Առաջիկա երեք օրերի ընթացքում հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներիայի ոլորտում հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին, լսել նրանց հետաքրքիր առաջարկները: Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ տարեցտարի «ԴիջիԹեք»-ն ավելի ընդլայնվում է, առաջարկվում են նոր լուծումներ: «Սրա վառ ապացույցն այն է, որ ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 150 ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց լուծումները: «ԴիջիԹեք»-ի զարգացման ապացույցներից մեկը նաև այն է, որ դրան արդեն մասնակցում են տասնյակ արտասահմանյան ընկերություններ և համագործակցության եզրերը գնալով ընդլայնվում են»,- նշեց նախարարը:
Նա հավելեց, որ «ԴիջիԹեք»-ի շրջանակներում անցկացվելու են նաև գիտաժողովներ: «Արդեն պլանավորված է անցկացնել հայ-ճապոնական, հայ-կանադական և այլ գիտաժողովներ, որոնց ընթացքում քննարկվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և համագործակցության հեռանկարները»,- ասաց Վահան Մարտիրոսյանը:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը շեշտեց, որ իրենց ընկերության համար մեծ պատիվ է հովանավորել նման միջոցառումը, որն արդեն դարձել է տեխնոլոգիական տոն: «Արդյունքում այն լուծումները, որոնք այսօր արդիական են աշխարհի համար, ծնվում են նաև Հայաստանում: Սա շատ կարևոր քայլ է մեր երկրի համար և մեր փոքր ընկերությունների համար, որոնք կարողանում են ներկայանալ բարձր մակարդակով: Այս պահին գրեթե չկա ոլորտ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ներգրավման անհրաժեշտություն չկա: Մեր ընկերությունն այն ընկերություններից է, որը համագործակցության հարթակ է բացում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բոլոր փոքր և միջին ընկերությունների համար: Մեր կողմից նման միջոցառումը հովանավորելն արդեն ցույց է տալիս, որ մենք ցանկանում ենք ակտիվ ներգրավվածություն ունենալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ իր խոսքում նշեց, որ «ԴիջիԹեք»-ի շրջանակներում հետաքրքրված ընկերությունները պաշտպանության նախարարության հետ կքննարկեն տեխնոլոգիական ոլորտի և բանակի համագործակցության ձևաչափերը: «Մենք արդեն նախագծեր ենք մշակել, որոնք կներկայացնենք պաշտպանության նախարարությանը»,- ընդգծեց Վարդանյանը:
Նա շեշտեց, որ «ԴիջիԹեք» ցուցահանդեսը կազմակերպվում է Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր վերականգնելու գործում հասարակությանը կոնսոլիդացնելու համար:
«ԴիջիԹեք» ցուցահանդեսին այս տարի ակնկալվում է շուրջ 150 ընկերությունների և 70 հազար այցելուների մասնակցություն: Ներկա կլինեն մասնակիցներ և պատվիրակություններ Ճապոնիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Շվեդիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից և այլն: Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը և այլն:
Եռօրյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, նաև դպրոցականների նորարարական գաղափարներն ու տեխնոլոգիական լուծումները, շուկայի վերջին միտումներն ու նորարարությունները, կանցկացվեն գործարար հանդիպումներ, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ, տեղեկատվություն կներկայացվի թափուր աշխատատեղերի մասին:
«ԴիջիԹեք»-ն իրականացվում է 2005-ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: