Կարագի գնի բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:
Նա նշեց, որ քանի որ մեր երկրում հիմնական սպառվող կարագը նորզելանդական կարագն է, իրենք դիտարկումներ են իրականացնում այս կարագի մասով: Նրա խոսքով՝ 2016 թվականի սեպտեմբերից սկսած մեր երկրում կարագի վաճառքի գների շարունակական աճ է նկատվել, ու այդ գնային բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկաներում տեղի ունեցող զարգացումներով:
«Այս գնային բարձրացումը միայն մեր երկրում չի դիտարկվում, աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարագի գների բարձրացում է նկատվում: Նոր Զելանդիայից արտահանող հիմնական ընկերությունների, այդ թվում՝ «Ֆոնտերա» ընկերության պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կարագի միջազգային գներն աճել են ավելի քան 130 տոկոսով: Սա բացառիկ գնային բարձրացում է: Նույն ժամանակահատվածում մեր երկրում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են ընդամենը 44-50 տոկոսով: Նախկինում եթե կարագի մանրածախ վաճառքի գինը շուրջ 2600 դրամ էր, այս պահի դրությամբ կազմում է 3800-4000 դրամ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով կարող եմ նշել, որ նույնիսկ մեր երկրում կարագի գների բարձրացումն անհամեմատ ավելի քիչ է, քան միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային բարձրացումներն են»:
Գ. Ալավերդյանն ասաց, որ այս պահի դրությամբ կարագի գների բարձրացման հետ կապված ոչ ադեկվատ գնային փոփոխություններ իրենք չեն բացահայտել. «Ավելին, շարունակում ենք հետևել այս շուկայում տեղի ունեցող զարգացումներին, և կապված առաջիկայում տեղի ունեցող փոփոխությունների հետ` հանձնաժողովը լրացուցիչ հաշվարկներ կիրականացնի և համապատասխան պարզաբանումներով հանդես կգա»:
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում կարագն ավելի թանկանա, Գ. Ալավերդյանն այսպես պատասխանեց. «Առաջիկայում գնային փոփոխությունների հետ կապված որևէ կանխատեսում անելը տեղին չէ, դժվար է, որովհետև այդ գնային փոփոխությունները կախված են նրանից, թե ընկերություններն ինչ գներով ձեռք կբերեն կարագը, և այդ կարագի ձեռքբերման գներն ինչպես կփոխվեն: Թե առաջիկայում միջազգային շուկաներում ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան, կանխատեսելն անհնար է, դա կախված է մի շարք գործոններից, մասնավորապես՝ արտահանման երկրներում բերքատվության, արտադրման ծավալների, առաջարկի, պահանջարկի փոփոխություններից: Առավել ևս, անհնար է կանխատեսել, թե դա ինչ ազզդեցություն կունենա Հայաստանի վրա մի քանի ամիսների կամ տարիների կտրվածքով»:
Հարցին էլ, թե դրսում թանկացումն ինչո՞վ է հիմնավորվում՝ Գ. Ալավերդյանը պատասխանեց, որ ըստ իրենց տվյալների՝ այդ գնային հիմնական բարձրացումները պայմանավորվում են այն հանգամանքով, որ հիմնական արտահանման երկրում՝ Նոր Զելանդիայում, կաթնատվության ցուցանիշների փոփոխություն է տեղի ունեցել. «Այսինքն՝ արտադրվող կաթի ծավալն էականորեն կրճատվել է, ինչը հանգեցրել է կարագի գների նկատմամբ առաջարկի նվազեցման և պահանջարկի ավելացման: Այդ ֆոնում գնային բարձրացում է տեղի ունեցել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Անի Քեշիշյան