Դիմահարդարում
«Դոլչե Վիտա» գեղեցկության սրահի դիմահարդար, կոսմետոլոգ Թերեզա Մեսրոպյանի հավաստմամբ, այս տարի ակտուալ է և՛, աչքերի, և՛ շուրթերի ընդգծումը: Սակայն շատ ավելի կարևոր է արտահայտիչ աչքեր ունենալը: Աչքերի ստվերաներկի ամենամոդայիկ գույնը մանուշակագույնի և վարդագույնի բոլոր երանգներն են: Այս տարի ակտուալ չէ դեմքի կարմրաներկը, այն հնարավորինս նուրբ և մեղմ պետք է լինի: Արդիական են նաև ոսկեգույնի բոլոր երանգները: 2008 թվականը մտադիր է զվարճանալ կանանց կերպարների հետ: Նոր տարուն հոգեհարազատ են կոնտրաստները, վառ գույները և սառը տոները: Կին վամպիրն՝ արնոտ շուրթերով, կհամատեղվի անմեղ երեխայի հետ, որը նույնիսկ չգիտի, թե ինչ է շրթներկը:
Այս տիպն առաջին հերթին պահանջում է ունենալ գայթակղիչ շուրթեր։ 2008-ը չի զլանա վառ գույների առումով: Այս տարվա սիրված գույնն էլեգանտ բորդոն է: Իսկ գունատության և փայլի միջև ընտրեք ինքներդ: Դեմքի մաշկը պահանջում է անթերի փայլատություն (գունատություն): Աչքերը պետք է մուգ ընդգծել միայն սուրմայով, չնայած 2008-ում արդիական են նաև թույլ սև մատիտը և կոպերի ստվերաներկը: Աչքերը շեշտելիս չպետք է մոռանալ նաև թարթիչների մասին, որոնք պետք է լինեն խիտ և երկար: Այստեղ, իհարկե, հնարավոր չէ շրջանցել սևաներկը (տուշ), որն այս տարի գունային մեծ ընտրություն ունի՝ սկսած դասական սևից մինչև մանուշակագույն: Իսկ եթե ձեր համարձակությունը ներում է, կարող եք գործածել ծիածանի բոլոր գույները: Թարթիչների փայլը նույնպես ողջունելի է: 2008-ը չի պահանջում ընտրել աչքերի և շուրթերի միջև: Նրա կարծիքով, վառ կարմիր շուրթերի և սև աչքերի համադրությունը կնոջն ավելացնում են գայթակղություն, այլ ոչ թե վուլգարություն: Տարին պահանջում է ընդգծվածություն, սակայն, մաքրության և անմեղության դեմ ոչինչ չունի: Աչքերը պետք է փայլեն անմեղության լույսով՝ պայծառ ընդգծման շնորհիվ: Շնորհիվ վարդի և դեղձի կարմրաներկերի, այտերը կկարմրեն ամոթխածությունից: Առատորեն քսված ան-գույն, փայլուն շրթներկով շուրթերը կթվան թաց և ամոթխածությունից թեթևակի կծկված: Տեսքի վերջին շտրիխն անփութորեն, ասես անվարժ ձեռքով սանրած մազերն են:/Իսկ եթե կհոգնեք անմեղ գայթակղողի դերից, ապա ձեռքի տակ միշտ կան վառ շրթներկը և սևաներկը, ու կին-վամպիրի կերպարը նորից ի հայտ կգա:
Սանրվածք
Այս շրջանը փոփոխությունների իսկական ժամանակն է, իսկ սանրվածքի փոփոխությունը թերևս կանացի ամենախորամանկ հնարքներից մեկն է: 2008-ը կնոջից պահանջում է լինել կին և չամաչել դրանից:
Ի՞նչն է ավելի քան ընդգծում կանացիությունը, եթե ոչ մազերը: Այդ իսկ պատճառով առանձնահատուկ ուշադրություն և խնամք է պետք ձեր մազերին, սիրելի կանայք: Մազերի երկարության առումով՝ այս տարին մեծահոգաբար թողնում է, որ մենք որոշենք, թե մեզ ինչ է հարկավոր: Արդիական են ինչպես կարճ սանրվածքները, այնպես էլ երկար մազերը: Այնուամենայնիվ, 2008-ն ունի իր նախընտրելի սանրվածքները՝ դասական բոբը, կարեն և սեսսոն՝ իրենց բոլոր հնարավոր տարբերակներով: Բոբ սանրվածքն ավելի շատ սովորական մազերի համար է, և հնարավորինս բազմաշերտ պետք է լինի: Այս սանրվածքը ավելի շատ բարձրահասակ կանանց համար է նախատեսված: Այս տարի արդիական է նաև մազափունջը ճակատային հատվածում՝ իր բոլոր հնարավոր ձևերով: Տարին պահանջում է անփութություն, միևնույն ժամանակ՝ խնամք, ինչպես ասում են, գեղեցիկ մազն արդեն սանրվածք է: Հայ վարսահարդարների պնդմամբ, այս տարի մոդայիկ է ուղիղ կարե սանրվածքը՝ ճակատային հատվածում ուղիղ մազափունջ, երկարությունը՝ ըստ նախասիրության: Մազերի գույնն այս տարի, ինչպես հավաստեցին «Անահիտ» գեղեցկության սրահում, թելադրում է մոնոխրոմություն (միագույն)՝ նախապատվությունը տալով տաք գույներին: Միագունությունը, պահանջելով միայն մեկ գույն, թույլ է տալիս այդ նույն գույնի երանգային փոփոխություններ, ինչն, իհարկե, ուրախալի է: Երիտասարդության հանդեպ տարին բարի է և նրանց թույլ է տալիս էքստրավագանտ գունային փոփոխություններ: Սակայն այս տարի ընդունելի չէ «միլերովկա» ասվածը: Առանձնապես տարին ոչինչ էլ չի պահանջում կամ թելադրում, պարզապես պետք է լինել ինքնատիպ:
2008 թվականի պայուսակները
Պայուսակը թերևս կանացի ամենահանելուկային արդուզարդերից մեկն է: Նույնիսկ պայուսակի տիրոջ համար նրա պարունակությունը երբեմն կարող է անսպասելի լինել: 2007 թվականին մոդայիկ էին բազմաթիվ գրպաններով, պարկի նմանվող մեծ պայուսակները, որտեղ անհետ կորչում են բանալիները, հեռախոսը և այլ կարևոր պարագաներ: Սակայն այս տարի ավելի արդիական են փոքրիկ պայուսակները, որտեղ հաստատ դրամապանակը չես կորցնի: Փոքրիկ, գործնական թղթապանակի նմանվող, «Կլատչ» կոչվող պայուսակներն այս տարի մեծ պահանջարկ կունենան:/Ի դեպ, «Կլատչը» կարող է պատրաստված լինել ոչ միայն կաշվից, այլ նաև փայտից կամ ձգված կտորից: Պայուսակները կարող են լինել ամենատարբեր գույների, որպեսզի ձմռան սև ու սպիտակին ուրախ երանգներ հաղորդեն: Եթե դուք սովոր եք ձեռքի տակ մշտապես ունենալ շպարվելու պարագաներից բացի՝ շատ այլ իրեր, այդ դեպքում ձեզ հաստատ հարկավոր է պայուսակ «Սաքվոյաժ», կամ, ինչպես ասում են, «բժշկական ճամպրուկ», որի մեջ ամուր կառուցվածքի շնորհիվ հնարավոր է իրերը ոչ թե խցկել, այլ գեղեցիկ դասավորել, ինչպես անում են բժիշկները: Եթե «Սաքվոյաժի» դասական և խիստ ձևերը ձանձրացնեն, հայ դիզայներները խորհուրդ են տալիս անդրադառնալ հին տարբերակին և կրել ուսապարկեր:
Անի Հարոյան
«3 Միլիոն»