Երեխայի հարմարումը դպրոցին. Հարց հոգեբանին
Advertisement 1000 x 90

Երեխայի հարմարումը դպրոցին. Հարց հոգեբանին

Չնայած ուսումնական կիսամյակն արդեն իր բնականոն երթն է սկսել, և բազմաթիվ երեխաներ առաջին անգամ են ոտք դրել դպրոց, այնուհանդերձ, կան արդիական խնդիրներ, որոնք ծնողների համար մտահոգվելու և լարվելու պատճառ են հանդիսանում: Նմանատիպ խնդիրների հետ բախվում են հիմնականում նախադպրոցականների ծնողները, որոնք ունեն մեծ առաքելություն, այն է՝ երեխային առաջին անգամ ճանապարհել դպրոց և դա անել այնպես, որ երեխան ցանկանա շարունակաբար հաճախել: Այս խնդրին ես անդրադարձա, երբ ընթերցեցի մի ծնողի հաղորդագրություն, ով ինձ դիմել էր հարցմամբ: Որպես մանկական հոգեբան՝ ծնողին տալով համապատասխան տեղեկատվություն հարցման շուրջ, հասկացա, թե որքան ծնողներ բախված կլինեն նմանատիպ խնդրի հետ և կցանկանան լուծման որոշակի ճանապարհներ գտնել: Ստորև ներկայացնում ենք հարցը.

«Բարև Ձեզ, տղաս 5 տարեկան է, և մենք առաջին անգամ պետք է գնանք դպրոց: Առաջին իսկ օրվանից, մեկ ժամ գտնվելով դպրոցում, երեխաս սկսեց լաց լինել, ցանկանում էր տուն գնալ: Իսկ հաջորդ օրը ընդհանրապես հրաժարվում էր տանից դուրս գալ: Խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ, ի՞նչ անեմ, որ կարողանամ նրան համոզել գնալ դպրոց»։

Նախ, մի փոքր անդրադառնանք տարիքային առանձնահատկություններին, քանի որ, եթե մենք չտեղեկանանք, թե տվյալ տարիքին ինչպիսի հոգեբանական և վարքային առանձնահատկություններ են բնորոշ, մենք չենք կարող հասկանալ թե՛ երեխային, թե՛ նրա առաջադրած պահանջները:

Նախադպրոցական տարիքի հոգեբանական առանձնահատկությունները

Նախադպրոցական տարիքում արդեն առկա է ձևավորված ԵՍ, ինքնուրույնության սահմաններ, սեփական պահանջները ներկայացնելու ունակություն, խաղային գործունեության կարևորում, լավի-վատի տարանջատում, սեռական նույնականացման գիտակցում, դերային որոշակի հմտությունների տիրապետում, և այլն:

Կարևորն այն է, որ մենք այս տարիքի երեխային վերաբերվենք՝ որպես անձի, անհատի, ով ունի իր պահանջներն ու սեփական պատկերացումներով կառուցած աշխարհը, որի հիմնաքարը խաղն է, քանի որ խաղն իրական կյանքի մոդելն է երեխաների սոցիալականացման գործընթացում: Նախադպրոցական տարիքը հիմնականում տարանջատում են կրտսեր և ավագ ենթախմբերի՝ ըստ տարիքային պատկանելության: Մեզ հուզող խնդիրը հանդիպում է ավագ նախադպրոցականների մոտ:

Ավագ նախադպրոցական տարիքը՝ հինգից յոթ տարեկան, ունի մի քանի առանձնահատկություն: Այդ առանձնահատկություններն արտահայտվում են գիտակցության, հուզական և վարքային մակարդակների փոփոխություններով: Երեխան, դեռ հոգու ներսում ցանկանալով խաղալ, սկսում է ուսումնական գործընթացի մեջ ներառվել: Նա պետք է հստակ տեղեկատվություն յուրացնի, դրսևորի կամային ներուժ և հատկացված ժամանակահատվածն անցկացնի դասասենյակում, որտեղ կա ուսուցիչ, ով հրահանգներ է տալիս: Պետք է սովորի աշխատել, աշխատել՝ տեղեկատվություն յուրացնելով:

Այս ամենը մեծ սթրես է մի փոքրիկի համար, ով մեկ ամիս առաջ դեռ իր երևակայական խաղերն էր խաղում, և միակ ղեկավարն ու կարգադրիչը նա էր: Կարելի է ասել, որ սա անցումային տարիք է՝ խաղից՝ ուսուցում, երեխայից՝ դպրոցական:

Անդրադարձ հարցին

Յուրաքանչյուր ծնող, ով առհասարակ բախվել է հարցի մեջ բարձրաձայնված խնդրին, պետք է առաջին հերթին ինքն իր վրա աշխատի՝ հաղթահարելով մի շարք մտավախություններ.

Երեխան իրեն լա՞վ կդրսևորի, թե՞ ոչ:

Հանկարծ իրեն վատ դրության մեջ չգցի:

Լաց չլինի, իրեն պահի մնացած երեխաների նման, որոնց համարում են «նորմալ»:

Առաջին իսկ օրից ձևավորված դիրքորոշում, որ ամենալավը պետք է իր երեխան սովորի:

Նմանատիպ մտքերը հասարակական կարծիքի գերության ակնհայտ դրսևորումներ են, որոնք միանգամից անդրադառնում են երեխայի հուզական վիճակի վրա: Յուրաքանչյուր ծնող, երեխային դպրոց ուղեկցելիս, պետք է քաջալերի, հավատ ներշնչի, որ նրա ցանկացած քայլ, լինի դա լաց կամ դպրոց հաճախելու մերժում՝ կըմբռնվի ծնողի կողմից, իհարկե՝ տանը քննարկելու խոստմամբ:

Կա մի պարզ ճշմարտություն, լինի մեծահասակ թե երեխա, մարդը միշտ նոր միջավայրին, նրանից բխող պահանջներին պետք է հարմարվի: Նմանատիպ փուլով անցնում են նախադպրոցականները, երբ առաջին անգամ գնում են դպրոց: Կան մի քանի քայլեր, որոնք ծնողի համար կծառայեն՝ որպես փոքրիկ հուշումներ՝ երեխայի այդ հարմարման փուլն առավել իրական և տրամաբանական դարձնելու համար: Դրանք հետևյալն են.

  1. Մինչ դպրոց գնալը, դեռ մի քանի ամիս առաջ սկսեք երեխայի հետ խաղալ դերային խաղեր՝ կապված դպրոցի հետ:
  2. Պատմեք ձեր դպրոցական կյանքից դրվագներ և՛ զավեշտալի, և՛ պատասխանատու:
  3. Մարզեք երեխայի կամային ունակությունները՝ խաղի մեջ տալով առաջադրանքներ, որոնց իրականացումն ունենա ժամանակային սահմանափակում:
  4. Հաճախ զբոսնելիս դպրոցների կողքով անցեք՝ մեկնաբանելով երեխաների վարքը, ինչը հաստատ երեխայի մեջ այնտեղ հաճախելու ցանկություն կառաջացնի:

Ի վերջո, եթե երեխան իրեն զգա ընդունված, գնահատված սեփական ծնողի կողմից, և վստահ լինի ամեն վայրկյան աջակցման արտահայտման մեջ, նա պատրաստ կլինի հաղթահարելու ամեն դժվարություն:

Կամիլա Խաչատրյան   

Հոգեբան