«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ հեռախոսազրույցի ընթացքում ռուսաստանաբնակ հայ բարերար, գործարար, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սամվել Կարապետյանը հայտնել է առաջիկա անակնկալի մասին, որ գործարարն անելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնի ժամանակ:
Հեռուստամարաթոնն ավանդաբար անցկացվելու է նոյեմբեր ամսին, եւ այս տարի հանգանակված գումարը նպատակաուղղվելու է Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաեւ՝ արեւային էներգիայի կիրառման ծրագրերին:
Ինչպես հայտնի է, գործարար Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գլխավոր նվիրատուներից է, ութ տարի է՝ նա հոգաբարձուների խորհրդի կազմում է եւ խոշոր նվիրատվություններ է կատարում հիմնադրամին: