Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) սկսել է արտահերթ ստուգումներ անցկացնել «ՎԻՄ–Ավիա» ավիաընկերությունում, որը մի շարք չվերթեր է հետաձգում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչության ներկայացուցչին։
«ՎԻՄ–Ավիա» չվերթերի զանգվածային և երկարատև հետաձգումները սկսվեցին դեռ ամռանը։ Այժմ դրանք այնպիսի մասշտաբների են հասնում, որ Տրանսպորտի նախարարության և Ռոսավիացիայի միջամտության հարկ եղավ։ Ստուգումներ են իրականացնում նաև դատախազությունն ու քննչական կոմիտեն։ Ռուսաստանի գլխավոր դատախազը Ռոսավիացիայի ղեկավարությանն է ներկայացրել «ՎԻՄ–Ավիայի» չվերթերի հետաձգման և նշված ավիաընկերության աշխատակիցների աշխատավարձերի չվճարման վերաբերյալ իրենց տեսակետը։
«Գերատեսչությունն արտահերթ ստուգումներ է իրականացնում»,– հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հետաձգվել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնող «ՎԻՄ–Ավիա» ավիաընկերության վեց չվերթեր, այդ թվում նաև Երևանի չվերթը (թռիչքն ըստ չվացուցակի՝ 08:30)։
2017 թվականի սեպտեմբերին ավիաընկերությունը կրկին զանգվածային չվերթեր է հետաձգել Թուրքիայից, Հայաստանից, Հունաստանից, ինչպես նաև ներքին երթուղիներով, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններից։
Ռոսավիացիայի տվյալներով` ավիաընկերության հետաձգումները կապված են վառելիքային ընկերություններին ունեցած պարտքի հետ։ Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը պարբերաբար խախտում է օդանավի անձնակազմի աշխատանքի և հանգստի ռեժիմը, ինչպես նաև կանոնավոր կերպով ուշացնում աշխատավարձը։