armtimes.com-ի խմբագրությունն ընթերցողներից հեռախոսազանգեր է ստանում, որոնք հետաքրքրվում են, թե ինչպես է իրեն զգում ամիսներ առաջ Երևանում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած միակ փոքրիկը:
Աղջնակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոզին իրեն լավ է զգում, առողջական խնդիրներ չունի, մեծանում է: Շուտով նա կբոլորի կես տարին:
Երեխան այժմ կշռում է մոտ 5 կգ: Ծնողները շարունակում են ամեն ամիս նրան տանել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ծննդատուն)՝ բուժզննության ենթարկվելու: Վարդան Կարապետյանն ասաց, որ դա ընդամենն ապահովության համար է:
Մեծամորում բնակվող երիտասարդ ընտանիքում մայիսի 3-ին հնգյակ էր ծնվել: Հայաստանի համար դա աննախադեպ երևույթ էր: Երեխաները, սակայն խորը անհասություն ունեին, կշռում էին 650-950 գրամ, և նրանցից չորսը, ցավոք, չկարողացան հաղթահարել կյանքին սպառնացող վտանգը:
Ռոզիի հայրը նաև տեղեկացրեց, որ արդեն տեղափոխվել են իրենց նոր բնակարան: Այն նրանց նվիրաբերել էր Մայր Աթոռը: Ընտանիքը մինչ այդ ապրում էր Մեծամորի հանրակացարանում՝ ամուսնու հարազատների հետ միասին: Երեխաների ծնվելուց հետո նրանց օգնության ձեռք մեկնեցին նաև տարբեր գործարարներ: