Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ իրավիճակ «Արմենիա» բժշկական կենտրոնում. shamshyan.com

Ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները վնասազերծել են հիվանդասենյակում կրակոցներ արձակողին և փախուստի դիմած կալանավորին

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձը, ով ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Կալանավորին հսկող Ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող ինչ-որ ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից։

Այս պահին հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Ոստիկանության Մաշտոցի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում փախուստի դիմած կալանավորի և ինքնաձիգով կրակոցներ արձակած ոստիկանների կողմից վնասազերծվածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com