Հայ-ռուսական բանկերը ամերիկյան Wannacry վիրուսի հարձակման հիմնական թիրախն են եղել, կարծում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ռուսաստանում Wannacry վիրուսի`վերջերս տեղի ունեցած հարձակման հետևանքները նվազեցնելու հարցում օգնեց Հայաստանի մասնագետների հետ համատեղ մշակված համակարգչային հարձակումների հետևանքների բացահայտման, կանխարգելման և վերացման պետական համակարգը, որը գործում է 2013 թվականից։ Այսօր այս մասին հայտարարել էր Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորոտնիկովը Կրասնոդարում։
«Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԴԾ-ի և հայկական հատուկ ծառայությունների միջև, հայտնի չէ։ Այն, որ ՌԴ-ում կիբեռհարձակումը օգնել են կասեցնել հայ մասնագետները, նշանակում է, որ հաքերների թիրախը հայ-ռուսական բանկերն էին», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով` հայ և ռուս մասնագետները միասին հակազդել են ընդհանուր վտանգին։ Հակառակ դեպքում Ռուսաստանի բանկերն օգնության համար չէին դիմի Հայաստանին։
Wannacry-ն ամենահզոր ու վտանգավոր վիրուսներից է համարվում։ Ներթափանցելով համակարգչի մեջ` տարածվում է լոկալ ցանցով։ Հիմնականում նախատեսված է ցանցերն արգելափակելու և ընկերությունների գործունեությունը խաթարելու համար։
«Wannacry-ն գաղտնագրում է ֆայլերը և արգելափակում դրանց տվյալները օգտատերերի համար` համակարգչի վրա «փրկագին» պահանջելու մասին հաղորդագրություն թողնելով», — ասաց Մարտիրոսյանը։
Համակարգչային համակարգի վարակումից խուսափելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար թարմացնել օպերատիվ համակարգը և հակավիրուսային ծրագիրը։
Wannacry զանգվածային կիբեռհարձակումը, որը զանգվածային բնույթ էր կրել այս տարվա մայիսին, ընդհանուր հաշվով վնասել է 150 երկրի ավելի քան 200 հազար համակարգիչ։ Ցանցահենները կիրառել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության մոդիֆիկացված ծրագիրը։