ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ դարձած՝ Հերացի փողոցի թունելի մոտ տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ.Հերացի փ. թունելի սկզբնամասում Արմեն Արշակյանի վարած «Վոլվո» մակնիշի` «կռոն» կիսակցորդով ավտոմեքենան ընդհարվել է «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ բախվել է թունելի եզրակալներին եւ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից վարորդ Ա. Արշակյանը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության քննիչի կողմից կատարվել է դեպքի վայրի եւ վթարի մասնակից ավտոմեքենաների զննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի կիսակցորդը բեռնված է եղել սննդով եւ վթարի հետեւանքով պարկերը թափվել են տվյալ ճանապարհահատվածի երթեւեկելի մասում, դրա շրջակայքում:
Նախաքննության ընթացքում քննության առարկա են դարձել նաեւ դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը, որոնց համաձայն՝ մի կին դեպքի վայրից վերցրել է թափված մակարոնի պարկերից մեկը եւ անարգել հեռացել, իսկ դեպքի վայրում գտնվող ոստիկանության աշխատակիցները որեւէ գործողություն չեն ձեռնարկել՝ նշված կնոջ գործողությունները կանխելու, դեպքի վայրի պահպանությունը պատշաճ ապահովելու ուղղությամբ։
Երեկ միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել նկարագրված դեպքով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառները պարզելու եւ խախտումներ թույլ տված ծառայողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: