«Հըմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար». aravot.am
Advertisement 1000 x 90

«Հըմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար». aravot.am

«Հղի ունեինք՝ 2 աղջիկ ուներ, 3-րդին էր սպասում: Մի օր եկավ ասաց, թե՝ ինձ հաշվառումից հանեք, էլ հղի չեմ, ընդհատել եմ, էլի աղջիկ էր: Ամուսինս ասեց՝ մեզ պետք չի, հանես, նոր կգաս մոտս՝ Ռուսաստան», «Ախալքալաքից մի կին կար, 3 տարի մոտս բուժվում էր անպտղությունից, հետո վերջապես հղիացավ, իմացան աղջիկ էր՝ ընդհատեցին»,  «Մի կին կար, ահագին մեծ հղիություն էր, ընդհատեց Երևանում, քանի որ ամուսինը ասեց՝ կբաժանվեմ»: Սրանք Գյումրիում և Ապարանում աշխատող գինեկոլոգների ներկայացրած դեպքերն են սեռով պայմանավորված  հղիության ընդհատման մասին, որոնք պատմել են «Ինչպես տղա ունենալ. Արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտության շրջանակներում:

Հետազոտությունը կատարվել է «Վորլդ Վիժն Հայաստանի» նախաձեռնությամբ,  այն իրականացրել է Ռուզաննա Ծատուրյանը: Այս հետազոտությունը  իրականացվել է Հայաստանի 4 մարզերի՝ Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի 11 համայնքներում:

Չնայած Հայաստանում անցյալ տարվանից արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը,  այնուամենայնիվ, ընտանիքները, որոնք նախապատվություն են տալիս տղա երեխային, դիմում են տարբեր միջոցների, որպեսզի ազատվեն աղջիկ երեխայից: Նշենք, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով՝ յուրաքանչյուր կին ունի հղիության արհեստական  ընդհատման (աբորտի) իրավունք մինչև 12 շաբաթական ժամկետը: Այս ժամկետն է ընտրված, քանի որ հենց 12, բայց երբեմն էլ 11 շաբաթական հղիության ժամանակ է պարզվում պտղի սեռը:

«Չնայած փոփոխություններին և օրենսդրորեն ամրագրված սահմանափակումներին՝ տղա երեխայի նախընտրության խորը ե կայունացած մշակութային սովորույթներով պայմանավորված, հայաստանյան ընտանիքներում շարունակում են կիրառել պրակտիկաներ, որոնց օգնությամբ փորձում են պլանավորել կամ կանխորոշել ապագա երեխայի սեռը: Այս պրակտիկաներից որոշները ավանդական են, որոշները՝ նորամուծություններ»,- գրված է հետազոտությունն ամփոփող զեկույցում: Ըստ դրա՝ թեև օրենքով  արգելվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, սակայն սրան զուգահեռ կարող են ակտիվանալ ու կիրառվել պտղի սեռը պարզելու ու հղիության արհեստական ընդհատման այլընտրանքային մեթոդները:

Ընդ որում, սեռով պայմանավորված աբորտի արգելքը ունեցել է, կարելի է ասել, բացասական ազդեցություն ևս: Օրինակ՝ ինչպես պարզվել է հետազոտությունից, «պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները թիրախավորելու արդյունքում՝ այն ընտանիքները, որոնք, այնուամենայնիվ,  իրականացնում են աղջիկ երեխայի «զտումներ», այս տեղեկությամբ չեն կիսվում հարևանների, ազգականների հետ, ինչի արդյունքում երևույթը «թաքնվում է» և քննարկումների համար աստիճանաբար «վերանում»:

Հետազոտությանը մասնակցած տղամարդիկ, ինչպես զեկույցում է գրված, ընդգծված անտարբեր են եղել աղջիկ երեխայի մասին հարցազրույցներում:

«Հիմա առանց պլանավորելու երեխա ունենում են մենակ աղքատ ընտանիքները, քանի որ պետությունը երեխու փող ա տալիս, ունենում են՝ վարկեր փակում»,-այսպիսի կարծիք է հայտնել հետազոտության ժամանակ Արագածոտնի բնակիչներից մեկը:

Իսկ տղա երեխա ունենալու նախապատվության պատճառները բազմազան են, ինչպես բազմաթիվ հետազոտություններ ու փորձագետներ են փաստել՝ դա պայմանավորված է հայրիշխանական հասարակությամբ, սոցիալ-տնտեսական պայմաններով, գենդերային անհավասարությամբ, կնոջ դերի թերագնահատմամբ և շատ այլ պատճառներով:

Եվ չնայած կենսաբանորեն տղամարդն է պատասխանատու պտղի սեռի համար, այսինքն՝ ինչպես զեկույցում է գրված՝ «բացառապես տղամարդու սերմնաբջիջների քրոմոսոմային համադրությամբ է պայմանավորվում երեխայի սեռը», այնուամենայնիվ, հայ հասարակությունում պտղի սեռի համար մեղադրում են կնոջը:

Զեկույցի հեղինակը նկատում է՝ «Դեռևս մինչ հղիությունը, հղիության ողջ ընթացքում, ծննդաբերությունից հետո և հատկապես աղջիկ երեխաներ ունեցող կանայք մշտապես քննադատվում են: «Ո՞վ է պատասխանատու երեխայի սեռի համար» հարցին կանայք շշուկով պատասխանում էին՝ «Տղամարդը, ցորեն է ցանում, գարի՞ հնձում»:Ըստ  զեկույցի՝ թիրախավորվում են նաև այն կանայք, որոնք ունեն միայն քույրեր. նրանց մեղադրում են՝ «մորը կքաշի՝ մենակ աղջիկ բերող լինի»: Իսկ ահա տղա ունենալու համար կնոջը մի լավ գովաբանում են:

«Ախպորս 3 աղջիկ ունի, ամեն երեխու ծնվելուց առաջ հերս ախպորս կըսեր՝ սոխ կեր: Ախպերս էլ՝ զզվիմ գը: Հետո օր 2-րդ աղջիկն ունեցավ, հերս կըսեր՝ ըբը հըմի չե՞ս զզվի քեզնից, որ 2-րդ աղջիկն ունեցար»,- զեկույցում մեջբերված են Ամասիայի բնակիչներից մեկի խոսքերը:

Անցանկալի աղջիկ երեխաներից ազատվելու համար շատ հղիներ դիմում են ժողովրդական միջոցների, քանի որ արգելված է պտղի սեռով պայմանավորված ընդհատումը:

Զեկույցում նշված այդ մեթոդներից են՝ «Հետազոտության մասնակիցների շրջանում հայտնի վիժեցնող մեթոդներն են տարբեր թուրմերի պատրաստումը՝ կոնյակով, պղպեղով կամ կոնյակով ու ասպիրինով, 10 հատ կճեպով եփած ձու ուտելը, ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում վիժումը՝ բարձր տեղից ցատկելը, ծանր իր բարձրացնելը, փորը տրորելը, հեշտոցում տարբեր իրեր, դեղեր կամ մթերք տեղադրելը»: Բժշկական աբորտի դիմող կանայք, ինչպես զեկույցում է գրված, միայնակ են առերեսվում աբորտին, նրանց ամուսինները սովորաբար չեն ուղեկցում հիվանդանոց:

Ըստ զեկույցի՝ «Հարցազրույցների նյութերը ցույց տվեցին, որ մարզային բժշկական փոքր կենտրոններում սեռով պայմանավորված աբորտներ չեն անում, մասնակիցների կարծիքով՝ մարզային բուժկենտրոններում, որտեղ հնարավոր է աբորտ անել, գաղտնի են անում, առանց գրանցման, երեկոյան ժամերին կամ ոչ աշխատանքային օրերին, բժիշկներին վճարելով 15 հազարից մինչև 30 հազար դրամ, լրացուցիչ ավելացնելով 10 հազարական դրամ՝ 12 շաբաթից հետո ամեն շաբաթի համար: Որոշ դեպքերում երևանյան բուժկենտրոններն առաջարկում են համակցված ծառայություն՝ սեռի ստուգում և ուղեկցող աբորտ՝ անցանկալի սեռի պտղի դեպքում»:

Ընդ որում, հետազոտության հարցադրումներին  ի պատասխան՝ որևէ մտահոգություն չի հնչել սեռով պայմանավորված հղիությունն ընդհատող կանանց հոգեբանական և ֆիզիկական վիճակի մասին:

Զեկույցն ամփոփվում է հարցման մասնակից մի կնոջ՝ «Տղան պարտադիր է, աղջիկն՝ անհրաժեշտություն» խոսքով, նկատի ունենալով՝  տղա են ունենում, էլի մենակ են մնում, տղան գնում է Ռուսաստան, իսկ աղջիկն ավելի սրտացավ է, ու նա է ծնողներով հետաքրքրվում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.09.2017 

aravot.am