Ներկայացնում ենք Արշակ Զաքարյանի երեկվա Facebook-յան գրառումը.
Դիրքերից իջանք բարձր, տրամադրությամբ, այս կարևորագույն տոնը ես սիրում եմ նշել այնտեղ, որտեղից, որ սկսվում է մեր անկախությունը և իհարկե նրանց հետ, ովքեր պահում են մեր անկախությունը:
Տրամադրությունս բարձր էր, քանի որ դիրքերում համեմատական անդորր է, չնայած շատ մոտ ընթացող ադրբեջանական զորավարժությունների: Բացեցի ֆեյսբուքյան էջս, որպեսզի կիսվեմ լավ տրամադրությունովս ու, Տեր իմ Աստված, ողջ «լրահոսը» ողողված է չարությամբ, նախանձով, ատելությամբ, վատատեսությամբ և անեծքներով:
Մարդիկ, ի՞նչ եղավ մեզ, որտեղի՞ց մեզ այսքան չարակամություն:
Ես հավատացած եմ, որ քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը նաև կեղտոտ էնէրգիան է, որ մենք կուտակում ենք մեր մեջ և տարածում մեր շուրջը…
Զարմանալի չէ, որ աշխարհում այդ հիվանդությամբ տառապողների քանակով մահացությունների տոկոսային հարաբերությամբ առաջին հորիզոնականում ենք: Պատճառներ բարկանալու հազարավոր կլինեն, բայց ատել ամեն ինչ և ամենքին, չարանալ և մաղձը թափել ի տես բոլորի անընդունելի է:
Մարդիկ, մարդ եղեք և մի սպանեք ինքներդ ձեզ, ի սեր Աստծո:
Շնորհավորում եմ բոլորիդ ևս մեկ անգամ մեր փափագած տոնի առթիվ, և սիրում իմ ազգակից բոլոր եղբայրների և քույրերին, այդ թվում և ինձ ատողներին:
Հակառակորդի կողմից հրադադարի խախտումների նվազումը պարտադրված է և ոչ թե գիտակցված ու հասանք մենք այս իրավիճակին այն մի փոքրիկ միասնության շնորհիվ, որը ձևավորվեց մեր իրական թշնամու սպառնալիքի և պատերազմի շնորհիվ:
Թշնամին օգտվեց մեր հենց պառակտված լինելու, իրար մեջ թշնամի որոնելու, ինքնահավանության, ավելորդ չհիմնավորված վստահության պատճառով թուլացած լինելու հանգամանքից: Պատերազմի վերքերը դեռ չսպիացած մենք կրկին բռնել ենք ինքնաոչնչացման ուղին և ցավոք ավելի արագ տեմպերով:
Աստված պահապան մեր զավակներին, որ մեզանից չժառանգեն այս չարիքը: