Հարսանիքի քավորն է Կոնստանտին Օրբելյանը
Սեպտեմբերի 23-ին Երևանի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանի կրտսեր որդու՝ դիզայներ, զգեստների նկարիչ Միքայել Շարաֆյանի նշանադրությունը, որին ներկա կգտնվեն թվով 100 հյուրեր ոչ միայն Հայաստանից, այլև՝ սփյուռքից: Հյուրերի շարքերում են Պապին Պողոսյանը, Զառա Արամյանը, Արման Նշանյանը, Լալա Մնացականյանը, երգչուհի Նառան, Աշոտ Ղազարյանը, Կոնստանտին Օրբելյանը և այլք…
ԱՄՆ-ում բնակվող դիզայների հարսնացուն՝ 21-ամյա Նարեն, Հայաստանից է, ծանոթացել են 2016 թվականի դեկտեմբերին՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Ուրախ լուրն առաջինը Aysor.am-ին վստահեց նորափեսան:
«Նարեն ինձ ընկերության հայտ էր ուղարկել, ընդունեցի ու սկսեցինք շփվել: Բայց չէի մտածում, որ մեր հարաբերություններն այսպիսի զարգացում կստանան: Ընթացքում զգացի, որ թեև ինքը բիզնես մենեջմենթ է սովորում, սակայն արվեստը, իմ աշխատանքը շատ է գնահատում: Ինձ համար շատ հետաքրքիր է իր հետ շփվելը: Չնայած ինձանից փոքր է 10 տարի, բայց ես այդ տարբերությունը չեմ զգում: Հետաքրքիր ու զարգացած անձնավորություն է, ումից ես էլ շատ բաներ եմ սովորում: Թեկուզ հեռավորությունից, բայց մենք օրվա մեջ գրեթե 24 ժամ շփվում էինք: Չէ՞ որ տարբեր ժամային գոտիներում էինք, երբ մեզ մոտ գիշեր էր, այստեղ ցերեկ էր, և հակառակը: Արդյունքում, մեկս մյուսիս հարմարվելով, անընդհատ կապի մեջ էինք», – մանրամասնեց մեր զրուցակիցը:
Հունիսին Հայաստան գալով՝ Միքայելը որոշեց Նարեին անակնկալ մատուցել. Կասկադում զբոսնելիս՝ սիրելիին ամուսնության առաջարկ արեց: Մեր նկատառմանը, որ ճանաչված ու կայացած մարդիկ երբեմն մտավախություն են ունենում՝ հանկարծ ու դիմացինը հաշվենկատ դիտավորություն չունենա, խոստովանեց.
«Իսկապես, նման մտավախություն ունեցա, բայց բոլորովին այլ տեսանկյունից. գործի բերումուվ՝ ես տարբեր միջավայրերում եմ լինում, տարբեր մարդկանց շրջապատում, իմ կյանքը շատ ակտիվ է: Մտածում էի՝ ինչպե՞ս իրեն կդրսևորի, կդիմանա՞ այդ կյանքին: Փոքրիկ փորձություններ իր համար կազմակերպեցի, որոնք նա հրաշալի հաղթահարեց: Ես մարդկանց հոգեբանությունը շուտ եմ հասկանում, ցանկացած հարաբերության մեջ ամեն ինչ սկսվում է մանրուքներից, դրանց պետք է ուշադրություն դարձնել: Նախկին ընկերուհիներիս հետ հարաբերությունների ժամանակ ես հաճախ էի աչքերս փակում նման դետալների վրա, զիջումների էի գնում: Հասնելով այս տարիքիս՝ հասկացա՝ հոգնել եմ փոխզիջումներից, ուզում եմ ավելի շատ ինձ հասկանան ու ընկալեն այնպիսին, ինչպիսին կամ: Նարեն հասկանում և ընդունում է ինձ ու իմ ապրելաձևը: Ինձ ոչ միայն կին, այլ նաև կյանքի ընկեր է պետք, կարծում եմ՝ գտել եմ նրան»:
Լինելով անմիջական անձնավորություն՝ հարսնացուի ծնողների հետ հեշտությամբ է ընդհանուր լեզու գտել: Նկատում է՝ այդ հարցում իրեն օգնել է նաև այն հանգամանքը, որ Նարեի ծնողները բավական երիտասարդ են՝ իր ավագ եղբոր ու քրոջ տարիքին:
Ի դեպ, անդրադառնալով նշանադրության օրվան, Մ. Շարաֆյանը նշեց՝ թեև օրը պատահաբար համընկավ, բայց խորհրդանշական է. ուղիղ 29 տարի առաջ հենց այս օրը Դրամատիկական թատրոնի դերասաններին Հալեպ տեղափոխող ինքնաթիռը, որի կազմում էր նաև Լևոն Շարաֆյանը, ընկավ: Սակայն, փառք Աստծո, բոլորն անվնաս մնացին:
Հարցին, թե արդյոք դիզայներ փեսացուն անձամբ կկարի ապագա կնոջ նշանադրության և հարսանյաց զգեստները՝ ժպիտով պատասխանեց.
«Նշանդրեքի զգեստը թույլատրեցի, որ Նարեն ընտրի, բայց հարսանյաց զգեստը ես եմ կարելու»:
Միքայել Շարաֆյանն ու Նարեն կամուսնանան 2018 թվականի օգոստոսի սկզբին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի քավորությամբ:
«Քանի որ հարսնյաց արարողության հիմնական մասն Ամերիկայում է լինելու և Նարեի հարազատները չեն կարողանա գալ այնտեղ, որոշեցինք նշանադրությունը փոքր չանել, որպեսզի նրանք ներկա լինեն: Շատերը, հատուկ մեզ շնորհավորելու համար, եկել են Ռուսաստանից, Անգլիայից, ԱՄՆ-ից», – Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դիզայները:
Միքայել Շարաֆյանը Հայաստան, գրեթե, ամեն տարի է այցելում՝ և՛ գործնական, և՛ անձնական առիթներով: Ամուսնությունից հետո զույգը կբնակվի ԱՄՆ-ում, սակայն Հայաստան այցելությունները շատ ավելի հաճախակի կդառնան: