Սեպտեմբերի 27-ին Շիրակի Պետական Համալսարանում կայացավ Կրթության և Գիտության նախարար Լևոն Մկրտչյանի,ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Նարեկ Հարությունյանի և սեպտեմբերի 25-ին ՀՀ նախագահին և վարչապետին Շիրակի Պետական Համալսարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին բաց նամակով դիմած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի հետ հանդիպում:
Հանդիպումից ժամեր անց «Առավոտ»-ի կայքում տեղադրվեց նախարար Լևոն Մկրտչյանի մեկնաբանությունը,որը շատ զարմացրեց մեզ…Նախ,պարոն նախարար,Դուք զարմացել էիք այն փաստից,որ “ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան” (այդ ուշ ժամին Ձեզ հետ հիմնականում հանդիպեցին պատմության բաժնի ուսանողները, այն դեպքում, երբ խնդիրն առավոտյան ռեկտորին ներկայացրել էին բոլոր մասնագիտությունների ուսանողները): Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնում ենք,որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում և նրան և՛ մենք, և ուսանողներն ասել էինք, որ խնդիրն համըդհանուր է:
Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել և այդ սխալ կարծիքի ուղղորդումը ռեկտոր Մինասյանի կողմից է, որպեսզի թիրախավորի նամակի հեղինակներին: Այդ խնդիրն ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում,որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ: Ինչո՞ւ չեք ասում, որ աններելի է համահամալսարանական հայոց պատմություն առարկայի դասավանդումը բոլոր բաժիններում ընդամենը մեկ կիսամյակում 32 ժամով. ոչ մի բուհ նման բան իրեն թույլ չի տվել:
Ամբիոնների ձևավորման պահով կարող ենք մի քանի խայտառակ փաստեր բերել: Ի՞նչ կասեք,եթե իմանաք,որ մեր ԲՈՒՀ-ում կա կենսաբանության,քիմիայի և աշխարհագրության միացյալ ամբիոն, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն և այդպես շարունակ: Ինչ վերաբերում է Ձեր գրադարան այցին,ապա տեղեկացնեմ,որ որպես նախարար պարտավոր էիք նաև այցելել գրապահոցներ ու այդ ժամանակ կտեսնեիք,որ դրանք գրեթե դատարկ են:
Մոտ 140 հազար կտոր գրականությունից լավագույն դեպքում մնացել է կեսը: Ի՞նչ ֆոնդերի ձևավորման մասին է խոսքը:
Պարոն Մկրտչյան, Դուք փորձո՞ւմ եք մեր բարձրաձայնած խնդիրները մեկնաբանել «անձնավորված» և «սուբյեկտիվ» լինելով:
Հետաքրքիր է, Ձեզ հետ հանդիպման ժամանակ մեր ներկայացված որոշ փաստեր Ձեզ շատ զարմացրեցին,իսկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դուք ինքներդ էիք առաջարկել նրանց դիմել դատախազություն դասապլանների ապօրինի և անօրինական փոփոխման հարցով,իսկ Ձեր մեկնաբանությունում հայտարարում եք «խորքային անլուծելի հարցեր չլինելու փաստից»:
Ասեմ,որ այդ քրեորեն պատժելի արարքի հեղինակը Սահակ Մինասյանն է: Մենք գիտենք,որ բոլոր հարցերն էլ իրենց լուծումն ունեն,սակայն երբ ռեկտորը մեկ տարվա մեջ, չարաշահելով իր դիրքը և մտածելով,որ անպատժելի է, բազմաթիվ կամայականություններ ու հանցագործություններ է գործում և պաշտպանվում է ԿԳ նախարարի կողմից, զավեշտ է…
Այսինքն՝ ՀՀ Բարձրագույն կրթության համակարգում գոյություն չունեցող «ինտեգրված» ուսուցում ներդրող ռեկտորը, խախտելով կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը (24-30 ժամ) և այն կամայական նվազեցնում է 12-ի ժամ` 50 % կրճատելով լսարանային ժամերի քանակը, վայելում է Ձեր հովանավորությունը…
Ձեր մեկնաբանության մեջ փորձում եք խեղաթյուրել ապօրինի ներդրված «ինտեգրված» ուսուցումը կուրսերի թերբեռնված լինելու հետ: Սակայն Դուք ինքներդ էլ լավ գիտեք,որ «ինտեգրված» ուսուցումով պարոն Մինասյանը միավորել է բակալավի առկա և հեռակա ուսուցման ծրագրերը,որն անօրինական է և խախտում է ԲՈՒՀ-ին տրամադրված լիցենզիան: Հետաքրքիր է,մեր բարձրաձայնած ո՞ր հարցերը հստակ չէին:
Ընդհակառակը, որոշ հարցերի վերաբերյալ կոնկրետ հրամաններ եք տվել,որ դրանք շուտափույթ ուղղվեն:Կոնկրետ՝ուսումնական պլաններն այսօրվանից արագ փոխել, որպեսզի ստուգումների ժամանակ խնդիրներ չլինեն:
Փորձում եք թաքցնել ռեկտորի անօրինականություններից մեկը մինչև համապատասխան հանձնաժողովի այցը ԲՈՒՀ, որը պետք է ուսումնասիրի ԲՈՒՀ-ում տեղ գտած և մեր կողմից բարձրաձայնված խնդիրները:Մեր բոլոր հարցադրումները եղել են հստակ և պահանջում են կոնկրտետ պատասխաններ:
Պատահական չէ,որ հենց Ձեզ չէինք դիմել բաց նամակով:Համոզված էինք, որ հինգ անգամ նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Մկրտչյանը չէր կարող անաչառ լինել 20 տարի Շիրակի մարզի կրթության ոլորտը ղեկավարած Սահակ Մնասյանի ապօրինությունների և անօրինականությունների հացերը բարձրաձայնելուն:Հիմա ՀՀ նախագահին և վարչապետին զեկուցելու եք, որ Շիրակի պետական համալսարանում անօրինականություններ չկան և ամեն ինչ շատ լավ է… Հետաքրքիր է, Ձեզ դեռ հավատո՞ւմ են:
Գագիկ Համբարյան
Հովհաննես Խորիկյան