Ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Երևանում 21-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել շորթում կատարելու մեջ: Դատարանը վճռել է նրան դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ՝ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 3 տարի ժամկետով փորձաշրջան:
Ամբաստանյալի նկատմամբ ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
21-ամյա աղջկան նախաքննության ընթացքում ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ շորթմամբ տղամարդու զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, Երևանում իր բջջային հեռախոսով տղամարդուց գաղտնի տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և նշված վարկաբեկող տեսանյութերը տղամարդու կնոջը և այլ անձանց հրապարակելու սպառնալիքով՝ նրանից մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 դոլար գումար, որից մի մասը ստացել է, իսկ մյուս մասը տղամարդը հրաժարվել է տալ:
Արագացված դատական քննություն
Ըստ դատական ակտի` մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով` հայտարարելով, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու բնույթն ու իրավական հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և ընդունում է այն ամբողջ ծավալով: Դատական նիստի ընթացքում տուժող տղամարդը հայտարարել է, որ ամբաստանյալի կողմից փոխհատուցվել է իրեն պատճառված վնասը, վերջինիս նկատմամբ բողոք և պահանջ չունի և չի առարկում դատական քննության արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ:
Դատարանը գտել է, որ սույն քրեական գործի քննությունը պետք է անցկացնել արագացված դատական քննության կարգով: