Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր հերթական գրառումն է արել իր բլոգում: Նա ներկայացրել է այն երկրների ցուցակը, որոնք օգնել են կամ չեն օգնել Ադրբեջանին իր մասին տեղեկություն տրամադրելու հարցում:
Իր դեմ կազմված գործը ուսումնասիրելիս բլոգերը կարդացել է նաև ադրբեջանցի իրավապահների նամակագրությունն օտարերկրյա գործընկերների հետ: Ըստ Լապշինի` Բաքուն հարցում է ուղարկել 8 երկիր` Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Թուրքիա և Իրան: Իսրայելը, Ռուսաստանը և Իրանը չեն պատասխանել հարցմանը: Մոլդովան և Թուրքիան սահմանափակվել են ձևական պատասխաններով: Սակայն ցուցակից եղել են երկրներ, որոնք տրամադրել են անգամ այնպիսի տեղեկություններ, որոնց մասին նրանց չեն էլ հարցրել: Այդ երկրներն են` Վրաստանը, Բելառուսը և Ուկրաինան: Այսպես` Վրաստանը տրամադրել է տեղեկություն հայ-վրացական սահմանը հատած բոլոր, անգամ` բլոգերին անծանոթ մարդկանց, Բաթումում գնված բնակարանի մասին, Bank of Georgia-ում ունեցած բանկայի հաշիվների մասին տեղեկություններ են տրամադրել:
Ըստ Լապշինի` Ադրբեջանի հետ ակտիվորեն համագործակցել են այն երկրները, որոնք նավթ և վարկեր են ստանում Ադրբեջանից:
«Կարծում եմ, որ Հայաստանի (և այլ երկրների) բոլոր քաղաքացիները, ովքեր Վրաստանում անշարժ գույք են ձեռք բերում, պետք է նկատի ունենան, որ տեղեկատվությունն առանց իրենց իմացության կարող է փոխանցվել երրորդ երկրի»,- եզրափակել է նա: