Գեղարքունիքում տղամարդը դատապարտվել է. շոգեբաղնիքում մարմնավաճառները սեռական հարաբերություն են ունեցել 5 000 դրամով
Advertisement 1000 x 90

Գեղարքունիքում տղամարդը դատապարտվել է. շոգեբաղնիքում մարմնավաճառները սեռական հարաբերություն են ունեցել 5 000 դրամով

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 63-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ և դատապարտվել 3 տարի ժամկետով ազատազրկման։ Դատարանի վճռով՝ պատիժը  պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան։

63-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն պատկանող շոգեբաղնիքը գույքային օգուտ ստանալու նպատակով որպես կացարան, պոռնկությամբ զբաղվելու համար տրամադրել է մարմնավաճառների, որտեղ վերջիններս մեկ անգամվա համար 5000 դրամով տարբեր տղամարդկանց հետ ունեցել են սեռական հարաբերություններ:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ որպես անհատ ձեռնարկատեր իր կողմից շահագործվել է շոգեբաղնիքը: Այն 4-5 տարի չի շահագործվել, որից հետո  վերաբացել է: Շոգեբաղնիքում աշխատելու համար իրեն աշխատող է անհրաժեշտ եղել հաճախորդներին սպասարկելու համար, սակայն մինչ աշխատող ընդունելն ինքն է սպասարկել հաճախորդներին, նրանց հարցրել է, թե քանի ժամ են մնալու շոգեբաղնիքում, ինչ են ուզում, քանի որ շոգեբաղնիքում մատուցվել է նաև հյութ, գարեջուր, սուրճ, աղի ձողիկ, իսկ օղի, ճաշատեսակ չի մատուցվել:

Քանի որ իրեն շոգեբաղնիքում մատուցողուհի է անհրաժեշտ եղել, այդ մասին տեղեկացրել է ինչպես՝ շոգեբաղնիքի հաճախորդներին, այնպես էլ՝ տարբեր մարդկանց: Իրեն սկսել են զանգահարել տվյալ աշխատանքի համար: Ինքը նրանց զգուշացրել է, որ իր շոգեբաղնիքը նորմալ տեղ է, բացատրել է աշխատանքի բնույթը և ամեն ինչ հանձնել է նրանց, ծանոթացրել գներին:

Եղել են դեպքեր, երբ գնացել տեսել է, որ նրանք նորմալ նստած են եղել, դեպքեր էլ եղել են, որ նրանք սենյակներում են եղել նստած տղաների հետ խոսելիս: Ինքը նրանց հետ պայմանավորվել է օրական 5000 դրամ գումար վճարել և ամեն մի սեղանից՝ 1000 դրամ՝ որպես թեյավճար: Ինքը երբևէ չի զգացել, որ նրանք մարմնավաճառությամբ են զբաղվել: Հետագայում է իմացել այդ մասին, իմացել է նաև, որ մեկը մյուսի հետ կապված են, ընկերուհիներ են եղել: Երբ նկատել է, որ նրանք ինչ-որ կապի մեջ են գտնվել հաճախորդների հետ, նրանց հեռացրել է աշխատանքից:

Շոգեբաղնիք է եկել Երևանի բնակչուհին` մատուցողուհի աշխատելու համար: Վերջինս հաճախորդներին մատուցելու ժամանակ 15-20 րոպե մնացել է հաճախորդների մոտ, այնուհետև դուրս գալուց հետո իրեն հայտնել է, որ հաճախորդների հետ մեկ անգամ սեռական հարաբերություն ունենալու դիմաց 5000 դրամ գումար է վերցնում՝ ճանապարհածախսի համար, նշելով, որ իր տված գումարն իրեն չի բավականացնում: Իր թույլտվությամբ, ճանապարհածախսի գումարի համար երկու հոգու հետ սեռական հարաբերություն է ունեցել և վերադարձել է Երևան քաղաք:

Դրանից հետո իր շոգեբաղնիք է եկել Երևանի մեկ այլ բնակչուհի: Վերջինս, մտնելով հաճախորդների մոտ, նույնպես ուշացել է, ինքը կասկածել է, և երբ հարցրել է, թե ինչու է ուշանում, վերջինս իրեն պատասխանել է, որ 5000 դրամի դիմաց, իր գոյությունը պահելու համար, սեռական հարաբերություն է ունեցել հաճախորդների հետ: Այդ պատճառով զայրացել է նրա վրա և պահանջել մյուս անգամ չկրկնել: