ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի ամփոփ նկարագրի համաձայն, կրթության ոլորտի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 128.539.8 մլն դրամ՝ 23.5 մլն դրամով կամ 0.02 տոկոսով պակաս, քան 2016 թվականին:
Կրթության ոլորտի ծախսերի հիմնական մասն ուղղվում է հանրակրթության ոլորտին, որի գծով 2017 թվականին նախատեսվել է 77.423.3 մլն դրամ: Ծախսերի աճը 2016թ. նկատմամբ կազմել է 463.7 մլն դրամ կամ 0.6 տոկոս:
«Ներառական կրթություն» ծրագրի համար 2017 թվականին նախատեսվել է 3.838.1 մլն դրամ: Ծախսերի աճը 2016 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմել է 783.1 մլն դրամ կամ 25.6 տոկոս` պայմանավորված հիմնարկների թվի` 36-ով և երեխաների թվաքանակի` շուրջ 1.3 հազարով ավելացման հետ կապված ծախսերի աճով: (Տե´ս այստեղ.):
Ըստ Ֆինանսների նախարարության, այս տարի պետական բյուջեից նախադպրոցական կրթությանը հատկացվել է 735.893.5 ՀՀ դրամ:
Դատելով առկա տվյալներից, նախադպրոցական կրթության անհրաժեշտ ծախսերի իրականացման համար բոլոր մարզերից այս տարի Գեղարքունիքի, Արմավիրի և Շիրակի մարզպետարաններին ամենաշատ գումարներն են հատկացվել՝ 128.007.9, 126.233.1, 124.229.6 ՀՀ դրամ: (Տե´ս այստեղ.).
Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի համաձայն, նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական: Պետական և համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:
Տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը, վարում նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, մասնակցում նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքներին, ապահովում են պայմաններ նախադպրոցական կրթություն ստանալու համար:
Գյումրու 2017-2021 թվականների զարգացման ծրագրի համաձայն, մանկապարտեզներում աշխատում է 532 աշխատակից, որից մանկավարժներ են 241-ը:
2013-2016 թվականներին իրականացվել են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանյան Առաքելության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի միջոցով՝ «Հուսո առագաստ» նախադպրոցական ուսումնական հաստատությունում ջերմամեկուսացման և շենքի երեսպատման աշխատանքներ, Հայ–ամերիկյան «Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների Սուրբ Ծնունդ» հիմնադրամի «Բարեկեցիկ մանկություն» ծրագրի կողմից «Էյլիթիա» նախադպրոցական ուսումնական հաստատության վթարված մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, «Լիանա» և «Անի պարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություններում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից՝ խոհանոցի, խմբասենյակների հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ: «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամի» կողմից իրականացվում է «Ժպիտ» նախադպրոցական ուսումնական հաստատության մասնաշենքի հիմնանորոգում, որն ավարտին կհասցվի մինչև 2017 թվականը:
«Կանաչ տեխնոլոգիաների Հայկական կենտրոն» հիմնադրամի կողմից կառուցվել է արևային տաք ջրամատակարարման ու ֆոտովոլտային պանելներով իրականացվող անխափան էլեկտրասնուցման աղբյուր: Մանկապարտեզներից 15-ն ունեն լոկալ ջեռուցում, 8-ը՝ տեղային: Մանկապարտեզները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին մատչելի դարձնելու նպատակով «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով փոխանցվել են 40 խիստ անապահով ընտանիքների երեխաների ծնողական վարձավճարները:
«Առդա» բարեգործական կազմակերպության հովանավորությամբ 25 սոցիալապես անապահով երեխաներ անվճար հիմունքներով հաճախում են «Լուսաստղիկ» մանկապարտեզ:
Ավագանու 2014 թվականի N 33-Ա և 2016 թվականի N4-Ա որոշումներով հաստատվել է Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաներին անվճար ընդգրկելու և ծնողական վճարների սահմանված չափի նկատմամբ զեղչեր կիրառելու կարգը: Ավագանու 2016 թվականի N 55-Ն որոշմամբ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններ երեխաների հաճախումների (բացակայությունների) վերահաշվարկի կարգ:
Այս ոլորտում առկա հիմնախնդիրներն են՝ տնակային պայմաններում գործող մանկապարտեզների առկայություն, համայնքային որոշ մանկապարտեզների շենքերի մաշվածության բարձր աստիճան, գույքի մաշվածություն, որոշ մանկապարտեզների լոկալ ջեռուցման համակարգերի բացակայություն. մանկապարտեզների բակերի բարեկարգման և խաղահրապարակների թարմացման կարիք, ծնողական վարձավճարների մուծման դժվարություն, նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակների անհամապատասխանությունը ԿԳՆ-ի կողմից հաստատված օրինակելի հաստիքացուցակի հետ:
ՏԻՄ օրենքի համաձայն, համայնքի պարտադիր խնդիրների մեջ է մտնում նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը: Խնդրի մյուս կողմն էլ այն է, թե որքանով է տեղական ինքնակառավարման մարմիններին հաջողվում լուծել իրենց առջև դրված խնդիրները:
Համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներ հաճախող սոցիալապես անապահով երեխաների վարձի մասնակի և ամբողջական փոխհատուցման, մանկապարտեզներին որոշ անհրաժեշտ գույքով ապահովման, ջեռուցման խնդրի կարգավորման հարցը կարևորել է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր բյուջետային ուղերձում:
Բոլորին հայտնի է, որ հատկապես տնակներում, սոցիալական վատ պայմաններում ապրող շատ ընտանիքներ դժվարությամբ են նախադպրոցական կրթության տալիս իրենց երեխաներին, քանի որ Գյումրիում նախակրթարանները երեխաների համար վճարովի են:
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարևորելով նախակրթարանների դերը՝ որպես երեխաների կրթական համակարգի նախնական օղակ, նկատում է, որ ոչ միայն Երևանում, այլև ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաների համար դրանք պետք է լինեն անվճար:
«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ևս տարիներ առաջ բարձրաձայնել է այդ հարցի մասին, որ Գյումրիում երեխաների համար նախակրթարաններ հաճախելը պետք է անվճար լինի: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրենց կենտրոնը Երևանի օրինակով առաջարկել է Գյումրու մանկապարտեզները դարձնել անվճար:
– «Շիրակ» կենտրոնը դիմում էր ներկայացրել քաղաքապետին և ավագանու բոլոր անդամներին, որը հետո քննարկման թեմա էր դարձել, և բյուջեի միջոցներով փոխհատուցվել էր 100 սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների մանկապարտեզի վարձավճարները: Մենք ամեն օր տնակային ավաններում ենք լինում օգնություն ցուցաբերելու համար: Խնդրանք կար, որ մայրերը կարողանան աշխատանք գտնել, իրենց հոգսը թեթևանա: Քանի որ շատերը միջոցներ չունեն, այդ պատճառով նախակրթական տարիքի երեխաները մնում են փողոցներում: Մանկապարտեզներում գոնե կերակրում են, խնամք են ցուցաբերում երեխաների հանդեպ: Դրա համար այս խնդիրն արդիական է: Գյումրու քաղաքապետն ու ավագանին գտնում են, որ քաղաքի բյուջեն պրոբլեմային է ու սակավ: Եթե չեմ սխալվում, 120 երեխայի համար նման զեղչեր կիրառվեցին,- նշեց Վ.Թումասյանը:
Նշենք որ սեպտեմբերի 12-ին՝ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ առաջարկ հնչեց՝ նախակրթարաններ հաճախող երեխաների համար սահմանել ուսման վարձավճարի 50-100 տոկոսանոց զեղչային համակարգ:
Ըստ ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցչի, անհրաժեշտ է, որպեսզի ոչ թե՝ 200-250 երեխա օգտվի արտոնություններից, այլ՝ գոնե 2000 երեխա:
«Մեր հաշվարկներով՝ 1800 երեխա նախակրթարանային տարիքի է, սակայն չի հաճախում նախակրթարան: Նրանց մի մասը զրկված է նախակրթարաններում կրթությունից՝ ընտանիքներում առկա սոցիալական խնդիրների պատճառով: Պետք է ջանքեր ներդնել հասնելու այն բանին, որ Գյումրիում նախակրթարանային տարիքի բոլոր երեխաներին ի վիճակի լինեն մանկապարտեզ ուղարկել: ՀՀ տարբեր համայնքներում նախակրթարանների մատչելիությունը տարբեր է. Երևանում արդեն վեց տարի դրանցում ուսումն անվճար է»,- նշեց ԳԱԼԱ-ի ներկայացուցիչը:
Միաժամանակ առաջարկ եղավ դիմել ՀՀ կառավարությանը, Տարածքային զարգացման նախարարության հետ բանակցությունների վարման արդյունքում հասնել նրան, որ Գյումրուն տրվի տարեկան այնպիսի ծավալի պետական դրամաշնորհ, որ Գյումրու նախակրթարանները երեխաների համար դառնան անվճար, այնպես, ինչպես Երևանում է:
Նշենք, որ Երևան քաղաքի 2017թ. բյուջեն եկամուտների գծով կազմում է 84.344.931.5 հազ. դրամ, ծախսերի գծով՝ 84.412.931.5 հազ. դրամ։ Այստեղ նախադպրոցական կրթությանը հատկացվող միջոցները կազմում են 7.957.491.800 ՀՀ դրամ (Տե´ս այստեղ.):
2017 թվականին Գյումրու բյուջեն կազմում է 3.165.500.000 դրամ՝ նախորդ տարվա համեմատ այն ավելի շատ է, շնորհիվ պետական դոտացիայի ավելացման: Համայնքային բյուջեից 2017 թվականին նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատություններին հատկացնել 488.830.400 ՀՀ դրամ: Այս թիվը կազմում է Գյումրու բյուջեի 15.44 տոկոսը:
Վերլուծելու համար, թե տարեկան որքա՞ն գումար է անհրաժեշտ Գյումրու համայնքապատկան մանկապարտեզներ երեխաների անվճար հաճախելու համար, 168.am-ին անհրաժեշտ էին որոշ տվյալներ: Ուստի որոշեցինք հարցում ուղարկել Գյումրու քաղաքապետարան՝ հետևյալ հարցերի վերաբերյալ:
Քանի՞սն է համայնքապատկան մանկապարտեզների թիվը, համայնքային բյուջեից որքա՞ն գումար է այս տարի հատկացվել համայնքապատկան նախակրթարաններին՝ միասին վերցրած, հատկացված գումարով ինչպիսի՞ ծախսեր են հոգում նախակրթարանները, դրանցից յուրաքանչյուրում որքա՞ն է կազմում մեկ երեխայի համար նախատեսված վարձավճարը, որը ծնողն է մուծում, ծնողների մուծած վարձավճարներով ինչպիսի՞ ծախսեր են հոգում այդ կառույցների տնօրենները, համայնքապատկան նախակրթարաններից յուրաքանչյուրում քանի՞ երեխա է հաճախում, գումարով արտահայտված որքա՞ն է կազմում մեկ երեխայի համար հատկացվող սննդի չափաբաժինը, կա՞ն հաշվարկներ, որոնք կփաստեին, թե Գյումրիում քանի երեխա մանկապարտեզ չի հաճախում, նախակրթարանները երեխաների համար անվճար դարձնել հնարավո՞ր է:
Ներկայացնում ենք Գյումրու քաղաքապետարանից ստացված հարցման պատասխանը
1).Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները 24-ն են: Այս պահին գործում են 22-ը: 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունների («Արևիկ» և «Նանուլիկ») գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից շենքերի կառուցման աշխատանքների պատճառով:
«Լուսաստղիկ» նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող թվով 162 երեխաների սննդի և կոմունալ ծախսերը ծնողների հետ համատեղ հոգում է «Առդա» բարեգործական հիմնադրամը:
2).Հատկացվող գումարով վճարվում է ՆՈՒՀ-երի աշխատակիցների աշխատավարձը, իրականացվում են ծնողական վարձավճարների զեղչերի փոխհատուցումը և ընթացիկ վերանորոգման աշխատանքները:
3).Ծնողական վարձավճարներով իրականացվում են սննդի ապահովումը և կոմունալ վճարները:
4).Այո, կան հաշվարկներ, որոնք ճշգրտման կարիք ունեն՝ պայմանավորված Գյումրիում հաշվառված և առկա երեխաների թվերի տարբերությամբ:
5).Համայնքային բյուջեի սահմանում հնարավոր չէ նախադպրոցական ուսումնական հաստատությունները երեխաների համար անվճար դարձնել:
Միաժամանակ 168.am-ին է տրամադրվել Գյումրու համայնքային ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վարձավճարների ամսական դրույքաչափերի մասին ինֆորմացիան:
ՀՀ | ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ (ՀՀդրամ) |
1. | «Լապտերիկ» ՀՈԱԿ | 7000 |
2. | «Ծիածան» ՀՈԱԿ | 6000 |
3. | «Թոռնիկ Մանուշակ» ՀՈԱԿ | 8000 |
4. | «Ժպիտ» ՀՈԱԿ | 8000 |
5. | «Արձագանք» ՀՈԱԿ | 8000 |
6. | «Լիլիթ» ՀՈԱԿ | 6000 |
7. | «Լիանա» ՀՈԱԿ | 6500 |
8. | «Արարատ» ՀՈԱԿ | 7000 |
9. | «Գոհար» ՀՈԱԿ | 7500 |
10. | «Փարոս» ՀՈԱԿ | 7500 |
11. | «Անի պարտեզ» ՀՈԱԿ | 8000 |
12. | «Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ | 7500 |
13. | «Հենզել և Գրետել» ՀՈԱԿ | 7500 |
14. | «Սուրբ Մարիամ» ՀՈԱԿ | 7000 |
15. | «Գյումրու մանկիկ» ՀՈԱԿ | 7000 |
16. | «Էյլիթիա» ՀՈԱԿ | 6000 |
17. | «Ձյունիկ» ՀՈԱԿ | 8000 |
18. | «Հուսո առագաստ» ՀՈԱԿ | 8000 |
19. | «Երազանք» ՀՈԱԿ | 6000 |
20. | «Անուլիկ» ՀՈԱԿ | 8000 |
21. | «Զանգակ» ՀՈԱԿ | 7500 |
Մեզ տրամադրված հաջորդ ցուցակը վերաբերում է համայնքային ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների թվին և սննդի ծախսերին:
ՀՀ | ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ | ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎ | ՍՆՆԴԻ ԾԱԽՍԵՐ
(ՀՀդրամ) |
1. | «Լապտերիկ» ՀՈԱԿ | 85 | 5000 |
2. | «Ծիածան» ՀՈԱԿ | 137 | 5000 |
3. | «Թոռնիկ Մանուշակ» ՀՈԱԿ | 140 | 6000 |
4. | «Ժպիտ» ՀՈԱԿ | 119 | 5500 |
5. | «Լուսաստղիկ» ՀՈԱԿ | 162 | «Առդա» բ. հիմ. |
5. | «Արձագանք» ՀՈԱԿ | 178 | 6000 |
6. | «Լիլիթ» ՀՈԱԿ | 58 | 5000 |
7. | «Լիանա» ՀՈԱԿ | 80 | 4500 |
8. | «Արարատ» ՀՈԱԿ | 70 | 5000 |
9. | «Գոհար» ՀՈԱԿ | 125 | 5000 |
10. | «Փարոս» ՀՈԱԿ | 104 | 6500 |
11. | «Անի պարտեզ» ՀՈԱԿ | 158 | 6000 |
12. | «Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ | 53 | 5000 |
13. | «Հենզել և Գրետել» ՀՈԱԿ | 95 | 5500 |
14. | «Սուրբ Մարիամ» ՀՈԱԿ | 49 | 5000 |
15. | «Գյումրու մանկիկ» ՀՈԱԿ | 52 | 5500 |
16. | «Էյլիթիա» ՀՈԱԿ | 125 | 5000 |
17. | «Ձյունիկ» ՀՈԱԿ | 138 | 5500 |
18. | «Հուսո առագաստ» ՀՈԱԿ | 144 | 6000 |
19. | «Երազանք» ՀՈԱԿ | 73 | 4000 |
20. | «Անուլիկ» ՀՈԱԿ | 91 | 6000 |
21. | «Զանգակ» ՀՈԱԿ | 73 | 6000 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 2309 |
Այժմ փորձենք հաշվարկ կատարել, թե Գյումրու համայնքապատկան մանկապարտեզները երեխաների համար անվճար դարձնելու համար, բացի նախակրթարաններին համայնքի կողմից հատկացվող գումարներից, ամսական և տարեկան էլ որքա՞ն գումար է անհրաժեշտ:
Հաշվարկը կատարելիս հիմք ենք ընդունել համայնքապատկան նախակրթարաններից յուրաքանչյուրում մեկ երեխայի համար սահմանված ծնողական վարձավճարի չափը, ամեն մի նախակրթարան հաճախող երեխաների թվաքանակը:
Նաև նշենք, որ այդ ցուցանիշը հաջորդ տարում կարող է փոխվել՝ կապված ծնողական վարձավճարների հնարավոր փոփոխության, Գյումրու քաղաքապետարանի կողմից համայնքապատկան մանկապարտեզներին հատկացվող տարեկան գումարի աճի կամ նվազման հետ: Վերջինս իր հերթին՝ կարող է պայմանավորված լինել համայնքային ենթակայության տակ գտնվող նախակրթարանների թվաքանակի փոփոխության, նախակրթարաններ հաճախող երեխաների թվի աճի կամ նվազման և այլ գործոնների հետ:
Հաշվարկ կատարելիս ցանկում չենք ընդգրկել միայն «Լուսաստղիկ» ՀՈԱԿ-ը:
Ինչպես վերևում նշեցինք, այս մանկապարտեզում 162 երեխաների սննդի և կոմունալ ծախսերը ծնողների հետ համատեղ իրականացնում է «Առդա» բարեգործական հիմնադրամը:
Այսպես, «Լապտերիկ» ՀՈԱԿ-ում ամսական մեկ երեխայի հաճախելու գումարի չափը կազմում է 7000 դրամ, նախակրթարան հաճախող երեխաների թիվը 85-ն է: Այս ցուցանիշներից դատելով՝ ստացվում է, որ ամեն ամիս համայնքային բյուջեից ևս 595.000 դրամ գումար է անհրաժեշտ տրամադրել այս նախակրթարանին, որպեսզի այն երեխաների համար դառնա անվճար: Տարեկան այս ցուցանիշը կկազմի 7.140.000 դրամ, ինչը բավական մեծ թիվ է: Հաջորդը՝ «Ծիածան» ՀՈԱԿ-ն է, այստեղ հաճախում է 137 երեխա: Այս նախակրթարանում ամսական յուրաքանչյուր երեխայի համար սահմանված վարձավճարի չափը կազմում է 6000 դրամ:
Որպեսզի երեխաները կարողանան անվճար հաճախել այս նախակրթարան, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ամիս համայնքային բյուջեից հատկացվի 822.000 դրամ: Տարեկան այս գումարը կկազմի 9.864.000 դրամ: «Թոռնիկ Մանուշակ» ՀՈԱԿ-ում յուրաքանչյուր երեխայի համար սահմանված վարձավճարի չափը կազմում է 8000 դրամ, այստեղ հաճախում է 140 երեխա:
Որպեսզի այս նախակրթարան հաճախելը երեխաների համար անվճար դառնա, անհրաժեշտ է ամեն ամիս համայնքային բյուջեից հատկացնել ևս 1.120.000 դրամ գումար, որը տարեկան կազմում է 13.440.000 դրամ: «Ժպիտ» ՀՈԱԿ հաճախում է 119 երեխա: Այս նախակրթարանում յուրաքանչյուր երեխայի հաճախելու գումարն ամսական կազմում է 8000 դրամ:
Որպեսզի այս նախակրթարանը բոլոր երեխաների համար անվճար լինի, անհրաժեշտ է ամեն ամիս համայնքային բյուջեից հատկացնել 952.000 դրամ գումար, տարեկան՝ 11.424.000 դրամ: «Արձագանք» ՀՈԱԿ հաճախում է 178 երեխա: Յուրաքանչյուր երեխայի համար այս նախակրթարանում ամսական ծնողական վարձավճարը կազմում է 8000 դրամ: Անհրաժեշտ է համայնքային բյուջեից ամսական հատկացնել 1.424.000 դրամ, իսկ տարեկան՝ 17.088.000 դրամ գումար, որպեսզի երեխաներն անվճար նախակրթարան հաճախեն:
«Լիլիթ» ՀՈԱԿ է հաճախում 58 երեխա, յուրաքանչյուր երեխայի համար ամսական սահմանված ծնողական վարձավճարի չափը կազմում է 6000 դրամ: Ամսական համայնքային բյուջեից անհրաժեշտ է հատկացնել 348.000, տարեկան՝ 4.176.000 դրամ գումար: «Լիանա» ՀՈԱԿ հաճախում է 80 երեխա: Ամեն ամիս անհրաժեշտ է համայնքային բյուջեից 520.000 դրամ գումար հատկացնել, տարեկան՝ 6.240.000 դրամ գումար, որպեսզի երեխաներն անվճար հաճախեն այս նախակրթարան: «Արարատ» ՀՈԱԿ հաճախում է 70 երեխա: Հաշվի առնելով ամեն ամիս յուրաքանչյուր երեխայի համար այս նախակրթարանում սահմանված ծնողական վարձավճարի չափը՝ 7000 դրամ, ստացվում է, որ համայնքային բյուջեից ամեն ամիս այս նախակրթարանին պետք է հատկացվի ևս 490.000 դրամ, տարեկան՝ 5.880.000 դրամ գումար:
«Գոհար» ՀՈԱԿ ամսական հաճախում է 125 երեխա, ամեն մի երեխայի համար այստեղ ամսական ծնողական վարձավճարի չափը կազմում է 7500 դրամ: Անհրաժեշտ է համայնքային բյուջեից ամսական ևս 937.500, տարեկան՝ 11.250.000 դրամ գումար հատկացնել՝ երեխաների նախակրթարան անվճար հաճախելու համար: Որպեսզի մեկ տարի շարունակ «Փարոս» ՀՈԱԿ երեխաներն անվճար հաճախեն, անհրաժեշտ է համայնքային բյուջեից ևս 9.360.000 դրամ գումար հատկացնել: «Անի Պարտեզ» երեխաների անվճար հաճախելու համար տարեկան անհրաժեշտ է ևս 15.168.000 դրամ, «Կարմիր գլխարկ» ՀՈԱԿ-ին՝ 4.770.000 դրամ, «Հենզել և Գրետել» ՀՈԱԿ-ին՝ 8.550.000, «Սուրբ Մարիամ» ՀՈԱԿ-ին՝ 4.116.000, «Գյումրու մանկիկ» ՀՈԱԿ-ին՝ 4.368.000, «Էյլիթիա» ՀՈԱԿ-ին՝ 9.000.000 դրամ, «Ձյունիկ» ՀՈԱԿ-ին՝ 13.248.000 դրամ, «Հուսո առագաստ» ՀՈԱԿ-ին՝ 13.824.000, «Երազանք» ՀՈԱԿ-ին՝ 5.256.000, «Անուլիկ» ՀՈԱԿ-ին՝ 8.736.000, «Զանգակ» ՀՈԱԿ-ին՝ տարեկան 6.570.000 դրամ գումար:
Ստացվում է, որպեսզի երեխաներն անվճար հաճախեն համայնքապատկան նախակրթարաններ, ընդհանուր առմամբ Գյումրու քաղաքապետարանը, բացի տարեկան նախակրթարաններին հատկացվող 488.830.400 դրամ գումարից, պետք է նաև փոխհատուցի համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների տարեկան ծնողական վարձավճարներն ամբողջությամբ: 21 նախադպրոցական ուսումնական հաստատության համար այդ թիվը կկազմի 189.468.000 դրամ գումար կամ Գյումրու բյուջեի 6 տոկոսը: Այսինքն, բացի քաղաքապետարանի՝ համայնքային ենթակայության նախակրթարաններին հատկացվող տարեկան գումարից, տարեկան ևս այս չափի գումար է անհրաժեշտ, որպեսզի երեխաներն անվճար հաճախեն համայնքային ենթակայության տակ գտնվող նախակրթարաններ: Այդ դեպքում նախակրթարաններին համայնքի կողմից տրվող գումարի չափը կկազմի 678.298.400 դրամ գումար, որը կկազմի քաղաքի բյուջեի 21.42 տոկոսը: Հիշեցնենք, Գյումրու բյուջեն 3.165.500.000 դրամ գումար է կազմում:
168.am-ը «Կոմպասս» հ/կ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Ղարիբ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է՝ Գյումրու բյուջեի որոշ ծախսեր կրճատելու հաշվին համայնքապատկան նախակրթարանները երեխաների համար անվճար դարձնել:
– Բավական լուրջ փոփոխություն է, այսինքն՝ դուք բյուջեի մեջ մոտ 6 տոկոսի փոփոխություն եք առաջարկում: Հնարավոր է, բայց պետք է հստակեցնել՝ ուրիշ ի՞նչ ծախսային մաս կարող եք կրճատել, որի հաշվին կավելանա նշված հոդվածը:
Եթե վերցնենք մեր քաղաքի բյուջեի հիմնական հոդվածները, դրանք, օրինակ՝ ՏԻՄ ապարատի պահպանությունն ու ճանապարհաշինությունն է:
Ինչքանով է իրատեսական այդ հոդվածների կրճատումը: Եթե տարեկան 40-80 միլիոնի մասին խոսք գնար, դա ուրիշ հարց է: Միջազգային պրակտիկայում այսպես է. 1-2 տոկոս փոփոխությունն էականորեն չի անդրադառնում բյուջեի կառուցվածքի վրա:
Բայց եթե խոսքը, ասենք, 6 տոկոսի մասին է, դա ենթադրում է բյուջեի լուրջ կառուցվածքային փոփոխություն: Ստացվում է՝ 6 տոկոս ծախս պետք է կրճատվի բյուջեի ինչ-որ տեղից, որպեսզի նախակրթարանում ծնողներից գումար չհավաքեն:
Իսկ նման փոփոխությունն իրատեսական չէ առանց եկամուտների ավելացման:
Դա կբերի, այսպես ասած, բյուջեի կառուցվածքի պայթյունի: Այլընտրանքային աղբյուր կարող է դիտարկվել, օրինակ՝ ԵՎԶԲ կողմից վերցված վարկերի հաշվին համապատասխան հոդվածներում ծախսերի կրճատումը, բայց քաղաքապետարանը պլանավորում է տնտեսված գումարներով այլ փողոցների ճանապարհաշինությունն իրականացնել:
Միակ ճանապարհը մնում է դիտարկել՝ այլ աղբյուրներից եկամուտների ավելացումը, օրինակ՝ նպատակային սուբսիդիաներ, սուբվենցիաների ստացում,- պարզաբանեց Ղ. Հարությունյանը:
Նշենք, որ ըստ Գյումրու քաղաքապետարանի ներկայացրած ցուցակի, նախադպրոցական ուսումնական հաստատություններից ամենամեծ թվով երեխաներ՝ 178 երեխա, հաճախում են «Արձագանք» ՀՈԱԿ, երեխաների համար ամենաշատ սննդի ծախսերն իրականացվում են «Փարոս» ՀՈԱԿ-ում:
Անդրադառնանք նաև նախակրթարաններում երեխաների սննդի համար հատկացվող գումարներին:
Ծնողական վարձավճարների մեծ մասը ծառայում են նախակրթարաններ հաճախող երեխաների համար սնունդ գնելուն, քիչ տոկոսն է հատկացվում կոմունալ ծախսերին:
Ի դեպ, նախակրթարաններում երեխաների սննդին հատկացվող գումարները բավական քիչ են, իսկ որպեսզի սննդի ծախսերն ավելի շատ լինեն, ապա ծնողական վարձավճարները պետք է թանկանան, իսկ սոցիալապես անապահով շատ ընտանիքներ առանց այն էլ դժվարությամբ են իրենց երեխաներին նախակրթարաններ ուղարկում:
2017 թվականին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության փորձագիտական խումբը ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի ծախսերի, հաստիքների, սաների թվի և բյուջեների վերլուծություն է իրականացրել: (Տե´ս այստեղ.):
Վերլուծությունն իրականացվել է՝ հիմք ընդունելով տարեկան 50 մլն դրամ և ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ) 2015, 2016 և 2017 թվականների ներկայացված բյուջեների և կատարված ծախսերի հաշվետվությունները, համայնքների ներկայացված տվյալները նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբերյալ (բացառությամբ՝ Երևան համայնքը):
Վերլուծությունը ցույց է տվել, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ սանի հաշվով սննդի միջին օրական ծախսերում առկա է էական տարբերություն՝ ըստ համայնքների՝ 52.7 դրամից մինչև 476.19 դրամ: Միջին օրական ծախսը մեկ սանի սննդի հաշվով ընդհանուր բոլոր համայնքների համար կազմում է 233.21 դրամ: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի օրական ծախսերը գրեթե 10 անգամ տարբերվել են՝ համայնքից համայնք, ինչպես նաև՝ դրանք էապես տարբեր են եղել միևնույն մարզի մեջ տարբեր մանկապարտեզներում:
85% հաճախելիության դեպքում մեկ սանի սննդի վրա միջին օրական փաստացի ծախսը (այսինքն՝ երբ հայտարարագրված գումարը բաշխվում է հաճախող սաների միջև) կազմել է՝ 274.36 դրամ, մինչդեռ սաների 100%-անոց հաճախելիության դեպքում՝ կլիներ 233.2 դրամ:
Վերլուծության մեջ նշված է՝ հաշվի առնելով մանկապարտեզներում հաճախելիությունը (եթե որպես թույլատրելի միջակայք վերցնենք [148.65, 317.77], այսինքն՝ 233.2-84.56–ից մինչև 233.2+84.56, որտեղ 84.56 ստանդարտ շեղումն է հայտարարագրված սաների թվի դեպքում), կունենանք, որ միջակայքից դուրս փաստացի ծախսող համայնքների թիվը 72-ն է, որից 58-ը փաստացի ծախսում են թույլատրելիից ավելի շատ, իսկ 14-ն՝ ավելի քիչ:
Այս դեպքում, եթե սահմանվի նշված [148.65, 317.77] միջակայքը, ապա խնայողությունները կաճեն 131.925.270 դրամով (112.136.479.5 դրամ, եթե հաշվի առնենք, որ խնայվելու է սաների 85 տոկոսի կտրվածքով), ծախսերը կաճեն 25.959.343.6 դրամով (22.065.442.1 դրամ, եթե հաշվի առնենք, որ խնայվելու է սաների 85%-ի կտրվածքով), տնտեսումը կկազմի105.965.926.4 դրամ (90,071,037.4 դրամ, եթե հաշվի առնենք, որ խնայվելու է սաների 85%-ի կտրվածքով):
Բացի այդ, նախորդ տարիներին ՀՀ-ում եղել են դեպքեր, երբ որոշ նախակրթարաններում սննդի կազմակերպումն իրականացվել է՝ հաշվի չառնելով կամ խախտելով սանիտարահիգիենիկ պայմանները, ինչի հետևանքով եղել են երեխաների թունավորման դեպքեր:
ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013թ. հրամանի համաձայն, նախակրթարանների երեխաների համար առողջ սննդի կազմակերպմանը և ճաշացուցակի կազմմանը մի շարք պահանջներ են ներկայացվում:
Այսպես, ամեն օր նախակրթարաններում, երեխաների յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը: Սննդային գործոնով պայմանավորված՝ զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում որոշ սննդամթերքներ:
Դրանք են՝ առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք, ձուկ` առանց անասնաբույժի կողմից տրված վկայականի, թռչուն՝ չմաքրած փորոտիքով, ձու` անլվա կճեպով, պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի, պիտանելիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով սննդամթերք, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ, կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ, և այլն:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սնունդը կազմակերպվում է՝ ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն երեխաների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
Անահիտ Սիմոնյան