Դատարան է ուղարկվել հափշտակության դեպքի վերաբերյալ քրեական գործը։
Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի կոչումով շարքային պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Օդնոկլասսնիկի» էլեկտրոնային կայքէջի միջոցով ծանոթանալով կնոջ հետ և խարդախությամբ նրանից խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վերջինիս վստահությունը չարաշահելու նպատակով, շփման ընթացքում ունեցել է պարբերական հեռախոսազրույցներ, որոնց ժամանակ ամուսնանալու սուտ խոստումներ է տվել և ստեղծել մտերմիկ հարաբերություններ, ապա հանդիպել է կնոջը և բնակարան գնելու ու այն վերջինիս անունով ձևակերպելու պատրվակով՝ խաբեությամբ և ձեռք բերված վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել է 60.000 դրամ և ընդհանուր 555.000 դրամ արժողության, 42.33 գրամ քաշով 6 կտոր ոսկյա զարդեր՝ պատճառելով խոշոր չափերով նյութական վնաս:
Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով խարդախություն։ Նշված արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: