«Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Արեգա Հակոբյանն ասաց, որ Հայաստանում հաշվառված է հոգեկան հիվանդություն ունեցող 52 հազար 129 անձ, որոնցից 19 հազար 736-ը Երևանից են:
«Հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց թվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որտեղ հաշվառված է 5000 հիվանդ»,- ասաց նա:
Հանրապետության գլխավոր հոգեբույժի խոսքով, Հայաստանում հոգեկան առողջության խանգարման հիմնական պատճառները երեքն են` սթրեսը, գենետիկան և սոցիալական պայմանները: «Հոգեկան հիվանդություն ունեցող անձինք պետք է գտնվեն հսկողության տակ, այլապես նրանց մոտ հիվանդությունը սրացման փուլ կմտնի, և նրանք կարող են վտանգ հանդիսանալ հանրության համար»,-ասաց նա՝ հավելելով, որ կախված հիվանդության տեսակից , պատճառից և ընթացքից, այն կարող է լիովին բուժվել:
Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվում է 1922 թվականից։ Այն հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ Օրվա հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: