Առաջին Diaspora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում
Advertisement 1000 x 90

Առաջին Diaspora Dialogues քննարկումները կանցկացվեն Հայաստանում

Հայաստանում տեղի կունենան առաջին Diaspora Dialogues քննարկումները, որը տարբեր ազգերի սփյուռքի առաջնորդների հավաք է: Քննարկումները, որոնք կազմակերպվել են Common Purpose առաջնորդության զարգացման կազմակերպության կողմից՝ UWC Dilijan քոլեջի հետ համագործակցությամբ և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ, կանցկացվեն հոկտեմբերի 8-10-ը Դիլիջանում և Երևանում:

«Ողջ աշխարհով մարդիկ բարդ խնդիրների ականատես են լինում. այդ խնդիրները սահմաններ չունեն: Դրա համար էլ մենք ունենք առաջնորդների կարիք, որոնք կարող են գործել սահմաններից դուրս: Diaspora Dialogues-ը եզակի հնարավորություն է համախմբելու բացառիկ առաջնորդների, որոնք իրենց ողջ կյանքի ընթացքում գործել են՝ հաղթահարելով սահմանները: Սա չափազանց ոգևորող է», – ասաց Common Purpose կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջուլյա Միդլթոնը:

Diaspora Dialogues-ի մասնակիցները ծագումով տարբեր երկրներից են և ունեն բազմազան  փորձառություններ: Նրանք կրթության, գործարարության, բարեգործության, նորարարության բնագավառների, քաղաքացիական հասարակության և հումանիտար կազմակերպությունների ներկայացուցիչներ են:

«Պատահական չէ, որ առաջին Diaspora Dialogues-ն անցկացվում է UWC Dilijan քոլեջում, որովհետև այն ապագա առաջնորդների կենտրոն է, որոնք տարբեր համայնքների համար դառնում են կամուրջներ և պայքարում են աշխարհում բաժանարար գծերի դեմ: Մենք ողջունում ենք սփյուռքի առաջնորդներին UWC Dilijan-ում՝ վստահ լինելով, որ ներկայացնելով մեր փորձն ու գիտելիքները, մենք կկարողանանք ստեղծել և զարգացնել նոր գաղափարներ, որոնք հնարավոր կլինի գործնականում կիրառել», – ասաց UWC Dilijan քոլեջի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը:

Երեք օրվա ընթացքում Diaspora Dialogues-ի մասնակիցները, այդ թվում՝ UWC Dilijan-ի ուսանողները, միմյանց կներկայացնեն գաղափարներ, ռազմավարություններ և ոգեշնչող պատմություններ: Քննարկումներին «բանախոսներ» չեն լինելու, որովհետև հենց մասնակիցներն են ապահովելու բովանդակությունը:

Ակնկալվում է քննարկումների արդյունքում առաջացած գաղափարներն ու մտքերը ներկայացնել ավելի մեծ լսարանի՝ բլոգի, էսսեների կամ գրքի տեսքով, զարգացնելու սփյուռքի առաջնորդների հաջորդ սերնդին, ինչպես նաև հիմնել համերաշխության ցանց՝ սփյուռքի տարբեր համայնքների միջև:

auroraprize.com