Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԿԳ նախարարին եմ փոխանցում այս վատ լուրը.
Երեկ Մոսկվայի բարեկամս ահազանգեց, որ օպտիմալացնում են Մոսկվայի արևելյան լեզուների խորացմամբ, «Լազարյան եղբայրների անվան» թ. 2042 դպրոցը, նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ սովորում են 650 աշակերտներ, որոնցից մոտ 310-ը հայ երեխաներ են: Սա այն դպրոցն է, որի տնօրենը, ըստ Լևոն Մկրտչյանի, բողոքել էր այն մասին, որ Հայաստանից գնացած երեխաները ռուսերեն լավ չգիտեն:
Պատկերացրեք, այս բողոքից էր նաև մեր նախարարը իմացել, որ ռուսերենի ուսուցման դրվածքը մեզ մոտ լավ չէ ու եզրակացրել՝ պետք է շատ արագ ռուսաց լեզվի հայեցակարգը, որը, ինչպես երեկ պարզվեց, ՀՀ վարչապետի հանձնարարականով չի արվել, հրապարակել:
Լազարյան ճեմարանը, որն ունի 150 և ավելի տարվա լավ կրթօջախի պատմություն և եթե ստույգ է բարեկամիս ահազանգը, օպտիմալացնում են հենց այս օրերին:
Մոտ օրերս ՌԴ ԿԳ նախարարն է գալու Հայաստան ու տեսնենք այս փաստի մասին ի՞նչ է ասելու ինքը, բայց ինձ ավելի հուզում է այն հարցը, թե ՀՀ ԿԳ նախարարն ի՞նչ է ասելու, ի՞նչ է հարցնելու ՌԴ ԿԳ նախարարին ու ինչպե՞ս է պաշտպանելու հարյուրամյա հայկական դպրոցի ապագան:
Ուշի ուշով հետևելու ենք այդ հանդիպմանն ու կարծում եմ ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգի հետ կապված այս խառը պատմության քաղաքական շատ երանգների վրա լույս կսփռվի նաև Լազարյան ճեմարանի օպտիմալացման ստվերը բացահայտելուց հետո»: