«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությունը 2017 թվականին կրում է «Երևան՝ սիրո քաղաք» խորագիրը։ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ներկայացնելով Երևան քաղաքի հիմնադրման օրվա միջոցառումները, նշեց, որ հոկտեմբերի 14-ն ամբողջ օրը հագեցած է լինելու։
«Մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար այդ օրը կդարձնենք շատ հետաքրքիր։ Այս տարի 4 հիմնական բաղադրիչներով են առանձնանալու՝ տես Երևանը, լսիր Երևանի, զգա Երևանը, սիրիր Երևանը։ Սա մեր կոնցեպտուալ մոտեցումն է և բրենդավորման վերաբերյալ տարված աշխատանքը։ Այսուհետ մեր միջոցառումները կունենան իրենց խորհրդանիշները։ Ինչպես հայտնի է, բազմաթիվ ծրագրեր արդեն իսկ դարձել են ավանդական, շատ սպասված և սիրված են մեր հասարակության կողմից։ Դրանք այն բազմաժանր բեմահարթակներն են, որտեղ ջազը, ռոքը, բարդ երաժշտությունը, ազգագրական երգն ու պարը իշխում են»,- նշեց Երևանի քաղաքապետի տեղակալը։
Սուքիասյանը ներկայացրեց նաև «Մեկ կտավ Երևանիս» Երևան արտ միջոցառումը, որը տեղի է ունենալու Սարյանի անվան պուրակում։
«Այդ միջոցառման ընթացքում տեղի և հրավիրված նկարիչները համատեղ ուժերով կնկարեն մի կտավ և այդ մի քանի ժամվա աշխատանքը օրվա վերջում կնվիրաբերեն Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանին։ «Մարզական Երևան»-ն այս տարի կլինի Ազատության հրապարակում և ամենատարբեր մարզաձևերի ցուցադրական ելույթներով։ Կլինի նաև մշակութային ուղեկցություն։ «Ես ու Երևանս» մանկապատանեկան տոնական համերգը կանցկացվի խաչքարերի պուրակում, որը բավական բարեկարգ և գեղեցիկ այգի է Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Իրականացվելու է նաև «Խելացի Երևան» ծրագիր Թամանյանի արձանի հարևանությամբ, որտեղ կներկայանան տարբեր կրթարանների մեր խելացի պատանիները։ Նրանք կներկայացնեն իրենց մոտեցումներն ու մտահղացումները»,- տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուքիասյանը։
Հոկտեմբերի 14-ին անցկացվելու են նաև «Սիրով՝ Երևանիս» երիտասարդական ֆլեշ-մոբեր քաղաքի տարբեր հատվածներում և տարբեր ժամերի։ Նորամուծություններից է նաև օդագնացության միջազգային փառատոնի բացումը, որը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում. օդապարիկները տեղակայված են լինելու հրապարակի գորգի վրա։ Փառատոնը կտևի երկու օր։ Կարապի լճում կլինեն լուսանկարչական տաղավարներ, որտեղ բոլորը հնարավորություն կստանան նկարվել տարբեր տարազներով, Երևանյան տարբեր ժամանակաշրջանների զգեստներով, ինչպես նաև ավելի ժամանակակից աքսեսուարներով, մոդեռն դարձած տարազներով։
Երևան քաղաքի հիմնադրման օրվա բոլոր միջոցառումները ժամը 22:00-ին կամփոփվի տոնական հրավառությամբ։