Ավտոբուսի չափի աստղակերպը հոկտեմբերի 1-ին անցել է Երկրից համեմատաբար փոքր հեռավորության վրա՝ չստեղծելով նրա հետ բախվելու սպառնալիք:
Այդ մասին հայտնել են NASA-ի Երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնի աշխատակիցները, որը գտնվում է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:
Ինչպես նշվում է Կենտրոնի կայքում, աստղակերպը, որին տրվել է 2017 SX17 անվանումը, ունի մինչև 14 մետր երկարություն: Այն Երևանի ժամանակով ժամը 14:20-ին Երկրին մոտեցել է մինչև 87 հազար կմ տարածությամբ՝ գտնվելով մոլորակի և Լուսնի միջև, որը մեր մոլորակից հեռու է 384 հազար կմ:
Այդ աստղակերպը հայտնաբերվել էր միայն սեպտեմբերի 24-ին: Գիտնականների հաշվարկների համաձայն՝ այն Արեգակի շուրջը մեկ պտույտը կատարում է 467 օրում:
NASA-ի մասնագետները ներկայում մեծ հետաքրքրությամբ հետևում են մեկ այլ աստղակերպի՝ 2012 TC4-ի մոտենալուն, որը Երկրի մոտով կսուրա հոկտեմբերի 12-ին 43,5 հազար կմ հեռավորության վրա: Տիեզերական մարմնի տրամագիծը կարող է կազմել 12-ից մինչև 27 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: