Ողջ ուսուցչական կազմը և աշակերտները հրաժարվում են դասերից
Այսօր արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում։
Արթիկ քաղաքի թիվ 7 ավագ դպրոցի ողջ ուսուցչական կոլեկտիվը աշակերտների հետ միասին գործադուլ և դասադուլ են հայտարարել՝ կապված դպրոցը փակելու որոշման հետ։ Կառավարության որոշմամբ՝ թիվ 7 ավագ դպրոցը պետք է միանա թիվ 3 ավագ դպրոցին, ինչին դեմ են նշված դպրոցի և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։ Այդ կապակցությամբ այսօր նշված դպրոց էր ժամանել ՀՀ գիտության և կրթության նախարարության ներկայացուցիչը։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Արշակյանը պարզաբանեց, որ մասնագետների եզրակացությամբ՝ դպրոցը սեյսմակայուն վիճակում չէ, չնայած որ կառուցվել է 1988-ի երկրաշարժից հետո և ավելի նոր է, քան թիվ 3 դպրոցը։ Հավելեց, որ ոչ բարվոք վիճակում գտնվող տանիքից ձյունն ու անձրևաջրերը լցվում են դասասենյակները և նման պայմաններում անհնարին է դասեր անցկացնելը։
Իսկ 100 աշակերտի համար ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցը պահելը հնարավոր չէ ֆինանսական առումով։ Հավելեց, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ 2018-2019 թվականներին 3-րդ դպրոցը վերանորոգվելու է և ստեղծվելու են համապատասխան պայմաններ, ինչին հակադարձեցին թիվ 7 դպրոցի ուսուցիչները՝ ասելով, որ քանի որ թիվ 3 ավագ դպրոցն ավելի հին շենք է, այդ դեպքում ինչո՞ւ չվերանորոգել իրենց դպրոցը։ Դիտարկմանը, ոթ ինչ է լինելու դպրոցի ուսուցիչների հետ, գործազո՞ւրկ են դառնալու, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ նրանք կտեղափոխվեն աշխատելու թիվ 3 դպրոցում, բացի թոշակառուներից։