Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվող խախտումները Հայաստանի վարորդների ամենամեծ գլխացավանքներից մեկն են։
Հաճախ է պատահում, որ տուգանքի մասին ծանուցումը փոստով չի հասնում մեքենայի սեփականատիրոջը, և նա այդ մասին իմանում է միայն այն ժամանակ, երբ ԴԱՀԿ ծառայությունը արգելանքի տակ է դնում նրա հաշիվները։
Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համակարգի միջոցով կարելի է օնլայն տեղեկանալ խախտումների և տուգանքների մասին։ Սակայն ոչ բոլորն են այցելում այդ կայքը։ Բացի դրանից՝ վարորդների համար նախընտրելի է խախտումը արձանագրվելու պես անմիջապես տեղեկանալ այդ մասին՝ հաղորդագրության միջոցով։
Հայկական iDram էլեկտրոնային դրամապանակը նորույթ է առաջարկում, որով այս խնդիրը լուծվում է։ Դրա համար անհրաժեշտ է կատարել ընդամենը 2 քայլ.
1. Ներբեռնել iDram հավելվածը բջջային հեռախոսի մեջ (iOs-ի կամ Andrid-ի համար),
2. Վճարման ծառայությունների ցանկում ընտրել «ՃՈ տուգանքներ»-ը, և «Իմ մեքենաները» բաժնում ավելացնել ձեր ավտոմեքենան՝ լրացնելով պետհամարանիշը և տեխնիկական անձնագրի համարը։
Վերջ։ Դրանից հետո խախտման արձանագրությունից անմիջապես հետո ձեր հեռախոսի վրա Push հաղորդագրություն կհայտնվի (այսինքն՝ անկախ նրանից այդ պահին iDram-ի հավելվածը օգտագործում եք, թե ոչ, հեռախոսի էկրանին համապատասխան գրառում կհայտնվի)։
Նույն հավելվածի միջոցով կկարողանաք ոչ միայն տեղեկանալ խախտման մասին, դիտել արձանագրությունը (տեսանյութը կամ լուսանկարը), այլ նաև օնլայն վճարել տուգանքը։
Նշենք նաև, բացի սրանից կա նաև մեկ այլ տարբերակ՝ տուգանքների մասին տեղեկանալու համար։ Ճանապարհային ոստիկանությունը 2017 թվականի հունիսի 5-ից գործարկել է ՃՈ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ «TELEGRAM» բջջային հավելվածի միջոցով տեղեկություններ տրամադրելու համակարգը (առավել մանրամասն՝ այստեղ):