Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով ազատվելով Ադրբեջանի ճիրաններից մեկնել է Իսրայել, շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն անցնել ադրբեջանական մղձավանջի միջով:
Լապշինն այս մասին գրառում է կատարել իր բլոգում` puerrtto.livejournal.com-ում:
«Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ չեն թողել նեղության մեջ ադրբեջանական բանտում 7 ամիս շարունակ անօրինական ազատազրկման մեջ գտնվելուս ժամանակ: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այցելեցին ինձ և բարոյական ու փաստացի աջակցություն ցուցաբերեցին` օգնելով ինձ հաղթահարել ադրբեջանական բանտում ապրած մղձավանջային օրերը, դա առաջին հերթին իմ ընտանիքն է»,- գրել է Լապշինը:
Ալեքսանդր Լապշինը հատուկ շնորհակալություն է հայտնել Բաքվում Ռուսաստանի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներին, ովքեր այդ դժվարին օրերին այցելել են իրեն: