Մարտունի քաղաքն ընկած է «Տիգրան Մեծ» և «Ցար» ռեստորանների արանքում: Հայաստանն այս կողմերում գրեթե բացակա է, եղանակ ստեղծողը ռուսական փողերն են. «Այ, որ Լիճքով անցնեք, թաղամաս կա, որ կոչվում է Պուտինկա, որովհետև էդ ամբողջը Ռուսաստանի փողերով են կառուցել»: Պուտինկա թաղամասը շքեղ առանձնատների համախումբ է: Այստեղ սակայն մարդիկ գրեթե չեն ապրում: Նրանք վերադառնում են ռուսական խոպանից, կառուցում հարմարավետ կյանքի լավագույն պայմաններն ու հեռանում, երբեմն նաև անվերադարձ։






