինքնին դիագնոզ ա։ Չոր-չոր, սառը-սառը մարդիկ են, որ առանց աչք թարթելու ներսդ են քանդրտում, խուճուճ-վախենալու բաներ են ասում, հետո՝ անում։ Մեկ էլ պարզում ես, ասենք, շատ ընտիր կիթառ են նվագում կամ նկարում են, գրական ու երաժշտական հրաշալի ճաշակ ունեն, ու, գրողը տանի, ժպտալ գիտեն։ Կան նույնիսկ մասնագետներ, որ քեզ լացացնում են, որովհետև այլ տարբերակ ուղղակի չունեն, ու գործն ավարտելուց հետո, դեմքի սառը ու անտարբեր արտահայտությունը ձեռնոցների հետ շպրտում են մի կողմ, քեզ մի կողմ հրում, տեղավորվում աթոռիդ կամ մահճակալիդ, գրկում ու ասում, որ դու իրենց Ռեմբոն ես, որ էդքան քաջաբար դիմացար, ու էսօր բոլորին քո մասին են պատմելու ու հպարտանան քո քաջությամբ։

Իրենց աշխատանքով շնչող մարդիկ վարակիչ են ու հրապուրող։ Ու շնորհակալություն ձեզ՝ մի մարդուց, որը մոտ մեկ տարի առաջ ա իմացել, որ շագանակագեղձ միայն տղամարդիկ են ունենում, ու շատ տխրել էր, որովհետև էդ բառն իրեն շատ դուր էր գալիս 🙂)))))))) »:



Նման նյութեր